

Ֆիլիպպովկա, Ռուսաստան, 2013 թվականի օգոստոսի 7. ռուս հնէաբանները պեղումների ժամանակ հայտնաբերել են ազնվական ծագմամբ մի քոչվորուհու գերեզմանաթումբ: Հզոր ցեղը, որին պատկանել է այս կինը, իշխում էր Եվրասիայի տափաստաններում 2500 տարի առաջ:
Գերեզմանաթումբը հայտնաբերվել է Ֆիլիպպովկա գյուղի մոտ, որը գտնվում է Հարավային Ռուսաստանում: Ըստ երևույթին, կինը սարմատ է եղել: Սարմատները իրանախոս ժողովուրդ էին, որ իշխում էին այսօրվա Ռուսաստանի հարավային հատվածում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում՝ Ք.ա. 500-ական թվականներից մինչև մեր թվարկության 400-ականները:
Սարմատները հաճախ են հիշատակվում հունական պատմաբանների կողմից, և նրանք բազմաթիվ գերեզմանաթմբեր են թողել, որոնք լցված են եղել բրոնզե և ոսկյա զարդերով և հաճախ թալանվել են գերեզմանագողերի կողմից: Բարեբախատաբար, այս մի գերեզմանաթումբը չի թալանվել:
Ուֆայի Պատմության և իրավական կրթության համալսարանի ներկայացուցիչ Գյուլնարա Օբիդեննովան ասել է.
«Հայտնագործությունն իրոք կարելի է սենսացիոն համարել, որովհետև գտնված զարդերն ու այլ աքսեսուարները մնացել են այնպես, ինչպես դրանք տեղադրված են եղել հուղարկավորության ժամանակ»:
Կնոջ կմախքը թաղված է եղել 4 մետր հաստությամբ հողաշերտի տակ և ամբողջությամբ պատված է եղել զարդերով ու զարդարանքներով: Նրա ձախ ձեռքում հայտնաբերել են արծաթե հայելի՝ ոսկյա բռնակով, որը պատված է եղել գեղեցիկ փորագրություններով:
Սարմատների հետնորդները մեր օրերում օսերն են, ովքեր իրանալեզու ժողովուրդ են և բնակվում են Կովկասյան տարածաշրջանում: