
Tert.am-ը գրում է.
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր այս պաշտոնը և կղեկավարի կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Նախ նա տեղափոխվել է այդ կոմիտե և, հավանաբար, նոր գլխավոր ճարտարապետ լինի։ Ինչքանով ես տեղյակ եմ, արդեն հարցը քննարկվել է և համաձայնություն է ստացել։ Նոր գլխավոր ճարտարապետը կզբաղվի քաղաքին վերաբերող խնդիրներով, իսկ ճարտարապետական պետական կոմիտեն, որը կար, ի դեպ, խորհրդային տարիներին՝ կզբաղվի ճարտարապետական խնդիրներով»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։
Թե ով է լինելու մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ, Մկրտիչ Մինասյանը հստակ ասել չի կարող, դեռևս վերջնական որոշում չկա։ «Կարծեմ քննարկվել է, բայց ես որոշակի դեռ չեմ իմանում»,- ասաց նա։
Հարցին, թե գուցե միության նախագահն էլ լինի հավանական թեկնածուների շարքում, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Իմ անունը չի կարող լինել, որովհետև այդտեղ երիտասարդ մարդ է պետք էլի։ Ես չեմ ասում ես շատ մեծ եմ, անուժ կամ անօգնական, բայց երիտասարդ մարդ է պետք»։
Դիտարկմանը, թե միությունից, գուցե, լինեն, երիտասարդները քիչ չեն, Մկրտիչ Մինասյանը խոստովանեց, որ միության անդամ կլինի, հետո ուղղեց, որ ինքը նկատի չունի նաև միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանին։ Նա նաև ավելացրեց, որ իր տեղեկությամբ համալսարանից է լինելու։
«Ես որոշակի չեմ իմանում, երբ հրամանագրված լինի, այն ժամանակ կասեմ, ամեն օր մի բան հանկարծակի լինում է»,- ասաց նա։
Անդրադառնալով նման կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունից Մկրտիչ Մինասյանը նշեց, որ դրա կարիքը, այդուամենայնիվ, կա։ «Նախագահի հրամանագրով այդպես էր գրված, որ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտե պետք է ստեղծվի՝ ճարտարապետական գործունեությունը միավորելու և համակարգելու համար։ Ես կարծում եմ՝ կա դրա անհրաժեշտությունը»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ