Երևանի նախկին փոխոստիկանապետ

Տևական ժամանակ է, որ ազատամարտիկները Երևանում և որոշ մարզերում նստացույցեր, հացադուլներ են անցկացնում: Հնարավոր է, որ նման ակցիաներ կատարեն նաև մյուս մարզերում: Խնդրին ես անդրադարձել եմ, որը կարևոր է, առաջնահերթ, նուրբ և անշուշտ գտնվում է նաև բարոյական հարթությունում: Արագ պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները, անվճար բուժօգնության, կոմունալ ծախսերի զեղչերի հարցերը, պետք է նրանց շրջապատել հոգատարությամբ ու հարգանքով, և ոչ թե մի ինչ-որ չինովնիկ, որը Քաջ Նազարի բախտով մարզպետ է դարձել, համարձակվի վիրավորել ազատամարտիկին, արհամարհի նրան: Որ այդ խնդիրները հապշտապ լուծման կարիք ունեն, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մենք բոլորս` պետությունը, հասարակությունը, ազատամարտիկի կարգավիճակից օգտված, հարստացած, պաշտոններ, կոչումներ ստացածները, ՀՀ քաղաքացիներս, պարտք ունենք հատուցելու զոհվածների ընտանիքներին, ազատամարտիկ տղաներին… Իր անցյալը, իր նվիրյալներին, հերոսներին չհարգող հասարակությունը, պետությունը ապագա չի կարող ունենալ, հատկապես թշնամիներով շրջապատված պետությունը:
Սակայն հիմա այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ երկրապահների, ազատամարտիկների շարքերը սողոսկած պատեհապաշտների, Արցախի, սահմանների տեղը չիմացող, իրենց տներում, աշխատասենյակներում զվռնած այն «ազատամարտիկների» մասին, որոնք այդ անվան շահարկումներով հասել են պաշտոնների, դարձել բիզնեսների տեր, օգտվել զանազան արտոնություններից…
Իհարկե, բնականաբար այդ ցուցակի ուռճացման գործում մեղքի իրենց բաժինն ունեն նաև հենց իրենք` ազատամարտիկները, որոնք ինչ-ինչ պատճառներով վկայել են դրանց մասնակցությունը մարտերին, նպաստել ինքնակոչ երկրապահների, ազատամարտիկների ի հայտ գալուն:
Անհապաղ, արագ մաքրել է պետք այդ սուտ, կեղծ ազատամարտիկներին… ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երկրապահ կամավորականների միությունը պարտավոր են հրապարակայնորեն, օբյեկտիվ, նույնիսկ ցուցադրական և պախարակելով ի հայտ բերել այդ կեղծարարներին` անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Շտապ հարկավոր է մաքրել ցուցակը, բերել քրիստոնեական տեսքի և սկսել զբաղվել իրական, իսկական ազատամարտիկների հարցերով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել