Lragir.am-ը գրում է.

Կարծիք կա, որ Հայաստանի համար ավելի հեշտ կլինի վերադարձնել Նախիջեւանը, քան Մեղրիով դեպի Իրան երկաթուղի կառուցել: Շատերի կողմից սա որպես լավ կատակ է ընկալվում, ինչպես պատերազմի ժամանակ էին կատակում, երբ առաջին գծում գտնվող տղաները հրամանատարությունից խնդրել են իմանալ, թե վերջապես որտեղ են ավարտվում «մեր պապական հողերը» եւ երբ կբերեն ծխախոտը:

Սակայն, ըստ ամենայնի, Ադրբեջանում այդ գաղափարներն ամենեւին էլ կատակ չեն ընկալվում: Օրինակ, Ադրբեջանի քաղտեխնոլոգիաների եւ նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ «Նախիջեւանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային կապի բացակայությունն ամենամեծ սպառնալիքն է»: Եվ այդ կապին խանգարում է Զանգեզուրը: Մուբարիզը նույնիսկ ենթադրում է, որ Պուտինը գնում է Ադրբեջան, որպեսզի Զանգեզուրով վերականգնի կապը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:

Մուբարիզին նույնիսկ Ադրբեջանում են հեգնանքով վերաբերվում: Ժամանակին նրա դեմ կուրյոզ արշավ էր սկսվել ադրբեջանական լրատվամիջոցներում: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանում որոշակի նախագծերի քննարկումներ են սկսվել, որոնք շուտով կարող են դառնալ իրողություններ:

Ադրբեջանն ու Թուրքիան իբր հայտարարել են միասնական բանակի ստեղծման մասին: Հատկանշական է, որ այս տեղեկությունը հաճույքով տիրաժավորել են հատկապես ռուսական լրատվամիջոցները՝ նման բանակի ստեղծումը որպես սպառնալիք ներկայացնելով Հայաստանի համար: Ընդ որում, գոհունակությամբ հայտնվում է, որ այդ բանակը զինվելու է ռուսական զենքի հաշվին:

Իրականում ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են տարածաշրջանում նոր իրողություններին, որը կանգնած է վերաֆորմատովորման շեմին:

Թուրք-ադրբեջանական ենթադրյալ միասնական զորքի ստեղծումն առաջին հերթին պատասխան է հայկական բանակի ղեկավարությանը, որը փաստացի հայտարարել է Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանական համակարգերի միաձուլման մասին: Ընդ որում, համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը, այդ թվում, Ռուսաստանը, չեն վիճարկել այդ հարցը:

Երկրորդ, Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են, որ մասնատման առաջ են կանգնած: Ադրբեջանը գիտի, որ եկել է Ղարաբաղի կորուստը ճանաչելու ժամանակ, իսկ Թուրքիան անմիջապես բարձրացրել է Աղվան Հովսեփյանի միջոցով Հայաստանի նետած ձեռնոցը: Այժմ այդ երկու երկրները տենդագին դիտարկում են տարբերակներ, թե ինչպես քիչ կորուստներով դուրս գան իրավիճակից: Տարբերակներից մեկն էլ, ինճպես Մուբարիզն է ասում, Զանգեզուրի գրավումն է:

Նման երեւակայության ֆոնին, Նախիջեւանով հայ-իրանական երկաթուղային կապի հաստատումն արդեն ֆանտաստիկա չէ, ինչպես եւ «մեր պապական հողերի» մասին «կատակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել