Շատ ենք սիրում հայերս խոսել, բայց հաճախ ենք մոռանում մի շատ լավ խոսք՝ ամեն ինչ չափի մեջ է սիրուն: Բայց մեր մեջ մի տեսակ չափը ոսկե միջին չի ճանաչում՝ կամ էս կողմ (շատ), կամ էն կողմ (քիչ): Օրինակ՝ շատ ենք սիրում բողոքել (ում վզին էլ էդքան հարկ դնեն, բա ի՞նչ անի, որ չբողոքի (մնում ա ֆեյսբուքահարկ, քնելու հարկ, կարծիքահարկ ևն վերցնեն): Բայց եթե որևէ բանից դժգոհ ես, ուրեմն՝ հարգելիս, միգուցե փորձես փոխել քեզ համար անդուր այդ վիճակը. կներես էլի, որ ոչ մեկ քո մասին չի մտածում, իսկ ով էլ պիտի մտածի, իրանց գեղում մենակ կոճակ սղմել են սովորացրել և ոչ ուրիշի դարդին մասնակից դառնալ, չնայած որ էդ դարդի բերանը 4 տարին մեկ 5,000 դրամով փակում են:
Կասեք՝ բա էս վերջին համաժողովրդական անվճար մեքենայի հաղթանակը: Բան չասացի, հաղթանակ էր, բայց այդ հաղթանակը դեռևս ճակատամարտում է ձեռք բերվել, բայց պատերազմը հաղթելը շատ ավելի կարևոր է, էլ չեմ ասում՝ էդ հաղթանակին տեր կանգնելը: Բացատրե՞մ, թե ինչու հաղթանակը ամբողջական չէր. որովհետև տրանսպորտի երթևեկության արժեքի թանկացման մասին որոշումը կասեցվել է և ոչ թե դադարեցվել (ով արդեն իսկ մոռացել է, հիշեցնեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ «150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք»:) Մարդիկ այս ուղերձն ընկալեցին որպես հաղթանակ, ու մեծ մասը, ինչպես և միշտ, գնաց տներով, բայց... «հլը մի րոպե»... հարց քաղաքապետին. ընգեր պետ, բա որ ուղեվարձի բարձրացմանը այլընտրանք չկա, աշխատավարձի բարձրացմանն այլընտրանք կա՞, թե՞ նենց համակարգի սրտով ա, որ նենց էլ թուրքի լծի տակ հազար տարի ծնկած ժողովուրդը ծնկները գետնին կպցնի թուրքից շատ-շատ ազգանունով տարբերվող որոշ որկրամոլ անկուշտների փողամոլության առջև: Թեմայից չհեռանալու համար կարճ ասեմ՝ ժողովուրդ ջան, ճակատամարտում տարած հաղթանակը դեռևս պատերազմում հաղթանակ չէ, և տեր կանգնեք ձեր հաղթանակներին: Երբ տեր չեք կանգնում, պատահում են այսպիսի բաներ՝ հաղթում եք պատերազմը, արյան գնով հետ եք բերում հողը, բայց այդ հողը դրվում է աճուրդի (միջազգային հարաբերություններում դրան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց են ասում), ու քանի որ աճուրդի մասնակիցները անընդհատ գին են շահարկում, մայրաստանի ժողովուրդը սկսում է կասկածել հողի անհրաժեշտության վրա, իսկ հողի վրա ապրողներին էլ այլևս դիտում է որպես օտար ազգ մը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել