«Ժողովուրդ»-ը գրում է.

«Հունիսի 26-ին դանակահարված Լոռու մարզի Կինոյի և թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գևորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն դանակահարած Ակսելը, որն ուսանողուհի Ալլայի ընկերն է, սխալ է վարվել։

Դեպքից անցել է 1 ամիս 10 օր։ «Ժողովուրդ»–ը զրուցել է Վ. Գևորգյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցը հատվածաբար։

 –Պարոն Գևորգյան, ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը։

 –Ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ։ Ես ապաքինվում եմ, շուտով վերջնականապես կվերականգնվեմ։

 –Այս ընթացքում չե՞ք փորձել հասկանալ, թե ինչու նա Ձեզ դանակահարեց։

 –Ես ասել եմ, որ եղել է քննություն։ Քննությունից հետո էլ եղել է բացատրություն և այս միջադեպը։ Որևէ այլ պրոցեսներ, բացի աշխատանքային կամ քննական ընթացքից, չեն եղել։

 –Ալլան նշված օրը անբավարար զնահատակա՞ն է ստացել։

 –Այո։ Ես երկու թեմա հարցրի նրան, և նա ասաց, թե ընդհանրապես պատրաստ չէ։ Չգիտեմ, թե քննասենյակից դուրս գալուց հետո ինչ է ասել ընկերոջը, բայց երբ ես ավարտեցի քննությունը, դուրս եկա, հանդիպեցի Ակսելին...

 –Մինչ այս դանակահարությունը Ձեր ուսանողները հենց Ձեր դեմ բողոք-նամակ էին ուղղել Արմեն Աշոտյանին և Արմեն Մազմանյանին։ Դուք տեղյա՞կ եք։

 –Ես տեղյակ չեմ ու անգամ չգիտեմ՝ այդ նամակին պաշտոնական ընթացք տրվել է, թե ոչ, և, առհասարակ, ոչ ԿԳ նախարարը, ոչ թատրոնի ռեկտորն ինձ իրենց մոտ չեն հրավիրել և որևէ հարց չեն տվել, ու եթե նման հարց կլինի, ես իմ աշխատանքի կամ անցկացրած դասի համար կարող եմ բացատրություն տալ։ Այդ ամենի պատասխանն ունեմ։ Իմ աշխատանքի մեջ որևէ թերացում չի եղել։

 –Ըստ Ձեր ուսանողների՝ Դուք «ամբիցիոզ, սակավ գիտելիքների տեր, ուսանողությանն արհամարհող ժամանակակից բուհական պահանջները չբավարսւրող մարդ եք, որն օրավուր մեծացրել է անդունդն իր և ուսանողության միջև»։

 –Փաստորեն, ուսանողն այնքան գիտելիք ունի, որ կարող է գնահատել դասախոսին։ Այդ դեպքում ինչո՞ւ է եկել սովորելու։ Սա մի տեսակ լուրջ չէ։

 –Նամակից հետո՝ որոշ ժամանակ անց, Ձեզ դանակահարեցին։ Դուք այս երկու դեպքերի մեջ կապ չե՞ք տեսնում։ Ասել է թե՝ Ձեր դեմ բողոքներն արդյունք չտվեցին, և այսպես հաշվեհարդար տեսան Ձեզ հետ։

 –Չգիտեմ, թե որքանով են այդ գործողություններն առնչվում այս նամակին։ Չգիտեմ, թե ովքեր են նամակը գրողները կամ գուցե գաղափարը հայտնողներից մեկն Ակսելի ընկերուհին է եղել և այդ իր գաղափարներով կիսվել է Ակսելի հետ։ Թող փորձեն իրենց իրավունքները պաշտպանել։ Կա կոնկրետ փաստ, թող դիմեին ինստիտուտի ռեկտորին, և նա ինձ կհրավիրեր ու կասեր, թե այս խնդիրն ինչու է առաջացել։ Կրկնում եմ՝ ինձ ոչ ոք չի կանչել, և եթե սա է նամակի բովանդակությունը, ուրեմն չեն էլ կանչի։ Ես առանձնապես չեմ էլ անհանգստանում։

 Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել