
PanARMENIAN.Net -ը գրում է.
Օգոստոսի 18-ին ժամը 10:30 Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, կմատուցվի Սուրբ Պատարագ:
Հավարտ Ս. Պատարագի` կկատարվի խաղողօրհնեքի արարողությունը` Ս. Տրդատի բաց խորանում:
Օրհնության արարողությունը կատարվում է Աստվածածնի Վերափոխման տոնին (օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը)` հանդիսավոր Ս. Պատարագից հետո, երբ հանդիսապետ եկեղեցականի առաջնորդությամբ հոգևորականների դասը բարձրանում է սուրբ խորան:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին: Այդ պայմանավորված է պատմական և կրոնական մի շարք հանգամանքներով. աշխարհակործան ջրհեղեղից հետո, Նոյ նահապետը` «այր հողագործ» (Ծննդ. Թ 20), Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում և խաղողագործությամբ զբաղվում: Որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը և կոչվում Պտղոց արքա: Հիսուս Փրկիչ Իրեն բազմիցս նմանեցրել է խաղողի որթին (Հովհ. ԺԵ 1): Իսկ Ս. Եկեղեցու հայրերի վկայությունների համաձայն, Աստվածամայրն այն ընտիր որթն է, Ով մարդկությանը պարգևեց անապական ու կենդանարար ողկույզը` Հիսուս Քրիստոսին, և քանի որ պտղի օրհնությունը կատարվում էր Ս. Աստվածածնի տոնին, որը համընկնում էր ամռան վերջին: Այդ շրջանում առավելաբար հենց խաղողն էր հասունանում, ուստիև այն դարձավ օրհնության պտուղ: