
ՆՈՐԻՑ «ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ» ԿԵՆՏՐՈՆԻ ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ…��Ովքեր ուշադիր չեն եղել, կրկնեմ, թե ինչ է ասվում այդ «մոդուսական» հայտարարության մեջ հետևյալ մասում. «Այդ օրն (այսինքն՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին – Աբ. Ստ.) իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց ՄԵՐ ԲՆՕՐՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ` ՆՐԱ ՀՅՈՒՍՒՍ – ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԸ» (ընդգծումն իմն է՝ Աբ. Ստ.):
Փաստորեն «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարի պատկերացումների և հասկացողության մեջ գոյություն չունի այն Հայաստանը, որը անվանվում է պատմական գրականության մեջ որպես Ռուսահայաստան կամ Արևելահայաստան, և Սևրի չկայացած պայմանագիրը նա համարում է որպես կայացած պետություն՝ հանրապետություն, մի պետություն, որի սահմանները գծել է ԱՄՆ նախագահ Վիլսոնը: Հենց այդ թղթի վրա միայն գոյություն ունեցող «պետությունն» է Արա Պապյանի համար հանդիսանում պետություն, այլ ոչ թե այդ բառացիորեն թղթե, քարտեզային պետությունից արևելք ընկած այն Հայաստանը, որը առկա է պաշտոնական փաստաթղթերում՝ սկսած Արևելահայաստան, Դաշնակցական Հայաստան հասկացությունից մինչ օրս գործող Հայաստանի Հանրապետություն հասկացությունը: Այսինքն` գոյություն չունեցող Սևրի հիմունքներով «ստեղծված թղթե պետությունը» Պապյանի գլխավորած կենտրոնի համար «հիմնական պետություն» է հանդիսանում, որը շնորհվել է ԱՄՆ-ի պրեզիդենտի ապօրինի որոշմամբ: Դեռ չեմ նշում, որ այդ պայմանագիրը չի վավերացվել և ոչ մի պետության կողմից, իսկ կնքված Լոզանի պայմանագիրը ՓԱՍՏԱՑԻՈՐԵՆ խաչ քաշեց ամեն տեսակ Սևրի պայմանագրի վրա: Առավել կոնկրետ և վերջնական կասեմ հետևյալը. բոլոր ժամանակների միջազգային իրավունքի դիրքերից Վիլսոնյան որոշումը անօրինական էր Թուրքիայի մասով, քանի որ այդ պայմանագիրը հակասության մեջ էր մտնում Թուրքիայի կողմից ընդունված «Ազգային ուխտի» հետ, որը հռչակում էր փաստացիորեն նրա տարածքային ամբողջականության գաղափարը: Կատարեմ առավել արմատական եզրակացություն վերոնշվածից, որ Արա Պապյանի ղեկավարությամբ գործող կենտրոնի կողմից տարածած այդ հայտարարությամբ կամ իրավաբանորեն կասկածի տակ է դրվում, կամ՝ չեղյալ է հայտարարվում ներկա Հայաստանի Հանրապետության իրավաբանորեն և փաստացի գոյության փաստը:
«Մոդուս Վիվենդի» Կենտրոնի նմանատիպ մոտեցման դեպքում Հայաստանը իրավաբանորեն չի ճանաչվում որպես պետություն, փոխարենը պետություն է հանդիսանում Սևրի հիման վրա այսպես կոչված «ստեղծված» այն Հայաստանը, որը առկա է միայն Վիլսոնյան քարտեզում. Տեղադրում եմ այդ քարտեզի հղումը. նրանք, ովքեր լավ են աշխարհագրությունից, գոնե կտարբերեն, թե որտեղ է հյուսիս- արևելքը, իսկ նրանք, ովքեր լավ չեն՝ կհուշի ներկված գույնը. ահա այդ քարտեզը Հղում 1
Բացի այդ, Վիլսոնի կողմից սահմանների ուրվագծման համար հիմք է հանդիսացել ըստ էության և փաստացիորեն 1917 թվականի վերջերին ռուս-թուրքական ռազմաճակատի գիծը, որի համար տեղադրում եմ այդ քարտեզի հղումը Հղում 2:
Նայեք երկու քարտեզները, դրեք կողք-կողքի և համամատելով համոզվեք, որ տառացիորեն կրկնվում է այդ սահմանագիծը համաձայն ռազմաճակատի գծի 1917 թվականի իրավիճակի համապատասխան: Ահա՛ թե որտեղից է Վիլսոնը հայթայթել իր կողմից գծված սահմանների համար աղբյուրը: Ուղղակիորեն հաշվի է առնվել պատերազմի հետևանքով ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ԳՐԱՎՎԱԾ, ԻՍԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, այն տարածքները, որտեղ որ կանգ են առել զինադադարի կնքման հետևանքով ռուսական զորքերը: Միայն այսպես կարելի կլինի բացատրել և հասկանալ, թե այդ որտեղի՞ց Վիլսոնյան փաստաթղթում հայտնվեց «ելք դեպի Սև ծով» հասկացությունը: Սևրի պայմանագրի կնքման քննարկումներում գնացել է Հայաստանի սահմանների մասին խոսակցությունը, խոսվել է ելք դեպի Սև ծովի մասին, սակայն աղբյուրը, որի հիման վրա գծվել է Վիլսոնի կողմից Հայաստանի սահմանները, վերցված է 1917 թվականի դեկտեմբերի 5- ի Երզնկայի զինադադարի ծամանակ գոյություն ունեցող ռազմաճակատի գիծը, որն անցնում էր՝ Տրապիզոնից Սև ծովի ափից մոտ 200 կիլոմետր դեպի արևմուտք, ապա իջնում դեպի հարավ՝ Գյումուշխանե – Երզնկայից փոքր ինչ արևմուտք, Քղի-Գենջ- Օղնուտ – Մուշ – Բիթլիս Մոկս- Ադամակերտ և վերջանում Պարսից սահմանով: Իսկ Պարսկաստանի պետական սահմանը թողնվել է նույնությամբ, քանի որ «Պարսկաստանի հարց», որպես այդպիսին, գոյություն չուներ, ինչպես որ ուներ այսպես կոչված «հայկական հարց»-ը, մի արհեստական ստեղծված հարց, որը Արևմուտքին հարկավոր էր միայն շահարկելու և իր աշխարհաքաղաքական նպատակները իրագործելու համար: Արևմտյան մասում ըստ Սևրի պայմանագրի Հայաստանի սահմանը լինելու էր. մեջբերում եմ հոդված 89-ը ամբողջությամբ.
«Հոդված 89.
Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ»:
Դե հիմա եկեք մի փոքր մտածենք, թե ինչ ուժերի օգտին է գործում այդ «Մոդուս Վիվենդի» կոչվող կենտրոնը, որի ղեկավարն է Արա Պապյանը:
Կարևոր հարցերից է նաև, թե այդ ինչու՞ Վիլսոնի այսպես կոչված «իրավարար վճիռը» կայացվեց 1920 թվականի դեկտեմբերի 22-ին: Ինչու՞ ավելի շուտ չկայացվեց: Նորից դիմենք Սևրի պայմանագրին.
«Հոդված 91.
Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը»:
Ինձ համար հարց է առաջանում. ինչու պետք է այդ սահմանների հարցը որոշվեր «ԵՐԵՔ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ», որը ճիշտ և ճիշտ կրկնում է իմ կողմից ցույց տրված այն 1917 թվականի դեկտեմբերյան զինադադարի ժամանակ առկա ռազմաճակատի գիծը, որտեղ կանգ էին առել ռուսական զորքերը: Ինչ է, Ամերիկյան կողմը հանձին Վիլսոնի, երբ այդ սահմանները ուրվագծվում և հրապարակվում է երեք ամիս 12 oր հետո, չէ՞ր կարելի առավել շուտ որոշել թուրք-հայկական սահմանը: Ստացվում է, որ սպասեցին մինչև թուրք-հայկական այսպես կոչված «պատերազմի» սկսվելուն, որ նոր արդեն պատերազմի վերջին՝ նոյեմբերի 22-ին կայացնեն իրավարար վճիռը, երբ հայկական կողմը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Կարելի է եզրակացնել, որ թուրքական դիվանագիտությունը կարողացավ Սևրի ստորագրումից հետո կամ հենց դրա ժամանակ պայմանավորվածություն գտնել Անգլիացիների և ԱՄՆ-ի հետ և համարձակ կերպով գնալ Սևրի պայմանագրի ստորագրմանը՝ գաղտնի կերպով ստանալով հավաստիացումներ, որ չեն պատրաստվում Հայաստանին տրամադրել ոչ մի տեսակի օգնություն, իսկ իրավարար վճռի կայացնելը կստիպի Հայաստանին վերջնականապես հույսեր կապել Արևմուտքի հետ և այդ ձևական պատերազմից հետո կնքել Թուրքիայի հետ մի պայմանագիր, որը Թուրքիան կթելադրի Դաշնակցական Հայաստանին, որով միածամանակ վերջիններս կհրաժարվեն ամեն տեսակ պահանջներից, կհայտարարեն թուրքերին բարեկամ ժողովուրդ: Այսինքն, օգնողի դերում հանդես կգա Արևմուտքի կողմից Թուրքիան: Հետևաբար, ես կասկածի տակ եմ դնում նաև այն շրջանառվող թեզը, ըստ որի Խորհրդային Ռուսաստանը ֆինանսավորել է Թուրքիային Հայաստանի Հանրապետոության դեմ պատերազմ սկսելու գործում: Եթե կար մի շահագրգիռ կողմ, ապա այդ շահագրգիռ կողմը հանդիսանում էր նախ և առաջ Անգլիական կայսրությունը, որը նպատակ ուներ Թուրքիայի ձեռքերով պատերազմ հրահրել Կովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով էլ տեղի չունեցավ Թուրքիայի վերջնական մասնատումը, նրանցից և ոչ ոք չուղարկեց գեթ մեկ գումարտակ Փոքր Ասիա կամ Անատոլիա կոչվող տարածքը օկուպացնելու համար: Հակառակը, փաստաթղթերը այլ բան են խոսում. նախ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը. մեջբերեմ Ս.Տ. Ալիխանյանի գրքից մի հատված. «Քեմալականներն իրենց «ռևոլյուցիոն ողջույնների տարափի տակ արագացրին ու կնքեցին դաշնակների հետ Ալեքսանդրապոլի ստրկացուցիչ պայմանագիրը, որպեսզի դրանով Սովետական Հայաստանի կառավարությանը կանգնեցնեն կատարված փաստի առաջ։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, երբ Ռևկոմը դեռ Երևան չէր հասել, սկսեցին ճչալ, թե իրենք չեն կարող վստահել հայ բոլշևիկներին, քանի որ նրանք հայ են։ Այս պատրվակի տակ էլ սկսեցին թաքցնել Ալեքսանդրապոլից իրենց չհեռանալու իսկական պատճաոները:Հայաստանում սովետական իշխանության հաստատման մասին Օրջոնիկիձեի նոյեմբերի 29-ի հեռադիրը ստանալուն պես նոյեմբերհ 30-ին Քաղբյուրոն քննում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը և որոշում խաղաղ բանակցությունների միջոցով լուծել դրացի այդ ժողովուրդների տերիտորիալ դարավոր վեճը։ Քաղբյուրոն նպատակահարմար է գտնում Թուրքիայի և Հայաստանի սովետական կառավարության միջև նոր բանակցություններ սկսել Սովետական Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, սահմանների հարցը որոշել Սովետական Ռուսաստանի մասնակցությամբ հայ-թուրքական խառը հանձնաժողովի միջոցով, ինչպես նաև կնքել սովետա-թուրքական բարեկամության պայմանագիր։ Դեկտեմբերի 1-ին Կենտկոմից Օրջոնիկիձեին տրվում է հետևյալ հեռագիրը. «Մենք որոշել ենք համաձայնություն տալ պայմանագիր կնքելու առթիվ։ Հանձնաժողով կուղարկենք, Չիչերինի համապատասխան նոտան կտրվի։ Պետք է կասեցնել թուրքերի շարժումը Բաթումիի վրա, քեմալականները պետք է ճանաչեն Հայաստանի անկախությունը, նրանց առայժմ վստահել չի կարելի, նրանք մեծ խորամանկներ են, այսպիսին է քաղբյուրոյի որոշումը»:
Շարունակությունը՝ այստեղ