Շամբալա՝ առասպելական քաղաք, որտեղ կենտրոնացված են տիեզերքի բոլոր գաղտնիքների պատասխանները, որտեղ ապրում են աշխարհի ամենաիմաստուն մարդիկ, որտեղից դուրս կգա լույսի զորքը և ճակատամարտ կտա չարիքը, անգրագիտությունը, անարդարությունն ու էգոիզմը մարմնավորող չար հորդաների հետ: 

Ի՞նչ է սա, լեգե՞նդ, իրականությո՞ւն, անցյալի աղավաղված առասպելապատո՞ւմ... Փորձենք պարզել դա, սակայն մինչ դատողություններին անցնելը եկեք ծանոթանանք Շամբալայի պատմությանը: Որտեղի՞ց է գալիս այս առեղծվածային քաղաքի պատմությունը, ինչո՞ւ է այն այդքան առեղծվածային, և ի՞նչ դեր է խաղացել այն պատմության ու քաղաքակրթության մեջ: 

Այսպիսով, Շամբալայի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք հին հնդկական էպոսում՝ «Մահաբհարաթա»-ում, որտեղ ասվում է, որ Սամբհալա (Շամբալա) գյուղում, բրահմաների ընտանիքում կծնվի ոմն Կալկի Վիշնույաշաս, ով մեծ առաջնորդ կդառնա ու խաղաղություն կհաստատի քաոսով համակված աշխարհում: Ըստ այս աղբյուրի` Սամբհալա-Շամբալան գտնվում է այսպես կոչված Վեդայական Յոթնագետքում՝ Հնդկաստանի հյուսիսային հատվածում:


Սակայն, բուդդիստական հայեցակարգում, որն էականորեն տարբերվում է հինդուիստա-վեդայական համակարգերից, Շամբալայի մասին լեգենդն ավելի մեծ դեր ունի և ավելի մանրամասն է նկարագրված: Ըստ բուդդիստական տարբերակի` Շամբալան մի երկիր էր, որը գտնվում էր Միջին Ասիայում: Շամբալայի արքա Սուչանդրին գնում է Հնդկաստան, որտեղ նրան մեծ ու գաղտնի գիտելիքներ են շնորհվում իմաստունների կողմից: Միջին Ասիայի մահմեդական նվաճումների ժամանակ Շամբալայի իմաստուններն այնպես են անում, որ այն անտեսանելի է դառնում մարդկային աչքի համար, և դրանից հետո այն կարողանում են տեսնել միայն մնաքուր սրտով մարդիկ:


Ըստ բուդդիստների` Շամբալայի 25-րդ արքան՝ Ռիգդեն Ջապոն, դուրս կգա Շամբալայի իր զորքի հետ ու կջախջախի աշխարհը գրաված չարի ուժերին, ինչից հետո աշխարհում կսկսվի մշակութային ու բարոյական վերածնունդը, որը կխորհրդանշվի 5-րդ Բուդդայի ի հայտ գալով:

Շամբալայի մասին գոյություն ունեն մի շարք հետաքրքրական հիպոթեզեր, որոնք կապված են բառի ծագումնաբանության, ինչպես նաև այս լեգենդար քաղաքի գտնվելու վայրի հետ: Այսօրվա դրությամբ ամենատարածված հիպոթեզը նրանում է, որ այն գտնվում է Հիմալայներում ինչ-որ ծպտված տեղ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ «Սպիտակ կղզի» կոչվող Շամբալան գտնվում է Գոբի անապատում: 

Ուշագրավ են նաև երկու այլ տարբերակներ, որոնք հիմնվում են Սելևկյան Պարսկաստանի քարտեզագրության ու լեզվաբանության վրա: Բանն այն է, որ Ք.ա. 3-րդ դարում, երբ Սելևկյան տերությունն իր զարգացման գագաթնակետին էր, իսկ դրա սիրտը ներկայիս Սիրիայի տարածքն էր, քարտեզներում ու պարսկերենում Սիրիան կոչվում էր Շամ, իսկ «բոլո» արմատը նշանակում էր «վեր», «գերակա»...
Այսինքն` Շամբալան կարող է նշանակել ինչպես «Սիրիայի գերակայություն», այնպես էլ «Սիրիայից վեր», իսկ Սիրիայից վեր, ինչպես հայտնի է, գտնվում է Հայկական լեռնաշխարհը (չնայած ավելի հաճախ հիշատակվում է Կովկասյան բարձրավանդակը):


Շամբալան հսկայական դեր է խաղացել նաև 18-րդ դարում Եվրոպայում ու Ռուսաստանում մեծ տարածում գտած միստիկական ուսմունքների վրա: Արևմտյան աշխարհին Շամբալայի մասին առաջին լայն աշխատությունները ներկայացրել է Թեոսոֆիզմի (այս ուսմունքը փորձում էր ձուլել իրար արևելյան միստիցիզմը, կրոնը, փիլիսոփայությունը) հիմնադիրներից մեկը՝ Ելենա Բլավատսկայան, ով իր աշխատություններում Շամբալան ներկայացրել է որպես ֆիզիկապես գոյություն ունեցող մի վայր, որտեղից դուրս կգա գալիք ապոկալիպսից փրկողը՝ Կալկի Ավատարա Վիշնուն (հինդուիզմ), Մայտրեա Բուդդան (բուդդիզմ), Սոսիոշը (զրահադաշտություն), Քրիստոսը (Քրիստոնեություն): Ըստ Բլավատսկայի` Շամբալան թեև ֆիզիկապես գոյություն ունի, բայց այնտեղ մուտք կարող են գործել միայն արժանավորները, և այն սերտ շփման մեջ է Հիմալայան ադեպտների Մեծ Սպիտակ Օթյակի հետ...


Շամբալայի մասին շատ է խոսել լեգենդար ճանապարհորդ ու միստիկ Նիկոլայ Ռերիխը, ում ուսմունքի հիման վրա ծագել է նոր կրոնական ուսմունք՝ անգի-յոգան: Ռերիխը շատ է ճանապարհորդել և փնտրել Շամբալան և բազմիցս ու շատ մանրամասն նկարագրել է այն, իսկ Ելենա Ռերիխը, իր նամակներում հիշատակելով Շամբալան, այն որակել է հետևյալ կերպ. «Անհիշելի ժամանակներից ի վեր մարդկության էվոլյուցիային հետևող և պատմության ընթացքի ուղղությունը ըստ անհրաժեշտության փոխող Լույսի ու Գիտելիքի Ամրոց»:
Ոչ ոք սակայն չի կարող համեմատվել Նացիստական Գերմանիայի` օկկուլտիզմով տարված պարագլուխների հետ՝ Շամբալայի նկատմամբ տածած իրենց հետաքրքրությունով ու դրա գաղտնիքները բացահայտելու անհագ ձգտումով: Քչերը գիտեն, որ Հիմմլերի ու Հիտլերի անմիջական նախաձեռնությամբ ու հովանավորությամբ մի քանի արշավներ են կազմակերպվել Տիբեթյան Հիմալայներ` արիական ցեղի բնօրրանը գտնելու համար. այդտեղ արիները ապաստան են գտել Համաշխարհային Ջրհեղեղից հետո ու այնուհետև սկսել են նվաճել աշխարհը: Ըստ նացիստների` Շամբալան հենց արիների բնօրրանն էր: Դատելով հանրության տրամադրության տակ գտնվող փաստերից` հենց նացիստներն էլ հասել են ամենամեծ հաջողությունների այս հարցում, սակայն քիչ բան է հայտնի դրա մասին, իսկ Գերմանիան, ԱՄՆ-ն և Բրիտանիան հայտարարել են, որ նացիստների տիբեթյան արշավանքների ու հետազոտությունների մասին արխիվային փաստաթղթերը կգաղտնազերծեն միայն 2044 թվականին (!!!):
Թերևս նշեմ երկու փաստի մասին, որոնք անուղղակորեն վկայում են, որ 3-րդ Ռայխը մեծ ձեռքբերումներ է ունեցել Շամբալայի փնտրտուքներում.
- 1945 թվականին՝ Բեռլինի փողոցային մարտերի ժամանակ, Կարմիր բանակի մարտիկները ցնցված էին, երբ Ռայխսկանցելյարիայի շենքը գրավելուց ու դրա պաշտպան SS-ականներին զննելուց հայտնաբերեցին հարյուրավոր տիբեթցի SS-ականների մարմիններ:
- Հենրիխ Խարրարը՝ ՍՍ-ի սպա և 1939 թվականին նացիստակկան հերթական արշավի ղեկավարը, հայտնվելով Տիբեթում իր արշավախմբի հետ, շուտով հայտնվեց անգլիական գերության մեջ, բայց մի քանի տարի անց՝ 1944 թվականին, կարողացավ փախչել: Երկու տարի սարերում թաքնվելուց հետո նա ինչ-որ հրաշքով հայտնվեց Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, որը տեղով շատ փակ էր օտարների համար, իսկ եվրոպացիների համար` առավել ևս:

Սակայն ի՞նչն է տարօրինակ՝ Հարրարին ոչ միայն գրկաբաց ընդունեցին այնտեղ, այլև նա շուտով դարձավ Տիբեթի առաջնորդներից մեկը և ապագա Դալայ Լամայի գլխավոր դաստիարակը: Նրա կարգադրությամբ Տիբեթի զորքերը պարբերաբար շքերթներ էին անում՝ նացիստական սիմվոլիկայով շտանդարտներով, իսկ Դալայ Լամայի հետ ջերմագին հարաբերությունները նա պահպանում է մինչև օրս...

Որպեսզի Ձեզ չտանջի կիսատության զգացումը, առաջարկում եմ դիտել նաև Երրորդ Ռայխի կողմից Շամբալայի փնտրտուքների մասին պատմող այս վավերագրական ֆիլմը.
 

Հ.Գ. Գոյություն ունի՞ Շամբալան: Անկեղծ ասած` չգիտեմ... Փոխարենը գիտեմ, որ առանց ծուխ կրակ չի լինում, ինչ-որ հեքիաթային քաղաքի փնտրտուքների մասին փաստաթղթերը 100 տարով չեն գաղտնիացնում, գերմանացին Տիբեթի ղեկավար հենց այնպես չի դառնում, և այդքան բազմաթիվ ու տարբեր մշակույթներում նույն մտածածին բանը չի հիշատակվում...  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել