«Մեծ մառախուղ», «Խաղաղության մայրաքաղաք» և այլն. սրանք հայտնի քաղաքների ոչ պաշտոնական անվանումներն են։ Ահա թե ինչպես են քաղաքներն ստացել դրանք։

Միլան՝ «Նորաձևության մայրաքաղաք»

Զարմանալի չէ, որ այս իտալական քաղաքը նման երկրորդ անվանում ունի։ Հենց այստեղ են ի հայտ եկել շատ բրենդեր, որոնք մինչ օրս նորաձևության ոլորտում պատվավոր տեղեր են զբաղեցնում՝ Prada, Versace, Armani և այլն։ Հենց այստեղ է գտնվում Dolce&Gabbana-ի շտաբ-բնակարանը։

Նորաձևության այս համաշխարհային «օրենսդիրները» զբաղվում են ոչ միայն հագուստի և կոշիկի, այլև դեկորի, կահույքի, անգամ օծանելիքի արտադրությամբ։

Ժնև՝ «Խաղաղության մայրաքաղաք»

Սա «ամենափոքրն է մեծ մայրաքաղաքներից»։ Իր գլխավոր կեղծանունը Ժնևը ստացել է, քանի որ հենց այնտեղ են գտնվում խաղաղարար գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների շուրջ երկու հարյուր շտաբ-բնակարաններ։

Շվեյցարիան յուրաքանչյուր քաղաքական հակասության դեպքում չեզոքություն է պահպանում և հակառակորդներին օգնում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ Հենց այդ պատճառով էլ Ժնևն անվանում են «Խաղաղության մայրաքաղաք»։

Լոնդոն՝ «Մեծ մառախուղ»

«Մեծ մառախուղ» կամ «Մեծ ծուխ». հենց այսպես են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն անվանել հենց անգլիացիները 20-րդ դարի երկրորդ կեսին։

Պատճառը օդի՝ ծխով լցվելն էր, որը տեղի ունեցավ 1952 թ.։ Լոնդոնում սառը անտիցիկլոն էր պտտվում։ Քաղաքացիները չմրսելու համար ակտիվորեն տաքացնում էին իրենց տներն ու բնակարանները։ Ողջ քաղաքի խողովակներից խիտ ծուխ էր դուրս գալիս, որն էլ խառնվում էր փողոցային փոշուն և ավտոմեքենաների արձակած գազերին։ Քաղաքում քամի չկար։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ մայրաքաղաքն ամբողջովին պատվեց խիտ ծխով։

Չորս օր շարունակ քաղաքը նման վիճակում էր գտնվում։ Լոնդոնի բնակիչները, սակայն, խուճապի չէին մատնվել, քանի որ սովոր էին հաճախակի մառախուղներին։ Սակայն մի քանի օր անց պարզ դարձավ, որ «Մեծ մառախուղը» պատճառ է դարձել հազարավոր մարդկանց մահվան։

Նյու Յորք՝ «Մեծ խնձոր»

Քաղաքի՝ այս անվան ստացման վարկածները մի քանիսն են, որոնցից մեկը հետևյալն է։ Խնձորի հետ ասոցիացիաներն առաջացել են 1920-ական թվականներին։ Այդ տարիներին Նյու Յորքում մեծ տարածում ուներ ձիաշավությունը, որը սիրում էին ոչ միայն քաղաքի բնակիչները, այլև հյուրերը։ Հաղթող ձիերին հյուրասիրում էին համեղ մրցանակներով՝ խնձորներով։

Մի անգամ թերթերից մեկում լրագրողներից մեկը, խոսելով սպորտաձևի մասին, Նյու Յորքն անվանել էր «Մեծ խնձոր»։ Համարվում է, որ հենց այդ ժամանակից էլ կեղծանունը տրվել է քաղաքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել