Tert.am-ը գրում է.

Հայաստանից արտագնա զբոսաշրջության համար հիմնական ուղղությունները ամռան ընթացքում հիմնականում տարբեր ծովափնյա հանգստավայրերն են. Վրաստան, Հունաստան, Թուրքիա, Բուլղարիա, Կիպրոս, Իսպանիա, Իտալիա, Մալթա: Այս տարվանից մտել է մեկ մոդայիկ ուղղություն ևս ՝ դեպի ծովափնյա Մոնտենեգրո (Չեռնոգորիա):

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Յունոնա տուր» ընկերության աշխատակցուհի Անի Սողոմոնյանը, ում խոսքով՝ չնայած Թուրքիայում ոչ հանգիստ ներքաղաքական վիճակին, զբոսաշրջիկների հոսքն այս տարի ոչ միայն չի պակասել, այլև ավելացել է: Իսկ սա նշանակում է, որ շարունակում են բարձր մնալ նաև հյուրանոցների և ավիատոմսերի գները:

«Թուրքիա զբոսաշրջիկներով ինքնաթիռները «լիքը» թռնում են ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, որտեղից և ՛ չվերթներն են շատ, և՛ ինքնաթիռի տոմսերն են ավելի էժան»,- ասաց զբոսաշրջային կազմակերպության աշխատակցուհին, ում խոսքով՝ Անթալիայի ծովափնյա շրջանների հեռավորությունը հայ զբոսաշրջիկների համար անվտանգ է դիտվում:

Ըստ ընկերության աշխատակցի ներկայացրած ամփոփ վիճակագրության՝ Հայաստանից Բուլղարիա չարտերային թռիչքներ են լինում 3 անգամ՝ 10- 14 օրյա կտրվածքով, Հունաստան՝ 3 անգամ՝ 10- 14 օրյա կտրվածքով, Երևան-Անթալիա՝ շաբաթական 2 անգամ, Երևան –Պոդգորիցա՝ (Չեռնոգորիա )՝ շաբաթական 1 անգամ:

Նշենք, որ Եվրոպայի հարավ- արևելյան հատվածում և Բալկանյան թերակղզում գտնվող նախկին Հարավսլավիայից տրոհված երեք պետություններից Մոնտենեգրոն կամ Չեռնոգորիան հայ զբոսաշրջիկների համար հետաքրքրիր է այն առումով, որ Միջերկրական ծովափնյա այս շրջաններում հանգիստը կարելի է վայելել առանց շենգենյան վիզա կամ նախապես ազգային վիզա ստանալու:

Ինչպես հայտնում է ՌԴ-ում Չեռնոգորիայի պաշտոնական կայքը՝ այս տարվա մայիսի 20-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիները (ՌԴ քաղաքացիների համար այս կարգը գործում է վաղուց) հնարավորություն ունեն ոչ անձնագրային ռեժիմով, միայն անձնագրերով մուտք գործել այս երկիր: Ինչը չի կարելի ասել Բուլղարիայի մասին, որի վիզա ստանալը ՀՀ քաղաքացիների համար համարվում է բավականին բարդ:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց «Բագրատ տուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը՝ «Մեր հայերը էսօր սովոր են, եթե նոր տեղ ա, պատրաստ են գնալու: Էս պահին Չեռնոգորիան է նոր ուղղություն, ով որ հնարավորություն ունի, գնում է Չեռնոգորիա: Հիմնականում էն մարդիկ են, որ պիտի գնային Եգիպտոս, Անթալիա կամ Հունաստան: Նաև որ բավականին հեշտացել է այնտեղ գնալը: Չէ՞ որ բոլորս գիտենք, որ Շենգենյան գոտու դեսպանատներում շատ դժվար է վիզա ստանալ»:

Այսուհանդերձ, մի քանի տարուց Եվրամիություն մտնող այս երկիրը համարվում է «եվրագոտի» և եթե ոչ իր հյուրանոցների գներով, ապա ծառայությունների, սրճարանների ու ռեստորանների գներով մոտ է եվրոպական երկրների գներին:

Ինչպես նշեց Չեռնոգորիայից օրերս վերադարձած Գայանե Մարտիրոսյանը՝ մոտ 650 հազար բնակիչ ունեցող Մոնտենեգրոյի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիների մուտքն իրենց երկիր ևս նորություն է. տեղի բնակիչներն ընդհանուր առմամբ աղոտ պատկերացում ունեն, որ ՀՀ քաղաքացիները նախկին Խորհրդային Միության ինչ-որ տարածքից են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել