Քիչ թանաք չի ծախսվել՝ Սթիվ Ջոբսին գովաբանություններ ձոնելու համար, սակայն Ջոբսն ու «Apple»-ը հետաքրքիր են ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իրենց նվաճումներով: Այս երկու անունները դարձել են կրոնի ալեգորիկ արտահայտում՝ տեղեկատվական այս դարաշրջանում: Դրանք դարձան ևս մեկ ապացույց, որ պատմության ընթացքում կրոնի հանրային ընկալման փոփոխությունները կախված են եղել տեղեկատվության տարածման միջոցների զարգացումից: Ասել է թե` երբ փոխվում են հաղորդակցության գերիշխող միջոցները, փոփոխվում են նաև կրոնական հավատի սահմանները, իսկ ցանկացած նման փոփոխություն ծնում է նոր առասպելաբանություն ստեղծելու անհրաժեշտություն:

Կա մի հին եգիպտական առասպել, որտեղ խոսվում է մետաֆիզիկական հայացքների և տեղեկատվության փոխանցման միջոցների մշտական կապի մասին: Եգիպտական աստված Տևտուսը մի անգամ այցելում է Թասմուս արքային, որպեսզի ցույց տա վերջինիս, որ գրականությունը «եգիպտացիներին կդարձնի ավելի իմաստուն և կկատարելագործի նրանց հիշողությունը»: Թամուսն իր հերթին պատասխանում է Տևտուսին, որ նրա հավատն առ գրերը խանգարում են, որպեսզի նա նկատի նաև դրանց թերությունները: Ըստ արքայի` գրերը չեն բարելավում հիշողությունը, այլ ընդհակառակը՝ թուլացնում են այն, որովհետև աշակերտները այլևս չեն աշխատում շատ բան հիշել՝ իմանալով, որ միևնույն է, անհրաժեշտ տեղեկատվությունը մի տեղ գրված կա: Բացի դրանից` գրերը աշակերտներին ուղղակի հաղորդակից են դարձնում գաղափարների՝ թույլ չտալով, որպեսզի նրանք ինքուրույն եզրահանգումներով հանգեն դրանց, որը բերում է ոչ թե իրական գիտելիքների ձեռքբերման, այլ «իմաստության տեսանելիության»:

«Apple»-ի պատմության մեջ տեխնոլոգիական արժեքների գովաբանությունը նույնպես նմանատիպ պատասխան է պահանջում, որովհետև դրանք դարձել են ֆաուստյան գործարքի մաս, քանի որ տալով շատ բան` նաև վերցնում են շատ բան: Այսպիսով, Թամուս արքայի կողմից նկարագրված իրավիճակին ականատես եննք լինում թվայնացված տեսքով:

Սակայն Ջոբսը փորձեց լուծում գտնել այս պարադոքսին: Նա պնդում էր, որ տեխնոլոգիաները մարդկային իմացությունը զարգացնելու միջոց պետք է լինի, ոչ թե սահմանափակելու: Ըստ Ջոբսի` տեխնոլոգիաների և հոգևորի բախումն ամենևին էլ այնպիսի խաղ չէ, որտեղ միայն մեկ հաղթող կարող է լինել: «Apple»-ի «սրբապատկերագրությունը»՝ նրա գովազդը, ինչպես նաև Macintosh, iPod, iPhone և iPad-ի ինտերֆեյսները հանդիսանում են հոգևոր գիտության և ժամանակակից տեխնոլոգիայի դաշինքի վառ օրինակ:

Տեխնոլոգիական նորարարությունների գովազդը նմանվում է առակի, որը մեզ սովորեցնում է, թե ինչպես կարելի է գլուխ հանել նոր տեխնոլոգիական կարգերի բարդություններից: Այն սպառողին սովորեցնում է, թե ինչ է նշանակում «լավ կյանքը» տեխնոլոգիական ձեռքբերումների դարաշրջանում: Ինչպես ցանկացած այլ գովազդի տեսակ, «Apple»-ի գովազդը ունի կարևորագույն ուսուցողական գործառույթ սպառողական հասարակության պայմաններում: Այս ընկերության գովազդը աչքի է ընկնում նրանով, որ հանդիսանում է արտասահմանյան ու վերացական կոնցեպցիաները առօրյա մտցնելու ալեգորիկ ու ճչուն փորձ՝ դրանք սպառողի համար գրավիչ ու հասանելի ներկայացնելու միջոցով:
Քանի որ այսօրվա դրությամբ մուլտիմեդիոն տեխնոլոգիաներն արդեն մտել են մեր կյանքի մեջ, դրանք ձեռք են բերել ինչ-որ բարոյական կարգավիճակ: Այսօրվա դրությամբ ցանկացած մարդ, ով հերքում է ու պայքարում է նորագույն տեխնոլոգիաների դեմ, ընկալվում է որպես անգրագետ հերետիկոս, որովհետև տեխնոլոգիաները գնալով վեր են ածվում բացարձակ արժեքի: Այնպիսի տպավորություն է, ասես հետդարձի ճանապարհ չկա, և ոչ ոք չի էլ պատկերացնում այլ հանրային կարգ, իսկ ցանկացած տիպի վիճարկում ընկալելի է միայն այն դեպքում, քանի դեռ այն գտնվում է առկա տեխնոլոգիական կարգերի սահմաններում, բայց բուն կարգը վիճարկել չի կարելի:

Mac-ի առաջին գովազդների տեղեկատվական մեսսիջը, որտեղ Mac-ը հակադրվում էր PC-ին, կայանում էր ոչ միայն նրանում, որ առաջինն ավելի լավն է երկրորդից, որովհետև այն զինված է ավելի լավ օպերացիոն համակարգով, այն ավելի խորը ու քողարկված միտք էր փորձում հաղորդել. տեխնոլոգիաները միշտ նշանակում են մարդկության զարգացում: Բացի այդ` շնորհիվ պրոֆեսիոնալ դերասանների սպառողի մոտ ստեղծվում էր տպավորություն, որ համակարգիչները հանդիսանում են մարդկային անձի շարունակությունը: Եվ հենց սա էր Ջոբսի կոնցեպտի մարմնավորումը, որովհետև չկար ոչ մի դուալիզմ. բարին ու չարը, Mac-ը և PC-ին, մարդը և մեքենան դաշինք են կազմում, որպեսզի ծառայեն զարգացման առասպելին:

Մեր օրերում արդեն կարելի է սահմանել, որ տեխնոլոգիաների կրոնն արտահայտվում է տեխնոլոգիական նորարարությունների օգտագործման և դրանց ստեղծողի առաջ խոնարհվելու ծեսի միջոցով, որն էլ վերջին հաշվով հենց ձևավորում են տեխնոլոգիաները:
Տեխնոլոգիական դարաշրջանի պարադոքսը

Նարցիսի մասին պատմող հին հունական առասպելում պատմվում է մի երիտասարդի մասին, ով այնքան է սիրահարվում յուր անձին՝ տեսնելով սեփական արտացոլանքը ջրի մեջ, որ վերջը ընկնում է ջուրը և խեղդվում: Սակայն պետք է հասկանալ, որ Նարցիսը ոչ թե ինքն իրենով էր գիտակցված հիանում, այլ իր արտացոլանքով, որն ըստ նրա ուրիշ մարդու էր պատկանում: Մաշալ Մակլահանի կարծիքով` այս առասպելի արդի իմաստը նրանում է, որ մարդիկ հիացմունք են ապրում այլ նյութերում իրենց «շարունակությունից», որոնք չեն հանդիսանում ուղղակիորեն իրենց մասը:

Արևելյան իմաստության ավանդույթները առաջարկում են մեզ մուլտիմեդիային տեխնոլոգիաների կողմից հարուցվող նարցիսականության դեմ հակաթույն, սակայն միևնույն ժամանակ այս ավանդույթները իրենք են մեծ ազդեցություն ունեցել պոպուլյար տեխնոլոգիաների և սպառողականության վրա: 

Այն մարդկանց, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը, կրոնի պարադոքսները կարող են աբսուրդային թվան կամ պարզապես որպես իռռացիոնալ դատողություններ ընկալվեն, մինչդեռ հավատացյալ մարդկանց համար հենց այդ պարադոքսներն են հանդիսանում հոգևոր լուսավորման միջոցներ:

Ջոբսի հակվածությունը պարոդոքսներն ուսումնասիրելուն, ինչպես նաև նրա հետաքրքրվածությունը տեխնոլոգիաների և հոգևորության փոխկապակցվածությունով, բացատրվում է նրանով, որ նա բավականին տարված էր 18-րդ դարի պոետ-միստիկի՝ Ուիլյամ Բլեյքի աշխատանքներով, ով ինչպես և Ջոբսը մուտիմեդիային ստեղծարար անձ էր, ով հաճույք էր ստանում կրոնական երգիծանքներ ստեղծելուց: Եթե խոսենք ալեգորիաներով, ապա Բլեյքի «Դժոխքի և դրախտի ամուսնությունը» աշխատությունը 18-րդ դարի iPhone-ն էր:

Ջոբսը ժամանակակից տեխնոլոգիաների առաջ քաշած պարադոքսները լուծեց բլեյքյան ոճով: Տեխնոլոգիաները ստեղծագործական ինքնարտահայտման ուժեղ միջոցներ են, բայց սահմանափակումների բացակայության դեպքում դրանք կարող են համապարփակ կախվածություն առաջացնել: Բլեյքի ոճի արձագանքը կարելի է նկատել անգամ Apple-ի գովազդներում, իսկ դրանցում առկա որոշ կարգախոսներ հավակնում են ասացվածքներ դառնալու.

- Եվ դուք կտեսնեք, թե ինչու 1984 թվականը չի լինի այնպիսին, ինչպիսին «1984»-ն է: (Macintosh-ի գովազդային հոլովակ, 1984 թվական)

- Չնայած ոմանք նրանց մեջ խենթերի են տեսնում, մենք նրանց մեջ հանճարների ենք տեսնում: («Think different» արշավ, 1997 թվական)

- Ավելի քիչը նշանակում է ավելի շատ (Powerbook G4, 2003 թվական)

- Պատահականությունը նոր կարգն է (iPod, 2005 թվական)

- Դիպչել նշանակում է հավատալ (iPhone, 2007 թվական)

- Փոքրը հսկայական է (Mac mini, 2009 թվական)

2012 թվականի սեպտեմբերին սկսվեց iPhone 5-ի վաճառքը, որը զուգակցվում էր «iPhone-ի հետ պատահած ամենամեծ իրադարձությունը՝ iPhone-ի ստեղծումից հետո» (The biggest thing to happen to iPhone since iPhone), «Այնքան ավելի շատ, քան առաջ, բայց միևնույն ժամանակ այնքան ավելի քիչ, քան առաջ նույնպես» (So much more than before. And so much less, too): 

Այսօրվա դրությամբ կարևորագույն պարադոքսը կայանում է նրանում, որ մուլտիմեդիային տեխնոլոգիաները միացնում են մեզ բազմաթիվ տեղերում գտնվող բազմաթիվ մարդկանց հետ: Այս երևույթը Մարշալ Մակլահանը կոչել է «գլոբալ գյուղ»: Սա իհարկե դրական է, բայց հարցի բացասական կողմը նրանում է, որ վիրտուալ շփումը բերում է մարդկանց ինքնամեկուսացման զգացողության սրմանը: 

Այն հուզումնալից սրտի թրթիռը, որ ժամանակին մարդիկ զգում էին ինչ-որ սուրբ մասունքների կամ ինչ- որ այլ կրոնական արտեֆակտների հետ առնչվելիս, վերածնվել է տեխնոլոգիական սուբմշակույթում:  

Տեխնոլոգիաները դարձան նոր և որպես բնականոն ընկալվող կարգ, որը պահանջում է իր հպատակների մեր նվիրվածությունը: Այս նոր կարգն արտահայտվում է շփման ծիսակարգերով, որոնց մենք առնչվում ենք ամեն օր՝ համակարգիչների, փլեյերների և սմարթֆոնների հետ աշխատելիս: Ամենասովորական հեռախոսից սկսած և ամենահեռավոր արբանյակով վերջացրած` բոլոր այդ էլեկտրական սարքավորումները ծառայում են մեր հաղորդակցմանը և կապում բոլորիս իրար հետ: Անհատական տեխնոլոգիաները վերածվել են մթնոլորտի և միջոցի, որոնց միջոցով մենք ձևափոխում ենք մեր կյանքը:
 

Ահա այստեղ էլ նորից բախվում ենք չարաբաստիկ պարադոքսին, որը կայանում է այսպես ասած ներկայության բացակայության մեջ: Շլեկտորանային սարքավորումների դարաշրջանը իրենց մարմիններից զրկված մարդկանց դարաշրջանն է՝ հեռախոսով հնչող անմարմին ձայնից, մինչև էլեկտրոնային փոստում հայտնվող անդեմ նամակից... Մեր օրերում հաղորդակցության միջոցները ֆիզիկական ներկայությունը ստորադասում են արդյունավետությանը:

Որպեսզի շփման նման եղանակը լինի պոպուլյար, անհրաժեշտ է, որպեսզի այն վաճառի Ջոբսի նման մեկը, ով տիրապետում է ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ հումանիստական ջիղի, մի մարդու, ով ի զորու է տեխնոլոգիաներին հավատացող մարդկանց համոզել, որ մարդկային հարաբերությունների արմատական փոփոխությունը կարող է դրական պոտենցիալ ունենալ: Եվ դա Ջոբսին հաջողվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել