![](/static/news/b/2013/08/73885.jpg)
Դեռևս անհիշելի ժամանակներից մարդիկ պատրաստ են եղել ինքնազոհաբերության գնալ հանուն գեղեցկության ընդունված չափորոշիչներին համապատասխանելու: Ներկայումս ևս մարդիկ հաճախ ռիսկի են դիմում. ընկնում են դանակի տակ, ներարկումներ անում և անգամ լողանում արտաթորանքով: Ստորև ներկայացված են գեղեցկանալու ամենավտանգավոր միջոցները:
Թայլանդական ապտակներ
Այս ցուցակի շատ կետեր վտանգավոր են, սակայն ապտակներն ուղղակի զվարճալի են: Բանգկոկցի մերսող Թաթան Սան Ֆրանցիսկոն իր մերսման սրահում առաջարկում է ապտակներով մերսում ծառայությունը: Այս մերսման ժամանակ դեմքի մաշկը պռտում են և թեթևակիորեն ապտակում են դեմքին: Մերսողը հավաստիացնում է, որ այս միջոցը հարթեցնում է կնճիռները և նվազեցնում դեմքի բծերը: Հարց է, թե արդյոք այն օգնում է ավելի երիտասարդ երևալ, սակայն մի բան հաստատ է: Այս մերսումն այնքան էլ էժան չէ: Մերսման տասնհինգ րոպեն ձեզ վրա կնստի 350 դոլար:
Ձկնային պեդիկյուր
Կա ձկների մի տեսակ, որն օգտագործվում է պեդիկյուրի համար: Այս տեսակի ձկները շատ փոքր են: Նրանք կրծում են ոտքերի մահացած մաշկը` շերտազատելով մաշկի ավելորդ չորացած շերտը: Այս գործընթացը միանգամայն անցավ է և արդյունավետ: Այնուամենայնիվ, շատ երկրներում պեդիկյուրի այս տեսակն ընդունված չէ, քանզի այն ստերիլ չէ: Բանն այն է, որ միևնույն ձկներն օգտագործվում են տարբեր մարդկանց ոտքերի պեդիկյուրի համար, այսինքն` կրծում և հեռացնում են տարբեր մարդկանց ոտքերի մահացած մաշկը: Պարզվել է, որ այդ ձկները բակտերիաներ են տարածում: Բակտերիաների թվում կան այնպիսիք, որոնք հանդիսանում են խոլերայի հարուցիչներ:
Գեյշաների դիմակ
Գեյշան հանդես է գալիս տարբեր դերերով. նա մերթ զվարճացնողի դերում է, մերթ հարճի, մերթ սպասավորի: Գեյշաները հայտնի են իրենց սպիտակ շպարով: Իրենց արտաքին տեսքը պահպանելու համար գեյշաներն օգտագործում էին սոխակի արտաթորանքից պատրաստված դիմաքսուկ: Ներկայումս ևս որոշ SPA սրահներում թռչնի արտաթորանքն օգտագործվում է իբրև դիմաքսուկ: Նախ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ դեզինֆեկցիայի են այն ենթարկվում, հետո խառնում այլ տարրերի հետ, որպեսզի կասեցվի նրա տհաճ հոտը: Այսպիսի դիմակն արժե 180 դոլար:
Քաղցկեղի բուժում DC-CIK
Այս բուժումը բավականին կասկածելի է: Քաղցկեղով հիվանդ մարդուց վերցվում է արյուն` լաբորատորիա հանձնելու համար: Հետագայում, երբ հիվանդն անցնում է քիմիաթերապիա կամ վիրահատվում է, արյունը կրկին ներարկվում է հիվանդի օրգանիզմ: Ասում են, որ սա նպաստում է բուժմանը: Այնուամենայնիվ, Հոնգ Կոնգի որոշ կասկածելի հիվանդանոցներ սկսել են օգտագործել այս բուժումը հաճախորդներին ավելի երիտասարդ տեսք հաղորդելու համար: Գրանցվել է սեպտիկ շոկի առնվազն մի դեպք, և մի քանի մարդիկ էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Մեզ
Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ մեզ խմելը կարող է բուժել մի շարք հիվանդություններ, այդ թվում`գայլախտ, սկլերոզ և անգամ քաղցկեղ: Մեզն օգտագործվում է նաև գեղեցկության նպատակներով: Այն քսում են մաշկին: Ասում են, որ այն օգնում է պսորիազի, էկզեմայի և բշտիկների դեպքում: Ամենաօգտակարը առավոտյան առաջին մեզն է: Այնուհանդերձ, բժշկության մեջ այս միջոցն առանձնապես տարածված չէ:
Ոտնաթաթի վիրահատություն
Մարդ կարող է տարբեր վիրահատությունների շնորհիվ փոխել իր մարմնի կառուցվածքը: Այդ վիրահատություններից շատերը կարող են վնասակար լինել առողջության համար, դրանց մի մասն էլ ուղղակի անմիտ են: Ոտնաթաթի նեղացման վիրահատությունն այնքան էլ վտանգավոր չէ, թեպետ ցանկացած վիրահատության դեպքում էլ կարող են ծագել հետվիրահատական բարդություններ: Մի շարք մարդիկ դիմում են օրթոպեդի օգնությանը, որպեսզի ազատվեն ոտնաթաթի ավելորդ ճարպից և ունենան ավելի նեղ և նուրբ ոտնաթաթ: Սովորաբար վիրահատությունից հետո լիարժեք կազդուրման համար պետք է լինում բավականին երկար ժամանակ:
Միկրոասեղային թերապիա
Միկրոասեղային սարքը հիշեցնում է միջնադարյան կտտանքների ենթարկող գործիք: Այս սարքի մեջ տեղադրված են բազում բարակ ասեղներ, որոնք, դիպչելով դեմքին, թույլ են տալիս, որպեսզի մաշկը լավ ներծծի դիմաքսուկը: Շատ հայտնի մարդիկ օգտվում են այս միջոցից, և այն հատկապես տարածված է Չինաստանում: Թեպետ այս միջոցի արդյունավետությունը կասկածելի է, ոչ մի կասկած չկա, որ այս սարքի օգտագործումը վտանգավոր է: Չկա այն դեզինֆիկացնելու ոչ մի միջոց, որը հարյուր տոկոսով կապահովի սարքի ստերիլությունը: Ուստի` երբ այս սարքը կիրառվում է տարբեր հաճախորդներին սպասարկելու նպատակով, այն կարող է վարակներ փոխանցել: Բացառված չէ անգամ ՄԻԱՎ-ով և հեպատիտով վարակվելու վտանգը:
Մեղվի թույնով դիմաքսուկ
Այս դիմաքսուկը գովազդվում է իբրև բոտոքսի ավելի անվտանգ տեսակ: Հակակնճիռային այս դիմաքսուկից օգտվում է Միացյալ Թագավորության Քեյմբրիջի դքսուհին: Այն բավականին թանկարժեք է: Այս դիմաքսուկը այնպիսի ազդեցություն է գործում մաշկի վրա, որ օրգանիզմը սկսում է «կարծել», թե մաշկը խայթել են, և սկսում է արտադրել ավելի շատ կոլագեն: Մաշկի տվյալ հատվածում բարելավվում է նաև արյան շրջանառությունը: Այս միջոցը ռիսկային է, քանզի մարդիկ, ովքեր ալերգիա ունեն, կարող են շոկի մեջ ընկնել:
Դաջվածքներ
Մի քանի տասնամյակ առաջ դաջվածքներ անողների մեծ մասը մոտոցիկլավարները, նավաստիներն ու օրինազանցներն էին: Այսօր դաջվածքները ավելի մեծ տարածում ունեն: Դաջվածքներ շատ են անում հատկապես աղջիկները: Կոսմետիկ դաջվածքները նորություն չեն: Բազում կանայք և աղջիկներ դաջվածքների օգնությամբ շտկում են հոնքերը կամ ընդգծում շուրթերը: Սակայն Միացյալ Թագավորությունում մի տարօրինակ միտում է նկատվում. կանայք դաջվածքների օգնությամբ մգացնում և ձևափոխում են իրենց պտուկները: Մի շարք սրահներ առաջարում են այս ծառայությունը: Դաջվածքներն արվում են տեղային անզգայացմամբ: Արդյունքը լավ է պահպանվում մի տարի կամ տարի ու կես: