
1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի, ավելի քան հարյուր քարտուղարների, օգնականների և պահակախմբի հետ օգոստոսի 10-ին մեկ շաբաթով հանգստի է մեկնում: Հանգիստը նա կանցկացնի Մարթաս Վինյարդ հանգստավայրում: Այս տարի, սակայն, նախագահական ընտանիքին մերժել են այն առանձնատան վարձակալման հարցում, որտեղ նրանք սովորաբար հանգստանում էին: Բանն այն է, որ առանձնատան սեփականատերերը փոխվել են, իսկ նոր տերերը չեն ցանկացել նախագահին վարձակալությամբ տալ իրենց տունը: Օբամայի ընտանիքը ստիպված կլինի բավարարվել հարևանությամբ գտնվող ավելի փոքր, համեստ և էժան առանձնատնով:
Առանձնատան նոր սեփականատերը՝ 78-ամյա Բարոն Ֆոսթերը, դեռևս տունը գնելիս հայտարարել է, որ այն կօգտագործի միմիայն իր անձնական հանգստի համար: Առանձնատունը նա գնել է 22.4 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Realty.newsru-ն:
Սպիտակ տունը դեռևս չի հայտնել այն վայրի անունը, որտեղ ընտանիքի հետ կհանգստանա նախագահը: Հնարավոր է՝ Օբաման հանգստի մեկ շաբաթն անցկացնի ֆինանսիստ Դևիդ Շուլթեին պատկանող առանձնատանը՝ Chilmark House-ում: Այս առանձնատունն արժե 7.6 մլն դոլար՝ նախկինից 3.5 անգամ ավելի էժան: Այն նաև նախկինից 3 անգամ փոքր է: 8 օր այնտեղ հանգստանալու համար Օբաման ընտանեկան բյուջեից ավելի քան 30 հազար դոլար կվճարի: