
1in.am-ը գրում է.
Օգոստոսի 8-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը (ծնվ. 1991թ.), նախնական տվյալներով, մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից պաշտպանվող տարածքում: Տղան արդեն Բաքվում է, և ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և Հակոբի հանդիպումը: Կարմիր խաչի ներկայացուցիչները կճշտեն Հակոբից՝ ցանկանո՞ւմ է Հայաստան վերադառնալ, թե՞ տեղափոխվել մի երրորդ երկիր:
Օգոստոսի 8-ի գիշերը տեղի ունեցածի շատ հանգամանքներ դեռ պարզ չեն, և տեղեկությունները, թե Հակոբը տեսողական խնդիրներ է ունեցել, ճիշտ են որոշակի առումով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի ազգական Նորիկ Ինջիղուլյանն ասաց, որ Հակոբն օպտիկական ակնոցներ է կրել նախկինում, բայց տեսողական խնդիրներն այնքան խորը չեն եղել, որպեսզի ԶՈւ-ում ծառայելուց ազատվեր: Ըստ նրա՝ նույնիսկ ծառայության ընթացքում այդ խնդիրներն իրենց մասին զգացնել չեն տվել, ուստի սահմանի մոտ տղայի մոլորվելը չպետք է կապել տեսողական խնդիրների հետ: Պարզապես մոլորվել է՝ ըստ Նորայր Ինջիղուլյանի, թեև մանրամասներն իրենց էլ հայտնի չեն:
«Առաջին իսկ օրը դիմել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ, ամեն ինչ խոսել ենք, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, մեզ ասել են, որ պարզապես Ադրբեջանում հանգստյան օրեր են, երկուշաբթի-երեքշաբթի նոր պատասխան կլինի: Իրենք ամեն ինչ գիտեին, լավ ընդունեցին, բացատրեցին, ասացին, որ հույսեր կան, և ամենալավն այն է, որ Ադրբեջանում չեն հրաժարվում, որ երեխեն իրենց մոտ է: Կարմիր խաչն ու ՊՆ-ն հույս են տալիս, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Նորայր Ինջիղուլյանը:
Վերջինս ասաց, որ բացառված է այն տարբերակը, որ Հակոբը ծառայությունից փախչելու նպատակով հատած լիներ սահմանը, քանի որ հաճույքով է անցել ծառայության և հաճույքով էլ ծառայել, ընտանիքն էլ վերջին անգամ Հակոբի հետ խոսել է երեքշաբթի օրը, և նրա տրամադրությունը նորմալ է եղել:
«Ինչ վիճակի կլինի էն ընտանիքը, որի երեխեն ադրբեջանցիների մոտ լինի: Չգիտենք՝ անհույս վիճակ է, բայց համ էլ սպասումների մեջ ենք»,- ասաց Նորայր Ինջիղուլյանը: