
Doctors.am-ը գրում է.
Ճարպակալումը ժամանակակից հասարակության իրական պատիժն է: Սա ոչ միայն էսթետիկ խնդիր է: Ամեն տարի ճարպակալումից և դրա հետևանքներից մահանում են հազարավոր մարդիկ:
Ցինցիննատիի (ԱՄՆ) գիտնականները մշակել են նիհարելու նոր մեթոդ: Օգտագործելով հատուկ կատետր` նրանք ճարպակալած առնետների մոտ փոփոխել են լեղու մղման համակարգը: Արդյունքում առնետների մոտ նկատվել է քաշի այնպիսի նվազում, որը կարելի է համեմատել բարիատրիկ վիրաբուժության մեթոդների կիրառման հետ, երբ պարզապես հեռացնում են ստամոքսի մի մասը: Այն նորարարական մեթոդը կոչվում է "լեղամուղ համակարգի ձևափոխություն": Այս մեթոդը հատկապես արդիական է այն հիվանդների համար, ում մոտ ճարպակալման հետևանքով զարգացել է լյարդի որևէ պաթոլոգիա:
Այս պահին խիստ ճարպակալման դեմ լուրջ պայքարի առաջատար մեթոդ է բարիատրիկ վիրաբուժությունը (վիրաբուժական միջամտություններ` ուղղված ստամոքսի ֆունկցիոնալ ծավալի փոքրացմանը): Այս վիրահատությունները բերում են քաշի նվազման և հիվանդների մահացության ցուցանիշի կրճատման: Մյուս կողմից, սա ինվազիվ միջամտություն է, որի դեպքում, ըստ էության, տեղի է ունենում մարսողական համակարգի վնասում: Իսկ սա նշանակում է, որ կան նաև հակացուցումներ:
Այս փորձի ընթացքում առնետները բաժանվել են երկու խմբի. առաջին խմբում կատարվում էր լեղամուղ համակարգի ձևափոխություն, իսկ երկրորդում` ոչ: Հինգ շաբաթ հետո կատարվել է նյութափոխանակության գնահատում: Պարզվել է, որ առաջին խմբի առնետների մոտ զգալիորեն նվազել է քաշը, լյարդի ճարպային դիստրոֆիան ետ է քաշվել: Ենթադրվում է, որ սա կապված է արյան մեջ լեղաթթուների մակարդակի բարձրացման հետ, որոնք արագացնում են օրգանիզմի նյութափոխանակությունը:
Իհարկե, հետազոտությունները դեռ հեռու են ավարտուն լինելուց, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: Մեր նպատակն է վերարտադրել բարիատրիկ վիրաբուժության արդյունքները` առանց տրավմատիկ միջամտության», – ասում են գիտնականները: