Իմ հայրական տանն եմ: Գյուղ Գեղարքունիք: Քույրս - մեր Սոֆիկը, ինձնից փոքր է երեք տարով: Նա էլ եկել է թոռնուհու հետ: Մի քիչ առաջ էր - իմ անմեղ, Երևանում ապրող, բայց նույն գեղջկուհին մնացած քույրը «գրախոսում» է մեր հեռուստատեսությունը: Ասեմ, որ Սոֆիկը «մշակույթ» բառը երբևէ չի ասել, և այդ բառի վերացական իմաստը անծանոթ է նրան: Բայց լսեք, թե ինչ է ասում իմ անմեղ քույրը մեր Լարիս հարսին: Հեռուստատեսության մասին:

- Մե թատրոն գոնե ցույց տային, մե գրական հաղորդում... Ախր ըսկի իմաստ չկա...

Հայրենի հեռուստատեսություններ, ձեր վիճակը լավ չէ: Եթե մեր Սոֆիկը գիտի, թե դուք ինչ պիտի անեք, բայց դուք չգիտեք, ուրեմն եկել է ձեր վերջը: Քանի՜ տարի գրում եմ այդ մասին: Նույնիսկ գրքերիս փաթեթը ուղարկել եմ Հ1-ի խորհրդի նախագահին: Ասածս տեղ չի հասել: Մինչև մեր Սոֆիկը էսօր կարդաց ձեր մեղադրականը: Այն նաև դատավճիռ է, որը վերջնական է և բեկանման ենթակա չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել