Emedia.am-ը գրում է.

Շուշիից 17-ամյա Լուսինե Ավագյանը « Արցախ կարպետ» ընկերության Շուշիի մասնաճյուղի ամենաերիտասարդ գորգագործներից է: Լուսինեն պատմում է, որ գորգագործություն սովորել է մեկ ամիս առաջ ընկերության մասնագետներից: Այսօր արդեն ավելի վստահ ձեռքի շարժումներով սկսնակ գորգագործն իր հասակակից ընկերուհու հետ մեկ դազգահի վրա իրենց առաջին արցախյան գորգն են գործում:

Գորգագործ Արեգա Մելքումյանը, ով 10 տարուց ավելի է, ինչ գորգագործությամբ է զբաղվում, վստահեցնում է, որ մենակ գումարի համար ոչ մի գորգագործ երկար չի ձգի, եթե այդ ընթացքում նա չսիրի իր գործը:

«Գորգագործությունը սովորել եմ ուսանողական տարիներին, երբ սովորում էի այն ժամանակ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Գործարանի փակվելուց հետո տունը մի փոքրիկ դազգահ եմ դրել և սկսել տանը գործել: Իսկ վերջերս էլ իմացել եմ, որ իմ մորական տատը նույնպես գորգագործ է եղել, ստացվում է գորգագործությունը մեր գեների մեջ կա»,-ժպտալով ասում է տիկին Արեգան:

«Արցախ կարպետ» ՍՊԸ-ի հիմնադիր Թևոս Եղիազարյանը խոստովանում է, որ Արցախում գորգագործության բիզնես դնելու հարցում մեծապես աջակեցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Երբ տեսա վարչապետի և փոխվարչապետի պատրաստականությունը, առանց վարենելու համաձայնեցի գորգագործության լայնածավալ գործունեություն սկսել Արցախում: Ըստ մեր պլանների Ստեփանակերտում կլինի մայր գործարանը և մասնաճյուղեր Շուշիում, Հադրութի շրջանի Մեզ Թաղեր ու Մարտունու շրջանի Ճարտար գյուղում»,-ասաց նա:

Պրն Եղիազարյանը գոհունակությամբ է խոսում Շուշիի մասնաճյուղի գործունեության մասին: Նա չէր սպասում, որ կարճ ժամանակահատվածում իրենց կհաջողվի 20-ից ավելի գորգագործներ գտնել, ավելին, առաջին արտադրանքը թողարկել արդեն մեկ մասից:

Մոտ մեկ շաբաթից Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսի» գործարանի շենքում կբացվի ընկերության գլծավոր մասնաճյուղը, որտեղ կիրականացվի գորգի արտադրաման բոլոր փուլերը, սկսած բրդի վերամշակումից մինչև գորգի վերջնական վերամշակումը:Առաջին անգամ Արցախում կգործի նաև ներկատուն:

«Շատ կարևոր է, որ արցախյան հայտնի գորգերի ստացման ողջ գործընթացը կատարվի այստեղ, որպեսզի արցախցի աշխատողն էլ տեսնի իր արտադրանքի վերջնական տեսքը: Իսկ եթե այստեղ գործված գորգը վերջնական վերամշակում անցի Երևանում և այնտեղից էլ վաճառքի հանվի, աշխատակիցները կհիասթափվեն»,-բացատրում է Թ.Եղիազարյանը:

Շուշիում և Ստեփանակերտում «Արցախ կարպետ»-ը կունենա 110 գորգագործներ 70-100 հազար դրամ միջին աշխատավարձով:

20-ական նոր աշխատատեղեր կբացվեն նաև Մեծ Թաղեր և ճարտար գյուղերում: Պրն Եղիազարյանի խոսքով՝ այդ երկու գյուղերում նախապատրաստական աշխատանքները տարվում են, գորգագործներն արդեն կան, իսկ դազգահները վերանորոգվում են: Մնում է միայն հանդիպել տվյալ համայնքների ղեկավարների հետ և լուծել շենքի հարցը:

Ինչ վերաբերվում է պահանջարկին ու պատվերներին, ապա ըստ նրա, իրացման խնդիր չեն ունենալու: Ներկա դրությամբ պատրաստվում է ընկերության կայք էջը, կլինեն նաև կատալոգներ գորգերի լուսանկարներով ու տվյալներով, ինչը հնարավարություն կտա դուրս գալ համաշխարհային շուկա,մասնավորապես, Եվրոպա և Հարավային Ամերիկա: Մինչ այդ կսկսեն տեղական շուկայից:

«Արցախյան գորգերը միշտ էլ պահանջված է եղել, ահա թե ինչու ադրբեջանական գորգերն արցախյան գորգերի անվան տակ մեծ համբավ են ձեռք բերել: Մեր գլխավոր նպատակներից մեկը հենց դա է, որ արցախյան գորգի անվան տակ շուկա դուրս գա միայն Արցախում արտադրված գորգերը, այլ որ թե ադրբեջանական կեղծ գորգերը,որոնց հետևի մասում գրված է՝ Ղազախ, Սևան»,-eMedia.am-ի հետ զրույցում ասաց նա:

Այն հարցին, թե արդյոք մտավախության չկա, որ «արտադրված է Արցախում» պիտակը կազդի արտադրանքի իրացման ծավալների վրա, Թ.Եղիազարյանն վստահեցրեց, որ գորգի պարագայում, դա ավելի շատ շահեկան է:

«Աշխարհի ամենահայտնի թանգարաններում կարող եք գտնել արցախյան գորգերը և շատերն էլ համոզված են, որ ամենաառաջն գորգերը ստեղծվել են հենց Արցախում: Ասեմ ավելին, արցախյան գորգերի պրիստիժը ավելի բարձր է, քան մեկ ուրի գորգինը,չհաշված պարսկականը»,-նշեց Թ.Եղիազարյանը:

Գորգի արտադրությունն իր հերթին կխթանի Արցախում ոչխարաբուծության զարգացմանը, քանի որ «Արցախ կարպետ»-ում պատրստվում են օգտագործել միայն տեղական հումք:

«Եթե մեզ հաջողվի գորգի արտադրությունը հասցնել 300 քառ.մ, ապա մենք ամսական կօգտագործենք 3-4 տոննա ոչխարի բուրդ: Այսպիսով կլուծվի նաև տեղական բրդի իրացման խնդիրը, որը այսքան տարի պահանջարկ չուներ»,-ասաց նա:

Այն հարցին, թե ինչքան ժամանակից են ակընկալում, որ իրենց ներդրումները սկսեն շահույթ բերել, զրուցակիցս ասաց, որ եթե էն գլխից մտածես թե երբ ներդրումդ հետ կստանաս՝ բան չի ստացվի:

Սկզբնական շրջանում երկամտի ակնընկալիքներ չունեն և միամիտ է մտածել, որ հենց գորգը պատրաստ է, պիտի եկամուտն էլ հետ գա:

Բայց նա նաև չի բացառում, որ մոտ մեկ տարուց հետո, երբ Ստեփանակետի մայր գարծարանը և երեք մասնաճյուղերը ամբողջ թափով աշխատեն, այդ դեպքում, իրենք կարող է և օգուտով արդեն աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել