
Lragir.am-ը գրում է.
Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը չի բացառում, որ հայ-թուրքական սահմանում ռուս սահմանապահների կողմից թուրք հովվի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Կամ դեպքը պատահական է, կամ քաղաքական նշանակություն ունի»,- ասում է նա:
Lragir.am-ի հետ զրույցում Կայծ Մինասյանը նշեց, որ եթե միջադեպը քաղաքական ենթատեքստում ենք նայում, այն ունի երկու դրդապատճառ` կամ Հայաստանի իշխանություններն են թույլ տվել կրակել, բայց գիտեին, որ ռուսական զորքն է սահմանին, կամ ռուսները այդպիսով միշտ ցանկանում են վախեցած պահել հայերին:
«Չի բացառվում, որ սրանով ռուսներն ուզում են ասել` տեսեք, դուք միշտ խնդիր ունեք թուրքերի հետ և չմտածեք, որ սահմանը պետք է բացվի: Այնինչ, Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ լավ է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, բայց հարցն այն է, որ սահմանը բաց չէ, և անիմաստ է այդ պայմանագիրն ստորագրել: Այդպիսի բախում թույլ տալով` նշանակում է, որ շատ ավելի դժվար պետք է լինի սահմանի բացումը: Դա մեծ քար է հայկական կոշիկի մեջ»,- ասաց Կայծ Մինասյանը:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են այս փուլում ցույց տալ Ռուսաստանին, որ ռուսամետ քաղաքականությունը ներքին շարժառիթով կարող է փոխվել` հայերը կարող են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց միաժամանակ հարազատ լինել Ռուսաստանին:
«Բայց ռուսները վարժված չեն այդ քաղաքականությանը: Ամենագլխավոր հարցը Հայաստանի ապահովության հարցն է հիմա»,-նշեց նա:
Կայժ Մինասյանի խոսքով` այսօրվա մարտահրավերը հետևյալն է` արդյոք Հայաստանն ինքնիշխան պետություն է, թե ոչ, Հայաստանն իրավունք ունի իր սեփական շահերի մասին մտածել, թե ոչ:
«Մինչև հիմա ռուսներն էին ստիպում հայերին` այսպես անել, կամ այնպես: Այսինքն` Հայաստանը դիտվում էր իբրև Ռուսաստանի շարունակությունը Հարավային Կովկասում: Բայց հիմա հայերն ուզում են ցույց տալ Մոսկվային, որ վստահություն պետք է ունենալ հայերի հանդեպ, որովհետև հայերը երբեք չեն դավաճանի Ռուսաստանին: Հայաստանը փորձում է ասել Ռուսաստանին` մի վախեցիր, մենք երբեք չենք դավաճանի քեզ, մենք ռուսամետ ենք, բայց ուղղակի մեր սեփական շահն ունենք»,- ասաց քաղաքագետը: