
«Առավոտ» օրաթերթը գրում է.
Թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.
Ներկայացնում ենք մասնակի կրճատմամբ.
«...Պոպուլիզմը քաղաքականության մեջ ես պատկերացնում եմ հետևյալ կերպ։ Ենթադրենք, դուք А կետից պիտի հասնեք B կետ, ասենք՝ Զովունիից Երևան՝ Մամուլի շենք։ Նա, ով պատկերացնում է այդ տարածությունը և անցել է այն, եթե ազնիվ լինի իր զրուցակիցների հետ, կասի, որ այդ տարածությունը մեքենայով հնարավոր է անցնել 20– 30 րոպեում՝ կախված խցանումներից։ Տեսականորեն չի կարելի բացառել նաև, որ դուք ունեք սեփական ուղղաթիռը, որը հինգ րոպեում կիջեցնի ձեզ Մամուլի շենքի տանիքին։ Պոպուլիստը, սակայն, Ձեզ կասի, որ ունի մի կախարդական մատանի, որը դուք կդնեք Զովունիում և մեկ ակնթարթ անց կհանեք Ձեր մատից Մամուլի շենքի մեր աշխատասենյակում։ Պոպուլիստը, այդպիսով, չի ցանկանում տեսնել տարածությունը նպատակի ու միջոցի միջև և ներկայացնում է այն չափից դուրս դյուրին, դեկլարատիվ և դեմագոգիկ ձևով։
«Իշխանությունը՝ աշխատավորներին», «հողը՝ գյուղացիներին», «գործարանները՝ բանվորներին»։ Հրաշալի է հնչում։ Բոլշևիկները գիտեին, թե ինչով կարելի է գայթակղել զանգվածներին։ Աճբողջ ցավը, սակայն, այն է, որ այդ կարգախոսները ուտոպիստական են՝ իշխանությունը և սեփականությունը կարող են պատկանել միայն անհատներին (ի հեճուկս մեր ու բազճաթիվ այլ պետությունների սահմանադրությանների պոպուլիստական դեկլարացիաների)։ Պարզապես նորմալ պետությաններում այդ անհատներին մնացած բնակչությունը ստիպում է համը չհանել և չափն իմանալ, իսկ մենք մեր անհատներին դա առայժմ չենք կարողացել պարտադրել։
«Տրանսպորտի ուղեվարձը երբեք չպիտի բարձրանա»՝ սա պոպուլիզմ է։ Մոտավորապես ինչպես՝ «ոչ մի թիզ հող թշնամուն»։ Բայց ուղեվարձը պետք է բարձրանա օրինական ձևով, քաղաքապետարանը պետք է հստակ, համոզիչ ձևով բացատրի, թե ինչի համար ենք մենք վճարում (ինչպես և «փարքինգների» դեպքում), նաև համոզի մեզ, որ այստեղ չկա շահերի բախում, և մասնավոր սեփականատերերը ծպտված պաշտոնյաներ չեն։ Կարծում եմ, որ դրանք արդարացված, իրատեսական պահանջներ են, և այստեղ պոպուլիզմ չկա։
Ի դեպ, հատկանշական է, որ այսօր հակապոպուլիստ վարչապետ է աշխատում 90-ականների սուպերպոպուլիստների՝ Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի, Դավիթ Վարդանյանի նախկին կուսակիցը»։