
Hetq.am-ը գրում է.
Անապատացող Արարատյան դաշտն ու ձկնաբիզնեսը (հոդված 3)
Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի բնակիչները խմում են ընդերքի ջուրը, որը դուրս են բերում հորատանցքերով: Գյուղի կենտրոնում հավաքված բնակիչները պատմում են, որ ընդերքի քաղցրահամ ջրերը, որը նաև անվանում են արտեզյան ջրեր, տնտեսական օգտագործման համար են նախատեսված, սակայն ստիպված խմում են, քանի որ խմելու ջուր, որպես այդպիսին, չունեն: Սակայն այդ ջրերն էլ վերջին 4 տարվա ընթացքում աստիճանաբար նվազում են. Արարատյան դաշտում հիմնվող ձկնաբուծական տնտեսությունները սկսել են մեծ ծավալով ջուր վերցնել ընդերքից, ինչի հետևանքով Սայաթ Նովայում և Արարատյան դաշտի գյուղերում ցամաքում են հորերը: «Արդեն երկու տարի է` զգալի են նստում հորերը»,- ասում է 62-ամյա բնակիչ Գառնիկ Հայրապետյանը և ցույց տալիս գյուղամիջի խմելաջրի ցամաքած աղբյուրը:
![]() |
![]() |
Սայաթ Նովայի բնակիչները | Հրաչ Մարտիրոսյանը |
Սայաթ Նովա գյուղի 76-ամյա բնակիչ Հրաչ Մարտիրոսյանն իր հերթին է շտապում ցույց տալ իրենց տան բակում գտնվող հորատանցքը, որը դեռևս 3 տարի առաջ ինքնահոս շատրվանում էր: Հիմա հորատանցքը ցամաքած ու ծածկված է կանաչով: «Հորերի քառորդ մասն է մնացել, մնացածը ցամաքել է»,- ավելացնում է համագյուղացին` 75-ամյա Գրիգոր Հակոբյանը:
Բացի նրանից, որ գյուղացիները խմում են արտեզյան ջուրը, նրանք նաև ոռոգում են իրենց այգիները: Սակայն վերջին 2 տարիներին, քանի որ ինքնաշատրվանող հորեր այլևս չեն մնացել, գյուղացիներն օգտագործում են պոմպեր, որպեսզի ջուրը դուրս գա ընդերքից: Դրա համար էլեկտրաէներգիա են ծախսում և հավելյալ վճարումներ կատարում:
Սայաթ Նովա համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Զարգարյանը պատմում է, որ ձկնաբուծական տնտեսությունները հորատանցքերը շատ խորն են բացում` 200 մետր, և ջուրը վերցնում են մեծ տրամաչափի խողովակներով` 300 մմ, իսկ գյուղացիների հորատած արտեզյանները փոքր տրամաչափի են՝ 85-120 մ խորությամբ: Դրա համար ջրի մեծ ծավալները գնում են ձկնաբուծական տնտեսություններին, իսկ վերին շերտի հորերին այլևս ջուր չի հասնում: «Ինչքան շատ ջուր դուրս եկավ ընդերքից, էն մյուսը պակասում է»,- տեղակալի խոսքը շարունակում է համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը և մտավախություն հայտնում, որ մի քանի տարի հետո գյուղում ընդհանրապես ջուր չի լինի: Գյուղում խմելու ջրի 18 հորատանցք կա` վայրկյանում 3-4 լ ջուր են տալիս, մինչդեռ 20 տարի առաջ, գյուղապետի հիշելով, այդ հորերից վայրկյանում 100 լիտր ջուր էր հոսում: Սայաթ Նովայում հինգ ձկնաբուծարան կա:
Ձկնաբուծական տնտեսությունները ջրի թույլտվությունը ստանում են որոշակի ծավալի համար: 2010-ին խնդիրը սրվեց, և կառավարությունը սկսեց միջոցներ ձեռնարկել: Նախ` սահմանափակվեց ձկնաբուծական տնտեսություններին ջրի թույլտվությունների տրամադրումը և նոր հորատանցքեր բացելը, այնուհետև ձկնաբուծական տնտեսություններին ստիպեցին ջրաչափեր տեղադրել: Սակայն, ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, օրինակ՝ պատգմավոր Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանը ջրաչափ չէր տեղադրել: Տեղադրողներն էլ օգտագործում են հնարավոր սողանցքները` ջրի ծավալը թաքցնելու համար:
Ինչպես «խաբել» ջրաչափին
![]() |
![]() |
«Մասիս ձուկ»-ի տնտեսությունը, գյուղ Սայաթ Նովա |
Սայաթ Նովա գյուղում «Մասիս ձուկ» ՍՊԸ-ն խոշոր ջրօգտագործողներից է: Սեփականատերը Արամայիս Մանասերյանն է, տնօրենը` նրա որդին` Մասիսի կադաստրի նախկին պետ Սամվել Հարությունյանը (ազգանունները տարբերվում են): Աճեցնում են հիմնականում թառափ տեսակի ձուկ:
Ձկնաբուծարանի աշխատակից Կարեն Մելքոնյանն ասում է, որ շուրջ 80 ջրավազան ունեն, տնտեսությունը գնալով մեծանում է: Շահագործում են խորքային 7 հոր, որից երկուսը հորատել են վերջին երկու տարում:
Ըստ բնապահպանության նախարարության 2010թ. ցուցակի՝ «Մասիս ձուկը» 3 հորատանցք է շահագործել` վայրկյանում 360 լիտր թողունակությամբ: Եվ հայտնի չէ, թե ինչպես է ընկերությունը վերջին 2,5 տարում հորերի թիվը հասցրել 7-ի, եթե 2012-ից հետո թույլտվություն չի տրամադրվել: Իսկ որ 2012-ից սկսած՝ Արարատյան հարթավայրում նոր հորատանցք հորատելու համար ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվել, այդ մասին «Հետքին» հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Խողովակների վրա տեղադրված են ջրաչափեր: Աշխատակիցը մեզ ցույց է տալիս հորերից մեկի վրա տեղադրված ջրաչափը: Սակայն ջրաչափը ոչ թե մեծ խողովակի վրա է տեղադրված, որտեղից հիմնական ջուրն է հոսում, այլ դրանից դուրս եկող և զոդված փոքրի վրա, իսկ մեծից շարունակում է հոսել չհաշվարկվող ծավալի ջուր:
![]() |
![]() |
Տեղադրված ջրաչափը |
Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների քաղաքականության բաժնի պետ Մարտին Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ձկնաբուծարաններում ջրաչափը պետք է տեղադրված լինի ելքի մոտ, որտեղից ջուրը դուրս է գալիս, որպեսզի հաշվարկը ճիշտ լինի: «Ջրաչափը պետք է դրվի հենց մեծ խողովակի վրա, որպեսզի դուրս եկող ջուրն ամբողջությամբ ֆիքսվի»,- նշեց Մարտին Մարտիրոսյանը:
Վերահսկողությունը, ըստ Մարտին Մարտիրոսյանի, իրականացնում է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը: Այսօր առավոտվանից փորձում ենք մեկնաբանություն ստանալ գործակալությունից, սակայն պետը կամ տեղում չէ, կամ խորհրդակցության է, կամ էլ զբաղված է:
ՀՀ բնապահպանության նախարարությունը, պատասխանելով մեր գրավոր հարցմանը՝ արդյոք ձկնաբուծական տնտեսություններում կատարվում են ստուգումներ, հայտնել է, որ 2011թ. ընթացքում ստուգվել է 40 ձկնաբուծական տնտեսություն: Հայտնաբերվել է ՀՀ ջրային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտում, մասնավորապես` ջրօգտագործման թույտվության, ջրօգտագործման թույլտվությունը կասեցնելու, փոփոխելու և չեղյալ համարելու, ջրի նպատակային օգտագործման, ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջների մասով: 2011-ին կիրառվել է վարչական տուգանք 2, 290, 000 դրամ գումարի չափով:
Նույնատիպ 25 խախտում էլ հայտնաբերվել է 2012-ին: Կիրառված վարչական տուգանքի գումարը կազմել է 1, 700, 000 դրամ:
Ստուգվե՞լ է «Մասիս ձուկ»-ի տնտեսությունը, թե՞ ոչ, ԲՆ-ն չի հայտնել, սակայն փաստն այն է, որ տնտեսությունը շարունակում է իր գործունեությունը` օգտագործած ջրի ծավալը թաքցնելով: Ըստ ամենայնի, վերահսկողություն իրականացնող մարմնի պետը կրկին «տեղում չէ»: