Իշխանությունը հիմնականում պետք է կատարի քաղաքացիական մանդատով իրեն վերապահված պարտավորությունները: Այն ունի տարբեր աղբյուրներ. վարչական, ֆինանսական, գաղափարախոսական, լեգիտիմության, և այլն: Երբ նրա գլխավոր աղբյուրը դառնում է վարչա-ֆինանսականը (խոսքն այս դեպքում գնում է պետական իշխանության մասին), ապա այդ դեպքում պետական որոշումները, որպես կանոն, զուրկ են լինում սոցիալական բովանդակությունից: Ամենաթարմ օրինակը քաղաքապետի ուղերձն էր տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելուց հետո, երբ հայտարարեց, որ հաշվի չէր առնվել սոցիալապես անապահով խավի շահերը (չնայած, "Երթուղային տրանսպորտի մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր էին հաշվի առնել մատչելիությունը): Այս դեպքում, շատ հաճախ, հաշվետու լինելու մեխանիզմը գործի է դրվում պոստֆակտում, այն էլ, ոչ թե գործողության, այլ հայտարարության տեսքով և միայն՝ հանրային դժգոհություններից հետո:

Սա ձևավորում է իմիտացիոն պատասխանատվության ավանդույթ իշխանության ներսում, և որոշումները սկսում են բխել այդ ավանդույթից, հետևաբար զուրկ են լինում սոցիալական բովանդակությունից և չեն ստանում հանրային աջակցություն: Դրա համար էլ հաջորդեց ավտոկայանման համար գումարի գանձման ապասոցիալական և կասկածելի ծագման որոշումը, այն էլ՝ նախորդ դժգոհությունների կրքերը դեռ չմարած: Իշխանության անհաշվետվողականության և նրա հաշվետու լինելու հասարակական պահանջի պերմանենտ շրջապտույտի ձևավորված մշակույթն առաջացնում է երկակի դեպրեսիոն վիճակ. հասարակության և իշխանության ներսում: Առաջինի մոտ վերանում են սպասելիքները համակարգից, երկրորդի մոտ ստեղծվում է սոցիալական խնդիրների անլուծելի շղթայի տպավորություն, և իշխանությունը դառնում է ոչ ադեկվատ, դիցուք՝ արտագաղթը վերջինիս համար ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակի արդյունք է, այլ՝ օտարամոլության: Պետք է միշտ հիշել. քաղաքական ուժը հաշվետու է նրան և այնքան, ումից և որքան բխում է նրա իշխանության աղբյուրը: Հետևաբար, պետական իշխանության գլխավոր աղբյուրը պետք է լինի ժողովուրդը. այլընտրանք, պարզապես, չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել