1in.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարից, թեև չի հրաժարվել սեպտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից: Պուտինի հետ հանդիպումը կայանալու էր գագաթնաժողովի շրջանակում, որը սակայն Օբաման մերժել է: Պաշտոնական բացատրությունն այն է, որ երկու երկրների փոխհարաբերություններում տարբեր հարցերի վերաբերյալ առաջընթաց չկա, և հետևաբար հանդիպումն անիմաստ է: Դիվանագիտական լեզվով ասած` սա բավականին կոշտ ձևակերպում է:

Իհարկե, շատերն են համոզված, որ ԱՄՆ-ի նման որոշումը առաջին հերթին պայմանավորած է Սնոուդենի հայտնի գործով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը բացահայտել էր ծառայողական գաղտնիքներ և հիմա ապաստան է գտել Ռուսաստանում: Այնպես որ, Միացյալ Նահանգները ակնհայտորեն դեմարշ է անում Ռուսաստանի դեմ Սնոուդենի հանձնումից հրաժարվելու համար: Սակայն, որ վերջին ամիսներին ռուս-ամերիկյան հարաբերությունները այնքան էլ կայուն չէին, նկատելի էր: Սնոուդենի գործն ըստ երևույթին առիթ էր, սակայն ոչ պատճառ:

Այսպիսով, շատերի գնահատմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը մոտեցել են նոր սառը պատերազմի ժամանակահատվածի: Կթևակոխեն այնտեղ, թե ոչ` ցույց կտա ժամանակը, սակայն լարվածությունն արդեն իսկ բավականաչափ է, որոշակի հետևանքներ ունենալու համար: Իսկ այս դեպքում հետևանքների առաջնային ռեզոնանսի տարածք է դառնում կովկասյան տարածաշրջանը, որը մեկն է այն ռեգիոններից, որոնցում ինչ-որ կերպ դրսևորվում են ռուս-ամերիկյան լարվածության ալիքները: Իսկ նկատի ունենալով այստեղ ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու նաև Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածը արտաքին քաղաքական հարաբերությունները հավասարակշռելու քաղաքականության տեսանկյունից՝ աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացների ֆոնին, որ ծավալվում են հարակից արաբական գոտիներում, կարող ենք ասել, որ ռուս-ամերիկյան լարվածությունը Հայաստանին այնքան էլ հաճելի պահեր չի խոստանում:

Այսինքն` խոստանում է իրավիճակներ, երբ Հայաստանի շահերը պահանջում են համարձակ որոշումներ և դիրքորոշումների արտահայտում և Վաշինգտոնին, և Մոսկվային: Սակայն Հայաստանի իշխանությունները այսօր չունեն այն հիմքերը, որոնք մեզ՝ հասարակությանը, հիմք կտան մտածելու նման դիրքորոշումների արտահայտման իրատեսականության մասին: Եվ ուրեմն` Հայաստանի համար ավելի նախընտրելի է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները թեկուզ սառը, սակայն ոչ ագրեսիվ ու լարված ընթացքով առաջ գնան, քանի որ ագրեսիային ու լարվածությանը ԱՄՆ-ը և Ռուսաստանը կդիմանան, Հայաստանը կարող է չդիմանալ, եթե հանկարծ ալիքը հասնի այստեղ:

Հայաստանը ներկայումս պատրաստ չէ գերտերությունների լարվածության պարագայում արդյունավետ քաղաքականության, քանի որ գտնվում է անցումային մի փուլում, երբ որոշակի է միայն անորոշությունը: Այդ իրավիճակում առավել անվտանգ է արտաքին մեղմ տեմպը, թեև հրամայական է փոփոխությունների գերարագ տեմպը ներքին կյանքում, որը սակայն, մեղմ ասած, բացակայում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել