Դժվար է պատկերացնել շոգ ամառն առանց սառը և զովացնող պաղպաղակի: Միջին  հաշվարկներով ամռանը 1 շնչին բաժին է ընկնում 3-4 կգ պաղպաղակ: Սակայն քչերը գիտեն, թե ինչ են իրականում ձեռք բերում «պաղպաղակ» անվան տակ: Շատ արտադրողներ պաղպաղակի բաղադրության մեջ օգտագործում են կաթի փոշի, կաթնային սպիտակուցներ, շաքարի փոխարինիչներ, անուշաբույր նյութեր, կայունացուցիչներ (հիմնականում E 466, որի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման): Ինչպես նաև կիրառվում են բազմաթիվ մարքետինգային հնարներ՝ վիզուալ խաբկանք առաջացնելով սպառողի մոտ:
Անվտանգ և որակյալ պաղպաղակ գնելու համար նախ պետք է անպայման ուշադրություն դարձնել մակնշմանը (եթե իհարկե գործ ունենք բարեխիղճ տնտեսվարողի հետ): Նախընտրելի է,  որ բաղադրության մեջ բացակայի բուսայուղը, որովհետև վերջինիս օգտագործման պարագայում մենք արդեն ձեռք կբերենք ոչ թե պաղպաղակ, այլ բուսական պաղպաղակ. ի դեպ, շատ երկրներում նույնիսկ արգելված է բուսայուղի օգտագործումը, կամ դրված են որոշակի սահմանափակումներ, օրինակ Ուկրաինայում մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքում արգելված է բուսայուղի օգտագործումը: Քանի որ մեր երկրում արգելված չէ բուսայուղի օգտագործումը պաղպաղակի բաղադրության մեջ, շատ արտադրողներ օգտագործում են այն՝ թեկուզ մեկ պարզ պատճառով, այն ավելի էժան է, քան կարագը: Սակայն անգամ օգտագործելու պարագայում պարտադիր է, որպեսզի այդ մթերքը վաճառվի որպես բուսական պաղպաղակ. ընդ որում, բուսայուղի տոկոսն էլ մակնշված լինի բաղադրության մեջ: Որակյալ և անվտանգ պաղպաղակը պետք է ունենա հաճելի համ (ուտելիս պետք է զգացվի կաթի և կարագի առկայությունը), պաղպաղակի մեջ չպետք է լինեն սառույցի կտորներ, ինչպես նաև այն պետք է հալչի շատ դանդաղ և ծորա: Պաղպաղակի գույնը ոչ թե սպիտակ է, այլ կաթնագույն:
Պաղպաղակի վերաբերյալ այսքան տեղեկատվություն ունենալուց հետո դժվար թե հեշտությամբ գտնեք Ձեր ցանկացած պաղպաղակը: Սակայն դա էլ հոգ չէ, քանզի համեղ, անվտանգ և որակյալ պաղպաղակ կարող եք պատրաստել ինքներդ:

Բնական, համեղ, անվտանգ և որակյալ պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
Կաթ՝ 1 լիտր (կամ խտացրած կաթ)
Կարագ՝ 100 գրամ
Շաքարավազ՝ 2 բաժակ
Կրախմալ (նախընտրելի է տնային պայմաններում պատրաստված)՝ 1 թեյի գդալ
Ձվի դեղնուց՝ 5 հատ

Պատրաստման եղանակը:

Կաթը լցնում եք թավայի մեջ, դնում գազօջախին և անմիջապես ավելացնում կարագը: Թողնում եք, որ կաթը եռա, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշ տարայի մեջ հարում եք շաքարավազը, կրախմալը և ձվի դեղնուցներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին աստիճանաբար ավելացնում եք կաթ այնքան, մինչև ստացվի թթվասերի խտությամբ զանգված: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում եք եռացող կաթին և սպասում, մինչև նորից եռա: Գազօջախի վրայից վերցնելուց հետո տարան տեղադրում ենք սառը ջրով լի թասի մեջ և խառնում այնքան, մինչև սառչի: Գրեթե պատրաստի պաղպաղակը տեղադրում եք սառնարանի մեջ (ցանկության դեպքում կարող եք նաև ձևավոր տարայով տեղադրել) և սպասում այնքան, մինչև պնդանա և սառչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել