
Տեխնոլոգիական ձեռքբերումները հեշտացնում են մեր կյանքը, սակայն դրանք ունեն նաև իրենց վատ կողմը. դրանց թափոններն ու կողմնակի արտադրանքը մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Այսօր ամբողջ աշխարհն է աղտոտված, սակայն կան քաղաքներ, որոնք համեմատաբար ավելի աղտոտված են, քան մյուսները: Այնպես որ, ճանապարհորդելուց առաջ լավ կլինի` ստուգեք 2013թ.-ի աշխարհի ամենաղտոտված քաղաքների տասնյակը:
10. Կամբե, Զամբիա
Նախկինում բրիտանական գաղութ հանդիսացող Կամբեն գտնվում է Հյուսիսային Ռոդեզիայում: 1902թ.-ին այստեղ բացվեցին կապարի հանքեր: Եվ չնայած այդ հանքերն ու գործարաններն այժմ չեն աշխատում, այնուամենայնիվ, դրանց հետևանքով այստեղ մեծ քանակությամբ կապարի և կադմիումի թափոններ են մնացել, որը այս քաղաքը դարձնում է 2013թ.-ի աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը: Բնակչության թիվը Կամբեում կազմում է 250.000 մարդ (հիմնականում երեխաներ): Բազմիցս նշվել է, որ այստեղ կապարի և կադմիումի քանակը գերազանցում է նորմայի սահմանը: Դրա հետևանքով բնակիչները տառապում են բազմատեսակ հիվանդություններից, ինչպես օրինակ` թոքախտը, կրծքի ցավերը և այլ թոքային հիվանդություններ:
9.Սումգայիթ, Ադրբեջան
Ժամանակին Սումգայիթը հանդիսանում էր բազմաթիվ նավթաքիմիական և արդյունաբերական հանքավայրերի համալիր: Երբ գործարանները դեռևս ամբողջությամբ աշխատում ու ակտիվ էին, նրանց պատճառով օդն աղտոտվում էր 120.000 տոննա սնդիկով և այլ քիմիական թափոններով: Եվ չնայած գործարաններն այժմ փակված են, դրանց աշխատանքի հետևանքով մնացած օրգանական քիմիկատները, յուղերը և ծանր մետաղները շարունակում են աղտոտել միջավայրը: Աղտոտումը տարածքում ապրող 275.000 մարդու առողջության խանգարման պատճառ է հանդիսացել: Սումգայիթը համարվում է Ադրբեջանի ամենաաղտոտված քաղաքը:
8.Չերնոբիլ, Ուկրաինա
1986թ.-ի ապրիլի 26-ին ատոմակայանի պայթյունի հետևանքով մթնոլորտ են արտազատվել մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր` 100 անգամ ավելի շատ, քան Հերոսիմայի և Նագասակիի պայթյունները միասին վերցրած: Ըստ BBC-ի` ավելի քան 5 միլիոն բնակիչ է լքել այս քաղաքը և շրջակա տարածքը: Ռադիոակտիվ յոդի արտազատման հետևանքով այս տարածքում ապրող մոտ 5000 մարդու մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել պայթյունի առաջին տարիներին:
7. Նորիլսկ, Ռուսաստան
Չինաստանի և Հնդկաստանի նման Ռուսաստանն էլ կարող է համարվել ամենաաղտոտված քաղաքների երկիր: Այդ քաղաքներից մեկն էլ Նորիլսկն է, որի բնակչությունը կազմում է 134.000 մարդ: 1935թ.-ին, երբ հիմնադրվեց քաղաքը, այն սիբիրյան աշխատանքային ճամբար էր: Սակայն շուտով քաղաքը դադարում է ծառայել որպես աշխատանքային ճամբար և վերափոխվում է ծանր մետաղների մեծ հանքավայրի, որի հետևանքով տարեկան 4 միլիոն տոննա ցինկ, մկնդեղ, կադմիում, կապար, պղինձ և նիկել է արտազատվում մթնոլորտ: Օդում նիկելի և ցինկի մեծ քանակության պատճառով քաղաքի բնակչության մեծ մասը տառապում է տարբեր շնչառական հիվանդություններից:
6. Դերժինսկ, Ռուսաստան
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի` Դերժինսկը համարվում է քիմիկատներով ամենաաղտոտված քաղաքը աշխարհում: Քաղաքը սառը պատերազմի զոհ է դարձել, երբ 1930-1998թթ. քաղաք են թափվել 300.000 տոննա քիմիական թափոններ: Ջրում դիօքսինի և ֆենոլի քանակը 19 միլիոն անգամ գերազանցում է նորմայի սահմանը: Քիմիական ու թունավոր նյութերով աղտոտվածության պատճառով այս քաղաքում կանանց և տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է ընդամենը համապատասխանաբար 42 և 47 տարի:
5.Լա-Օրոյա, Պերու
Լա-Օրոյա քաղաքում բազմաթիվ հանքեր ու գործարանններ կան, որոնց պատճառով օդն աղտոտված է կապարով, ցինկով, պղնձով և ծծմբով: Քաղաքի երեխաների 99%-ի մոտ օրգանիզմում կապարի քանակը բարձր է, որի պատճառով երեխաները խնդիրներ են ունենում` ուսման, կարդալու, լսողության կորստի և կարճահասակության: Քաղաքի 35.000 բնակիչների ապագան այս քաղաքում այնքան էլ լուսավոր չէ` մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ ըստ Global Post-ի քաղաքում պատրաստվում են ևս մեկ գործարան վերականգնել:
4.Վապի, Հնդկաստան
Վապիի բնակչությունը կազմում է 71.000 մարդ: Այն Հնդկաստանի արդյունաբերական քաղաքներից մեկն է: Այստեղ ջուրն ու հողը աղտոտված են քիմիկատներով և ծանր մետաղներով: Ըստ National Geographic-ի` Վապիի ստորերկրյա ջրերը աղտոտված են սնդիկով և այլ ծանր մետաղներոով: Սնդիկի երկարատև ազդեցությունը կարող է մարդու տեսողության կորստի, ինչպես նաև մկանների թուլացման պատճառ հանդիսանալ: Քաղաքի բնակիչների ապագան իսկապես վտանգված է, քանի որ երեխաները, որոնք ծնվում են տեղական ջուրն օգտագործած մայրերից, լուրջ նյարդային խանգարումներով են լույս աշխարհ գալիս:
3. Սուկինդի, Հնդկաստան
Այս քաղաքում օդը առավել աղտոտված է քրոմով: Տեղական ջուրը պարունակում է 60% 6 ատոմներով քրոմ: Քրոմի մեծ քանակությունը ջրում դարձնում է այն խմելու համար անպիտան: Քաղաքի 2.600.000 բնակիչները տառապում են մրսածությունից, ռնգային տարբեր խոցերից և այլ շնչառական խնդիրներից: Բնակչության 85%-ը մահանում է այս հիվանդություները չբուժելու հետևանքներով:
2. Տյանին, Չինաստան
Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող այս արդյունաբերական մշուշոտ քաղաքը հարուստ է կապարով և այլ ծանր մետաղներով: Նույնիսկ ջուրն ու պարարտ հողն են պարունակում կապար: Աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը համարվող Տյանինի 140.000 բնակիչների կյանքը վտանգված է, քանի որ կապարն ազդում է գլխուղեղի վրա, որի պատճառով առաջանում են հոգնածություն, հիշողության կորուստ, գրգռվածություն, հալուցինացիաներ:
1. Լինֆին, Չինաստան
Քաղաքը տնվում է Ֆենխե գետի ափին: Ըստ «Time Magazine» պարբերականի` քաղաքը համարվում է ամենաաղտոտվածը աշխարհում: Քաղաքը ածխարդյունաբերական կենտրոն է: Օդի աղտոտվածության մակարդակն այնքան բարձր է, որ մարդիկ տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են քրոնիկ բրոնխիտը, ասթման և թոքերի անբավարարության հետ կապված այլ հիվանդություններ:
Եթե սպիտակ հագուստով դուրս գաք, ընդամենը մի քանի րոպեում ձեր հագուստը իր գույնը կփոխի` դառնալով մուգ: