
Սամուրայները Ճապոնիայի ամենահայտնի դասերից մեկն են` լեգենդար ռազմականացված ազնվականների դաս: Նրանք կռվում էին իրենց զենքերով չարի դեմ` իրենց բարոյական գաղափարախոսությամբ առաջնորդվելով: Սա երևի բոլորին է հայտնի, սակայն ամեն ինչ չէ սամուրայների մասին, որ բոլորը գիտեն: Ահա 侍 այս հիերոգլիֆն է համապատասխանում սամուրայ բառին ճապոներենում: Ձեզ ենք ներկայացնում 10 զարմանալի փաստ, որոնք հետաքրքիր է իմանալ սամուրայների մասին:
10. Կին սամուրայներ
Սամուրայները ազնվական դասի զինվորներն էին, սակայն գոյություն ունեին նաև Բուշիներ, որոնք հասարակ դասի զինվորներն էին: Բուշիների դասի մեջ կային նաև կանայք, ովքեր տղամարդկանց պես ռազմական արվեստ և ռազմավարություն էին սովորում: Այս կանանց կոչում էին «Օննա-Բուգեյշա», և նրանք իրենց արական սեռի զինվորական ընկերների հետ միասին մարտի դաշտ էին դուրս գալիս կռվելու: Նրանց նախընտրած զենքը հիմնականում նագինատան էր` կոր, սրի նման սուր սայր ունեցող ճկուն, թեթև նիզակ:
Պատմական գրավոր աղբյուրներում քիչ է հիշատակվում կին զինյալների մասին: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նրանք փոքրամասնություն են կազմել: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ճապոնացի կին զինվորները ավելի շատ են մասնակցել ճակատամարտերի, քան պատմության գրքերն են վկայում: Երբ 1580թ.-ին տեղի ունեցած Սենբոնի Մացուբարու ճակատամարտի վայրից վերցված ԴՆԹ-ներն ուսումնասիրվեցին, պարզ դարձավ, որ 105 դիակներից 35-ը կանայք են եղել: Այլ վայրերում կատարված հետազոտությունները նմանատիպ արդյունքներ են ցույց տվել:
9. Սպառազինությունը
Սամուրայների հետ կապված ամենատարօրինակ փաստը թերևս նրանց անսովոր տեսքով զինվորական հանդերձանքն էր, սակայն նրանց զենքերի ամեն մի հատված իր կարևոր դերն ուներ: Բացի այդ, ի տարբերություն եվրոպական ասպետների, նրանց զենքերը միայն ազնվականների համար էին նախատեսված: Նրանց հագուստը ամուր էր, սակայն նաև հարմարավետ` ճակատամարտում ազատ տեղաշարժվելու համար: Նրանց զենքերը պատրաստվում էին լաքապատ մետաղից կամ կաշվից: Պաշտպանվելու համար նրանք կրում էին ուղղանկյունաձև վահաններ և թեթև զրահապատ թևքեր: Աջ ձեռքին, սակայն, երբեմն չէին կրում այս թևքերը` ավելի ազատ կռվելու համար: Նրանց սպառազինության ամենահետաքրքիր մասը թերևս կաբուտո սաղավարտն էր, որի գլխամասը մետաղից էր: Դեմքը պաշտպանելու համար առանձին մենգու դիմակ էին կրում, որն ամրացվում էր սաղավարտին: Սա ոչ միայն դեմքը պաշտպանելու համար էր, այլև թշնամիներին վախեցնելու: Նրանք նաև վիզը պաշտպանող հատուկ աքսեսուարներ էին կրում` ինչպես Վադերը «Աստղային պատերազմներ» ֆիլմում: Ի դեպ, ֆիլմի այս կերպարը ոգեշնչված է հենց սամուրայների կերպարից:
8. Միասեռականություն
Քչերն են տեղյակ, որ սամուրայները ընդունում էին համասեռամոլություն: Այս կապը հիմնականում հմուտ սամուրայների և նրանց կողմից վարժեցվող երինասարդ նորեկների միջև էր տեղի ունենում, որը հայտնի էր վակաշուդո ( «wakashudo» - երիտասարդների ճանապարհը) անունով, և բոլոր սամուրայներն էլ դրա միջով անցել են: Եվ չնայած վակաշուդոն սամուրայների անցած ճանապարհի անբաժան մասն էր կազմում, այնուամենայնիվ պատմությունը սրա մասին հարաբերական լռություն է պահպանում: Այս փաստին չեն անդրադարձել նույնիսկ մերօրյա ֆիլմարտադրողները, ինչպես օրինակ Ակիրա Կուրոսավան:
7. Արևմտյան սամուրայներ
Նրանք, ովքեր դիտել են «Վերջին սամուրայը» ֆիլմը, նկատած կլինեն, որ սամուրայների հետ միասին կռվում էին, նաև երբեմն դառնում սամուրայ, մարդիկ, ովքեր ճապոնացիներ չէին: Այսպիսի պատիվ (սամուրայի կոչում, զենք, ճապոնական նոր անուն) կարող էին ստանալ միայն հզոր առաջնորդները, ինչպես օրինակ դայմյոները (տարածքների սեփականատերեր) և շոգունները (զորքերի գլխավոր հրամանատարներ):
Պատմությունն այդպիսի մի քանի սամուրայներ է արձանագրել արևմուտքից, ինչպես օրինակ ճանապարհորդ Ուիլյամ Ադամսը, նրա ընկեր Ժան Ժուստիեն Լոդենշտեյնը, նավատորմի սպա Յուջին Քոլաքը և հրամանատար Եդվարդ Շնելը: Թվարկվածներից ամենաազդեցիկը Ադամսն էր, ով որպես խորհրդական էր ծառայում նաև շոգունին:
6. Սամուրայների թիվը
Շատերը կարծում են, որ սամուրայները կա՛մ ինչ-որ հատուկ զինուժ են իրենցից ներկայացնում, ինչպես օրինակ ռուսական «սպեցնազը», կա՛մ փոքր քանակով ազնվականների մի խումբ: Այնուամենայնիվ, նրանք իրենցից ներկայացնում են մի ամբողջ սոցիալական դաս` խավ: Սկզբում սամուրայ նշանակում էր «նրանք, ովքեր ծառայում են ազնվականներին», սակայն ավելի ուշ այս արտահայտությունն իր իմաստը ավելի լայնացրեց` վերաբերելով միջին և բարձր դասի զինվորականներին:
Սա նշանակում է, որ Ճապոնիայում սամուրայների թիվը շատ ավելին էր, քան մենք պատկերացնում ենք: Իրենց ծաղկման գագաթնակետին նրանց թիվը կազմում էր Ճապոնիայի բնակչության 10%-ը: Նրանց մեծ թվի և երկար ժամանակ ունեցած ազդեցության հետևանքով համարվում է, որ ժամանակակից բոլոր ճապոնացիներն էլ որոշ չափով ունեն սամուրայների արյուն:
5. Նորաձևություն
Սամուրայներն իրենց ժամանակի «ռոք աստղերն» էին, և նրանց հագուստի ոճը մեծապես իր ազդեցությունն է թողել ժամանակաշրջանի նորաձևության վրա: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ սամուրայները երբեք չեն հագնվել տպավորություն գործելու համար, և նրանց հագուստի ամեն մի դետալ ծառայում էր նրանց որպես զինյալների: Նրանց հագուստը պետք է հարմարավետ լիներ արագության, շարժման ազատության համար: Նրանց մշտական հագուստը բաղկացած էր լայն հակամա անդրավարտիքից և կիմոնոյից կամ հիտատարեյից` երկու մասից բաղկացած ուսերն ընդգծող բաճկոնից: Նրանց զգեստը ձեռքերը ազատ էր թողնում այնպես, որ հարձակման դեպքում հեշտությամբ կարելի էր միանգամից հանել հիտատարեն: Կիմոնոն հիմնականում մետաքսից էր կարվում թե՛ տեսքի, թե՛ հարմարավետության ու դրա զով պահելու հատկության պատճառով, իսկ որպես կոշիկ նրանք հագնում էին փայտյա սանդալներ:
Սամուրայների առանձնացող մազափնջի տեսքով մազերի հարդարումը նույնպես տարածված էր` բացառությամբ բուդդայական հոգևորականների մոտ, ովքեր սափրում էին իրենց գլուխները:
Հետագայում ենթադրվում էր, որ սամուրայների կիսասափրած գլխին մազափնջեր կրելը հարմարավետության նկատառումներով է արվել, քանի որ այդպես ավելի հարմար էր սաղավարտ կրելը:
4. Զինամթերքը
Որպես զինվորներ սամուրայները կիրառում էին բազմատեսակ զենքեր: Սկզբնական շրջանում նրանք օգտագործում էին չոկուտո, որն իրենից ներկայացնում էր միջնադարի ասպետների կողմից օգտագործվող ուղիղ սրի ավելի բարակ ու փոքր տարբերակը: Այս թրերին հաջորդել են փոքր կորություն ունեցող թրերը, իսկ հետո էլ` կատանան: Կատանան թերևս ամենահայտնի թուրն է աշխարհում: Բուշիդոյում («Ռազմիկի արվեստ» սմուրայների օրենսգիրքը` կանոնակարգ) նշվում էր, թե սամուրայի հոգին իր կատանայի մեջ է, և այն համարվում էր ամենակարևոր զենքը: Կատանաները հիմնականում կրում էին ավելի փոքր դաշույնների հետ, որոնք կոչում էին դաիշո, որը նաև կարգավիճակի սիմվոլ էր ծառայում սամուրայների պարագայում:
Սամուրայները նաև օգտագործում էին յումի` նետ ու աղեղ: Հետագայում, երբ 16-րդ դարում սկսվեց օգտագործվել վառոդ, յումիի փոխարեն նրանք սկսեցին տանեգաշիմա` կայծքարով հրազեն, օգտագործել:
3. Կրթությունը
Որպես ժամանակաշրջանի ազնվական դաս` սամուրայներն ավելին էին, քան ուղղակի մարտիկները: Սամուրայների մեծամասնությունը լավ կրթություն էր ստանում: Այն ժամանակ, երբ Եվրոպայում քչերն էին կարողանում կարդալ, սամուրայների գրագիտությունը բավականին բարձր էր: Նրանք նաև հմուտ էին մաթեմատիկայից:
Բուշիդոյում նշվում էր, որ սամուրայը պետք է բազմակողմանիորեն կատարելագործվի` ներառյալ նաև մարտի հետ կապ չունեցող ոլորտներում: Ահա թե ինչու բազմաթիվ սամուրայներ մասնակցում էին տարբեր մշակութային և ստեղծագոծական աշխատանքների: Բանաստեղծական արվեստը, քարերից այգիները, թանաքով նկարչությունը և թեյի արարողությունը կարևոր նշանակություն ունեն սամուրայների մշակույթում: Նրանք նաև ուսումնասիրում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք են գեղագրությունը, գրականությունը և ծաղկային ձևավորումները:
2. Ֆիզիկական առանձնահատկությունները
Նրանց գրավիչ սպառազինությունն ու զենքերը մեզ վրա այնպիսի տպավորություն են թողնում, կարծես նրանք հսկաներ են եղել: Իսկ իրականում սամուրայները շատ ավելի նիհար և կարճահասակ են եղել: 16-րդ դարի սամուրայների հասակը տատանվոում էր 160-165սմ-ի միջև: Համեմատության համար կարող ենք նշել, որ նույն ժամանակաշրջանում եվրոպական ասպետների հասակը 180-196սմ կարող էր լինել:
Բացի այդ` ազնվական համարվող սամուրայներն իրականում այնքան էլ «մաքուր» չէին: Հասարակ ճապոնացիների հետ համեմատած`նրանք ավելի մազոտ էին, իսկ մաշկն` ավելի բաց: Նրանց քիթն ավելի եվրոպական տեսք ուներ: Սա կարող է նույնիսկ հուշել, որ սամուրայները սերում էին Աինու էթնիկ խմբից, որը հաճախ խտրականության է ենթարկվել ճապոնացիների կողմից:
1. Ինքնասպանության ծիսակարգեր
Եթե սամուրայը չի պահպանում բուշիդոյում ամրագրված կանոնները կամ գերեվարվում է թշնամու կողմից, ապա ինքն իրեն սպանում է: Այս արարողությունը կոչվում է սեպուկու կամ հարա-կիրի: Այն նաև հնարավոր է կատարվի ուրիշի կողմից, որպես պատիժ, սակայն երկու դեպքում էլ այսպիսի մահը համարվում է պատվավոր:
Շատերը հնարավոր է ծանոթ լինեն սեպուկուի մարտադաշտում կատարվող տարբերակին, երբ սամուրայը փոքր կամ կարճ դաշույնով խոցում է ինքն իրեն` ստամոքսի հատվածը ձախից աջ կտրելով, որից հետո հիմնականում սամուրայի ընկերը նրա դանդաղ ու տանջալի մահը կանխելու համար գլխատում է նրան:
Ֆորմալ սեպուկուն ավելի երկար ծիսակարգ է: Սամուրայը նախ պետք է հանդիսավոր լողանա, որից հետո նա հագնում է սպիտակ թիկնոց և ուտում իր սիրած ուտեստը` որպես վերջին ճաշ: Երբ նա վերջացնում է իր ճաշը, նրա դատարկ ափսեում կարճ դաշույն են տեղադրում: Դրանից հետո սամուրայը պետք է մահվան բանաստեղծություն գրի` ավանդական թանկա, որտեղ նա պետք է արտահայտի իր վերջին մտքերը: Ավարտելով բանաստեղծությունը` սամուրայը վերցնում է դաշույնը, այն փաթաթում գործվածքով և նորից ձախից աջ կտրում իր ստամոքսը, որից հետո նրան նորից գլխատում են:
Եթե գլխատելիս գլուխը հանկարծակի դիպչի ինչ-որ մեկին, ապա դա վերջինիս համար ամոթանք կլինի մինչև իր կյանքի վերջ: