
1in.am-ը գրում է.
Շվեդիայի Լինչեպինգի համալսարանի գիտնականները պարզել են կեսարյան հատումով ծնված երեխաների մոտ տարածված ցածր դիմադրողականության և ալերգիկ ռեակցիաների պատճառները:
Գիտնականների կարծիքով՝ բանն այն է, որ այս երեխաների մոտ սխալ է զարգանում աղիքային համակարգի միկրոֆլորան, տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները: Ուսումնասիրությանը մասնակցել են բնական ճանապարհով և կեսարյան հատումով ծնված երեխաներ: Պարզվել է, որ դիմադրողականության համար կարևոր նշանակություն ունեցող աղիքային համակարգի միկրոֆլորան նրանց մոտ բացարձակ տարբեր է: Մասնավորապես, կեսարյան հատումով ծնված երեխաների մոտ միկրոֆլորայի բազմազանությունը զգալիորեն փոքր է: Նրանց մոտ քիչ են հատկապես Bacteroidetes խմբի բակտերիաները, որոնք էլ մեծ դեր են խաղում ալերգիաների կանխարգելման գործում:
Մասնագետները դրա համար երկու բացատրություն ունեն: Առաջինի համաձայն՝ կեսարյան հատումով ծնվածներին հատուկ դիետայով են կերակրում, որն էլ փոփոխում է աղիքային համակարգի բակտերիալ բաղադրությունը, երկրորդի համաձայն՝ մոր սեռական ուղիներով անցնելիս՝ երեխան մորից է ստանում բակտերիաների առաջին չափաբաժինը, իսկ այդ բակտերիաներն անհրաժեշտ են, որ աղիքային համակարգի հետագա զարգացումները ճիշտ ընթանան:
Գիտնականները հուսով են, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն բժիշկներին և ծնողներին ժամանակին ուշադրություն դարձնել կեսարյան հատմամբ ծնված երեխաների այդ առանձնահատկությանը: