
Pastinfo.am-ը գրում է.
Իտալիա հանգստանալու մեկնած ամուսնական զույգը հայտնվել է շոկի մեջ, երբ տեղի խանութներից մեկում հուշանվերային գինի գնելիս պիտակի վրա տեսել է Ադոլֆ Հիտլերի նկարը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Տարբեր ժամանակաշրջանների քաղաքական գործիչների պիտակներով գինիների արտադրությամբ Ալեսսանդրո Լունարդելլի գինեգործական ընկերությունը զբաղվում է 1995թ.-ից: Նրա արտադրած գինու շշերի վրա կարելի է տեսնել ոչ միայն Հիտլերի, այլև Բենուտո Մուսոլինիի, Ուինստոն Չերչիլի, Չէ Գևարայի և այլ պատմական դեմքերի նկարներ: Այդ ձևավորմամբ շշալցված ալկոհոլը ամբողջ երկրով մեկ վաճառվում է որպես հուշանվեր՝ արդեն երկար ժամանակ:
Նորվեգացի հաճախորդները բողոքել են Հիտլերի պատկերը կրող գինու շշի կապակցությամբ: Նրանք հայտարարել են, որ ոչ մի զվարճալի բան չեն տեսնում ֆաշիզմի գործիչներին պատկերող նկարներով շշերի մեջ:
Ի դեպ, այդ գինեգործական ընկերության հասցեին նույն պատճառով բողոքել են նաև ամերիկացի զբոսաշրջիկները: Սակայն այդ պիտակների պատկերները փոխելու մասին գինեգործը չի էլ մտահոգվում: Նա նույնիսկ կոչ է անում, որ «հուշանվերային» գինու նկատմամբ մոտենան հումորով, հաղորդում է «The Local» պարբերականը: