
1in.am-ը գրում է.
Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Սիրիայի հյուսիսում գտնվող՝ ալավիներով բնակեցված երեք գյուղեր, որոնք զավթել էին Թուրքիայից ներխուժած զինված ծայրահեղականները: Վարձկանները, որոք շարքում եղել են ծագումով Լիբիայից և Թունիսից բազմաթիվ մարդիկ, ջախջախվել են:
Ներկայում շարունակվում են մարտերը Նահաբան, Բարուդա, Ալ-Համբուշիա, Իստարբա և Նաբատա բնակավայրերի համար, որտեղ նույնպես գրոհայիններ են ներթափանցել: Ինչպես հայտնում է Vesti-ն՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին, այնտեղ գրոհայինները պատանդ են վերցրել և թուրքական սահմանի ուղղությամբ տարել մոտ 400 ալավիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների: Պատանդների թվում է նաև 80-ամյա Բադրեդին Գազալը, ով ալավիական համայնքի կրոնական գործիչ է: Ալավիական համայնքի ներկայացուցիչ է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Հոմսում բանակային հատուկ ստորաբաժանումները ոչնչացրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք քաղաքը կապել են ծայրամասերի հետ: Կարաբիս թաղամասում, որի միջոցով գրոհայինները ներթափանցել են Հոմսի հնագույն հատված, «մաքրման» աշխատանքներ են իրականացվել:
Հալեպից հյուսիս և արևելք ահաբեկչական խմբավորումներին հաջողվել է շրջափակել քրդական շրջանները, ինչի հետևանքով մոտ 1 մլն մարդ հայտնվել է պաշարման մեջ: Բնակչության շրջանում անցկացվում է մոբիլիզացում, հարյուրավոր մարդիկ արագացված զինվորական պատրաստություն են անցնում և ուղղվում ճակատ: