Ցեղակրոնությունը ձգտում է ստեղծել հոգեբանական այն մթնոլորտը, որի պայմաններում հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն «ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա՜ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները: Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը: Ցեղակրոնը չի՜ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՜ն: Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՜ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ «վախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել- Մ. Լ.) նրան»: Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությանը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը: Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք, ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը: Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական Եռագույնը, ու գիտե նաեւ, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը: Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն: Ցեղակրոնը գիտակցում է, որ իր ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը, այդ պատճառով ինքնավատնումի (ինքնամսխումի) մեջ նա ազատ չէ ու քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի, առաջնորդվելով «առողջ հոգին` առողջ մարմնի մեջ» սկզբունքով: Իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու եւ սերունդ տալու պարտավորությունն ունի ցեղակրոնը, քանզի գիտե, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը: Իր ցեղի հզորությանը եւ հաղթանակին նախանձախնդիր՝ «նա աշխատում է գիտության զինարանից առնել իր կռվի զենքերը»`  չմոռանալով հանդերձ, որ «մարդս ի՜նքն է իր առաջին զենքը»: Նա գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ: «Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետեւ գործնապաշտ է»... Դատարկախոս չէ՜ ու խոսում է միայն «ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է՝ գործելու համար»: Նա լավատես է եւ խորապես հավատում է իր գործին: Գիտակից այն ճշմարտությանը, թե ինքը մասնակի կրողն ու անձնավորումն է Հայ ոգու, հետեւապես՝ նաեւ իր կամքով է պայմանավորված Ցեղի ոգու կատարելագործումը, ցեղակրոնը ձգտում է անձնական կամքի մշակմամբ սատարել Հայ ոգու հզորացմանը: Ցեղակրոնը հնազանդ է Ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի: Ցեղի կա՜մքը - ահա՜ նրա գերագույն հրամայողը: Դա Ցեղի հաղթանակելու ու հարատեւելու կամքն է, եւ ցեղակրոնը ձգտում է աստվածացնե՜լ այն, ասել է՝ դրա կատարումն իր համար դարձնել օրենք, պարտավորություն: Ու այդ անմեռ կամքին նա ասում է վճռաբար՝ այո՜ եւ եղիցի՜: Ցեղակրոնը՝ քարոզիչ - Նոր ուխտակից գտնել,- սա՜ է ցեղակրոնի քարոզչության հիմնական նպատակը, «մի գործ, որի մեջ ցեղակրոնը հոգնել չգիտե»: Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իր դավանանքի փրկարար ճշմարտության մեջ` նա իր ցեղաշունչ, հոգեփոխիչ խոսքով ստիպում է խորհել: Խոսում է այնպես, «որ իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն..., որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցե՜ղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով»: Քարոզչության կերպը առանձնահատուկ է, ինքնատիպ. «Կարճ ու կտրուկ նախադասություններ, պատգամի ձգտող շեշտադրություն եւ՝ որ գլխավորն է, ի խորոց սրտի բխած խոսքի հաղորդականություն, որոնք կգրավեն ունկնդրին, կհուզեն անոր սիրտը եւ կխմորեն միտքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել