Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օգտին հանդես եկող հայ քաղաքական գործիչները երբեմն մարդկային տարօրինակ էություն են ցուցաբերում: Հետագա ինտեգրացիայի օգտին ծանրակշիռ փաստարկներ բերելու փոխարեն նրանք պարզապես սպառնում են Հայաստանին Ռուսաստանով: Ահա, Ռուսաստանը կբարկանա եւ միեւնույն է կստիպի Հայաստանին հրաժարվել եվրոպական ճանապարհից, ասում են նրանք: Իսկ սա արդեն այլասերվածության է նման:

Արտաքին ուժերի նկատմամբ Հայաստանում շատերի վերաբերմունքը հաճախ քաղաքական այլասերում է հիշեցնում: Մենք մշտապես պատրաստ ենք, որ մեզ «միեւնույն է կստիպեն» եւ կարեւոր չէ՝ ռուսները, թուրքերը, թե ամերիկացիները: Այդ պատրաստակամությունը մեր միջից հանում է ցանկացած նախաձեռնություն, մենք բաց ենք թողնում հնարավորությունները՝ չնկատելով նույնիսկ իրական հնարավորությունները, սակայն տառապում ենք վախերով՝ փնտրելով նրանց, ովքեր կարող են մեզ ստիպել:

Հնազանդության այդ մշակույթը մեր մեջ է անցել երկար դարեր տարբեր՝ պարսկական, թուրքական, ռուսական, սակայն գլխավորը՝ խորհրդային կայսրությունների տիրապետության տակ լինելու արդյունքում: Շատ հայ քաղաքական գործիչների ու քաղաքագետների համար աշխարհը նախկինի պես սկսվում եւ ավարտվում է Կրեմլում: Նրանք պատրաստ են Կրեմլից եկող ցանկացած բան հանդուրժել՝ գլխավորը, որ յուրայինները «ստիպեն»:

Միշտ հնազանդվելու այլասերված ցանկությունը, իրավահավասարության զգացման բացակայությունը ներխուժել են մեր կյանքի բոլոր ոլորտներ՝ պետական կառավարում, բանակ, ընտանիք: Այդ հիերարխիան սկիզբ է առել անիրավահավասար մուսուլմանական կայսրություններում եւ ամրապնդվել է խորհրդային տարիներին: ԽՍՀՄ-ում միանգամից երկու հիերարխիա է կառուցվել՝ պետական-կուսակցական եւ գողական, որոնք ապահովագրում էին միմյանց: Այդ հիերարխիայում յուրաքանչյուր օղակ ուներ իր տեղը:

Հայաստանում անկախության հռչակումից հետո այդ հիերարխիան դեն նետելու հնարավորություն առաջացավ, սակայն այն միայն ամրապնդվեց:

Քրիստոնեությունն աշխարհին հավասարություն բերեց: Ի տարբերություն մյուս կրողնների՝ այն չէր տարբերակում մարդկաց ըստ սեռի, հարստության, ազգության, նույնիսկ դավանանքի: 10 պատվիրանները բոլորի համար են գրված, սակայն հենց քրիստոնեական Հայաստանում մերժում են Քրիստոսի գլխավոր գաղափարը՝ հավասարությունն ու միմյանց նկատմամբ բռնության կիրառման մերժումը:

Մարդիկ, ովքեր միշտ կցանկանային հնազանդվել, կան միշտ եւ ամենուր: Սակայն որպես կանոն նրանց մոտ չեն թողնում ոչ միայն պետական կառավարմանը, այլ նաեւ մշակույթին: Իսկ հայ քաղաքագիտության մեջ, որը ձեւավորում է քաղաքական մշակույթը, այժմ հիմնականում նրանք են, ովքեր ի սկզբանե պատրաստ են ենթարկվել, ոմանք նույնիսկ ցանկանում են, որ իրենց ենթարկեն, եւ ուրախանում են, որ մյուսներին էլ են ստիպում: Ինչ անես, մարդիկ հավանաբար դրանից հաճույք են ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել