Ամբողջ օրվա ընթացքում փորձում էի մտաբերել գոնե մեկ ակտիվ քաղաքական, քաղաքացիական շրջանակ, որը ներկա չէր այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց կազմակերպված բողոքի միջոցառմանը: Փորձս անհաջողության մատնվեց: Բոլորն էլ ներկա էին, իսկ եթե կային բացականեր, համոզված եմ, բացառապես հարգելի պատճառներով: Սա իսկապես շատ ուրախալի և խոստումնալից երևույթ է: Երկրի ապագայով մտահոգված ուժերը իսկապես շատ պատասխանատու մետոցում են ցուցաբերում ստեղծված շատ ծանր իրավիճակի նկատմամբ: Կարծում եմ՝ պատճառը բնական է: Այսպիսի պայմաններում, իսկապես ստեղծվել է ոչ թե նեղ շահերի բավարարման, այլ ուղղակի ինքնապաշտպանության և ինքնապահպանման անհրաժեշտություն: Անկախ մեր տարբերություններից ու տարաձայնություններից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսակի պահպանման խնդիրը պահանջում է միասնականություն և համագործակցություն Սերժ Սարգսյանի ռեժիմին ցուցաբերվող ցանկած մակարդակի և տեսակի դիմադրության ընթացքում: 
Հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր իսկապես գիտակցել են պահի կարևորությունն ու պատրաստ են ներդնել իրենց եռանդն ու ջանքերը Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու գործում: Չեմ ասում՝ մի կողմ դնելով անձնական շահը, որովհետև համոզված եմ, որ ի վերջո օրենքի Հայաստանն է բոլորիս ամենակարևոր անձնական շահը: 
Հ.Գ. Հաջորդ դատական նիստը պատահմամբ, կամ միտումնավոր նշանակվեց օգոստոսի 9-ին, հենց այն օրը, երբ լրանում է 2 տարի ոստիկանական հայտնի սադրանքից:

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, համոզված եմ, իշխանությունները կգիտակցեն, որ ոչ միայն չեն հասել վախի մթնոլորտ տարածելու և իրենց նկատմամբ դիմադրությունը մեղմելու այդքան բաղձալի նպատակին, այլ նաև հրահրել են նոր, ավելի հզոր ընդվզման ծնունդը: 
Ազատություն քաղբանտարկյալներին
Ազատություն Հայաստանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել