
Դեռ չէի արտահայտվել ուսման վարձերի թանկացման կապակցությամբ, բայց թեման իրոք ակտուալ է ու ոչ միայն թանկացման մասով, այլև ընդհանուր առմամբ ողջ կրթական համակարգի խնդիրների տեսանկյունից: Մինչ բուն թեմային անցնելը ասեմ, որ ես ի սկզբանե կողմնակից եմ ոչ միայն էժան, այլև անվճար կրթության համակարգին թեկուզ արդեն նրա համար, որ ես սոցիալիստական արժեքներն եմ համակրում ու համարում եմ, որ ամեն ոք, անկախ սոցիալական ստատուսից ու աշխարհագրությունից, պետք է հնարավորություն ունենա ստանալու կրթություն, իսկ միակ մրցակցային չափանիշը, որի հիման վրա պետք է կազմակերպվի մրցութային հիմքով ընդունելություն, դա տվյալ դիմորդի ինտելեկտուալ զարգացվածությունն ու գիտելիքները պետք է լինեն:
Մյուս կողմից` ես դեմ եմ ցանկացած տիպի թանկացման, լինի դա ուսման, տրանսպորտի, թե կոմունալ ծառայությունների, առավել ևս, երբ պաշտոնական տվյալներով անգամ, երկրիդ մոտ 40 տոկոսը աղքատության շեմից այն կողմ է ապրում: Թանկացնելուց առաջ թող բարի լինեն բարձրացնեն ժողովրդի կենսամակարդակը, նոր անցնեն թանկացնելուն...
Էս թանկացման պահով, իսկ հիմա մի երկու նկատառում բարձրագույն ուսման համակարգի մասով: Որքան էլ դաժան դա հնչի, բայց պետք է խոստովանեմ, որ Հայաստանը ոչ միայն հագեցած է, այլև գերհագեցած է ինչպես բուհերով, այնպես էլ ուսանողներով: Մի հարց է, երբ մարդն ուսանում է բուհում՝ հանուն ուսանելու ու անձնական աճի, իսկ մեկ այլ հարց է, երբ նա դա անում է՝ հետագայում մասնագետ դառնալու համար: Եթե սրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ մեր ուսանողության կեսից ավելին ոչ թե սովորում է, այլ գնում է բուհ, ապա ստացվում է մի պատկեր, որ խիստ սահմանափակ հայաստանյան աշխատանքային շուկային դիպլոմավորված մասնագետներով է ապահովում բուհերի մի համակարգ, որը հերիք չի ժամանակին ստեղծված էր սովետական հսկա աշխատանքային շուկան մասնագետներով հագեցնելու համար, դեռ մի բան էլ դրանց թիվն ավելացել է՝ ինչպես պետական բուհերի մասով, այնպես էլ՝ մասնավորների:
Արդյունքում, ամեն տարի ունենում ենք հազարավոր շրջանավարտներ, որոնց կեսից ավելին բանի պետք չէ որպես մասնագետ, իսկ նրանք էլ, ովքեր հեռանկարում իր լավ տեսական գիտելիքները կկարողանա կոնվերտացնել արդյունավետ գործնական հմտությունների, լուրջ խնդիր են ունենում ըստ մասնագիտության աշխատանք ճարելու: Օրինակ՝ եղբայրս, ով այս տարի ավարտեց գյուղինստիտուտի պահածոյացման ֆակուլտետը, վատ ուսանող չէր, անգամ մի երկու հատ գյուտ ա արել ուսման ժամանակ ու լավ պրակտիկա է անցել, բայց երբ ավարտելուց հետո գնաց աշխատանքի ընդունվելու... ԲԲոլոր նորմալ ընկերություններում առաջին բանը, որ պահանջում են, աշխատանքային ստաժն է (որտեղի՞ց պետք է 4-6 տարի բուհում տքնած նորաթուխ շրջանավարտը 2 տարվա փորձ ճարի, մենակ Աստված գիտի): Լավագույն դեպքում առաջարկում են, որ դիպլոմավորված պահածոյացման տեխնոլոգը սկզբում մի տարի հասարակ բանվոր աշխատի, հետո մի տարի արտադրության գծի օպերատոր, հետո մի երկու տարի էլ տեխնոլոգի օգնական ու մեկ էլ տեսար, 4-5 տարի քո մասնագիտական կվալիֆիկացիայի մակարդակից ցածր աշխատանք անելուց հետո քեզ բարեհաճեն վերջապես ըստ մասնագիտության աշխատանք տալ... Վարձատրության մասով էլ ընդհանրապես լռեմ:
Ասածս ի՞նչ ա, գուցե և կրթության որակը բարձրացնելու համար եղած միջոցները չեն հերիքում և պետք է թանկացնել, բայց մինչ դա անելը մի շարք այնպիսի լուրջ հիմնախնդիրներ կան բարձագույն կրթության համակարգում, որ նախ դրանք է պետք լուծել, հետո նոր անցնել թանկացումներին, թե չէ ասենք թե դրեցին ու երկու անգամ թանկացրին, իսկ հետո` 4-6 տարի հետո, երկու անգամ ավելի թանկ, բայց նույն որակի կրթությունը ստացած ուսանողը էլի բախվելու ա նույն խնդիրներին, ինչ օրինակ եղբայրս:
Այդպիսի խնդիրների թվին եմ դասում նախ բուհերը տուրիստներից ու դիպլոմատենչերից մաքրելը՝ կոռուպցիան ու ԽԾԲ-ն բացառելով: Ասել է թե` չես սովորում, ստուգարք չես հանձնում, ստուգարք չես հանձնում՝ քննության չեն թողնում, քննությունը չես հանձնում՝ հաջողություն, այդպիսի ուսանողներ պետք չեն, պետք չեն անգամ եթե մի 200 հազար փող ու լավ կոնյակ են տալիս: Գնացեք տեխնիկումներում սովորեք կամ ընդհանրապես մի սովորեք...
Երկրորդ բանը, որ պետք է անել, դա գոնե լավ սովորող ուսանողներին աշխատանքով ավարտելուց հետո ապահովելն է, ընդ որում` նորմալ աշխատանքով, որտեղ մարդավայել պայմաններ են: Դա ևս հնարավոր է անել՝ վերադարձնելով մոռացված աշխատանքային ուղեգրերի պրակտիկան: Երբ այսքանը անեք, նոր անցեք ուսում թանկացնելուն ու կտեսնեք, որ ոչ ոք առանձնապես չի բողոքի, եթե տեսնի, որ բարեփոխումները դեկլարատիվ բնույթի են, իսկ վարձերը թանկացնելուց հետո միակ փոփոխությունը մի երկու հատ նոր եվրոպատուհանն ու ռեկտորի նոր մեքենան չեն...