Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ արտաքին քաղաքականությունը գտնվում է առեղծվածների ժամանակաշրջանում, երբ «համընդհանուր ընդունված իրականությունը», այսինքն արտաքին քաղաքականության հանդեպ ամերիկացիների հետաքրքրության սահմանափակումը եւ սեփական տնտեսական ու սոցիալական խնդիրների շրջանակում ավելի ու ավելի փակվելը, ինչպես նաեւ ռազմական ծախսերի կրճատումը համատեղվում է զենքի, պաշտպանության եւ անվտանգության նոր համակարգերի մշակման հետ:
ԱՄՆ ավելի ուշադիր է հետեւում եւ հաշվի առնում սեփական ավանդական եւ հնարավոր գործընկերների շահերն ու սպառնալիքները, նրանց ներգրավելով անվտանգության գլոբալ համակարգում տարբեր ծառայությունների իրականացման մեջ: ԱՄՆ այլեւս տարբեր պետություններից չի պահանջում մասնակցություն սեփական ծրագրերում, եթե նրանց համապատասխան հնարավորություններ չի տրամադրում, սակայն, միեւնույն ժամանակ, չի շտապում նրանց խոստանալ ավելին, քան ի վիճակի է տրամադրել:
Պահպանողական հին ու բարի «իրական քաղաքականությունը» ձեռք է բերում քիչ ինչ այլ իմաստ, եւ դա ավելի քան երբեք զգացել են շատ պետություններ: Բոլոր խնդիրներին միջամտելու ամերիկյան քաղաքականության «ոսկեդարն» անցել է, հնարավոր է՝ ընդմիշտ, սակայն, այսպես թե այնպես, ներկայում Եվրոպայի եւ Ասիայի միլիոնավոր մարդիկ, որոնք ԱՄՆ տվյալ քաղաքականության կապակցությամբ քննադատական վերաբերմունք ունեին, «ոսկեդարը» հիշում են ափսոսանքով, որը երբեմն հասնում է զգուշավորության:
Երեւելյան Եվրոպան եւ Միջերկրածովյան տարածաշրջանը ԱՄՆ հանձնարարել է Եվրոպական միությանը, որոնց միջեւ ձեռք է բերվել աննախադեպ համերաշխություն այդ երկու տարածաշրջանների հեռանկարների հարցում:
Արեւելյան Եվրոպայի հարցում ԱՄՆ գլխավոր ձեռքբերումը դարձել է Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հեռավորությունը, երբ եվրոպացիները սեփական տնտեսական ու քաղաքական, ինչպես նաեւ անվտանգության խնդիրները լուծում են առանց Ռուսաստանի, նույնիսկ՝ ինչ որ չափով Ռուսաստանին նրբանկատ ձեւով հեռացնելով:
Այդ իմաստով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքներից մեկը Ռուսաստանի մեկուսացումն է: Նույնիսկ այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանը դուրս է գալիս քաղաքական իրադարձությունների ասպարեզ, նրա մասնակցությունը խիստ ցուցադրական ձեւով դառնում է Արեւմտյան հանրության խաղի մի մասը (օրինակ, Սիրիայում):
ԱՄՆ եւ Եվրոպական միությունը, եւ իհարկե ՆԱՏՕ-ն, սեփական մտադրությունները Հարավային Կովկասի վերաբերյալ օպերացիոն մոդելից տրանսֆորմացնում են զգալիորեն ավելի ստացիոնար մոդելի՝ որպես եվրոպական անվտանգության համակարգի անվտանգության «գոտի» եւ համամասնակից:
Արտաքին ֆորմատավորմանը զուգահեռ, երեւում է տեղի է ունեցել ներտարածաշրջանային ֆորմատավորում: Տվյալ նախագիծը մի քանի անգամ վերանայվել է, սակայն տեղի է ունեցել այն բանի գործնական հաստատումը, ինչը երկար տարիներ դիտարկվում էր որպես ամենաընդունելի տարբերակ: Առավել երկարատեւ ծրագրերի կողքին դիտարկվում են նաեւ մոտակա խնդիրներ:
Իրավիճակը Վրաստանում եւ Հայաստանում գրեթե իդեալական ձեռնտու է ԱՄՆ-ին եւ ավելի քիչ՝ եվրոպացիներին: Կառուցվել է դեմոկրատիայի ինչ որ անտուրաժ, տեղի են ունենում քիչ թե շատ տանելի ընտրություններ, սկզբունքային կառույցները պահպանում են կոռեկտությունն ընդունված սկզբունքային հարցերով:
Վրաստանի իրավիճակը ներկայում առավել ընդունելի է, այսինքն՝ երկրում ստեղծվել է երկկուսակցական, ավելի ճիշտ՝ երկկլանային համակարգ, երբ կարելի է հեշտությամբ կարգավորել ներքին եւ Արեւմտյան հանրության հետ հարաբերությունները: Սաակաշվիլին ձգտում է ամերիկացիներին ապացուցել, որ Իվանիշվիլիի քաղաքականությունը կհանգեցնի Արեւմուտքի հետ հարաբերության սահմանափակմանը եւ Ռուսաստանի ազդեցության աճին: Ըստ ամենայնի, համոզել է, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ ինչ որ վճռական բան կձեռնարկի: Եվրոպացիները կգերադասեն սպասել, ինչպես հաճախ է լինում:
Առայժմ Արեւմուտքը հանգիստ է ու հասկանում է, որ Վրաստանում ստեղծված են արտաքին քաղաքականության հիմնարար պայմաններ, որոնք ենթադրում են «փոքր, բայց ոչ վասալ» երկիր: Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրոպան որեւէ մտադրություն չունեն նախաձեռնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերի քննարկումը:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը Վրաստանում սեփական ազդեցությունը եւ ներկայությունը մեծացնելու հնարավորություն է ստացել: Ամերիկացի որոշ ազդեցիկ փորձագետներ վրաց բարձրաստիճան ֆունկցիոներներին խորհուրդ են տալիս «գործի դնել բոլոր տաղանդները՝ ռուսներին ցույց տալու համար բարենպաստ հեռանկարներ Վրաստանում»:
Իվանիշվիլին ստիպված է համառորեն ապացուցել, որ ինքն ավելի քիչ է կախված, քան պնդում են, եւ ամերիկացիները պատրաստ են նրան օգնել այդ հարցում: Իվանիշվիլիի հարցում շատ բան ամերիկացիներին դուր է գալիս, այդ թվում նրբանկատությունը Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի վերաբերյալ նրա հայացքների մասով:
Ամերիկացիներն, իհարկե, հանձնել են Սաակաշվիլիին, եւ կցանկանային դրանում համոզել Իվանիշվիլիի թիմին, հետին թվով: Ինչպես ասել է ամերիկացի մի հին սովետաբան, «Վրաստանի հարցում ամեն ինչ դասավորվում է այնքան իդեալական, որ մտահոգություններ են առաջանում, որ դա կխափանվի»: Հասկանալի է, որ Վրաստանին այս անգամ տրվել են նվազ ակտիվ խնդիրներ, ավելի ճիշտ՝ նվազագույն խնդիրներ:
Հայաստանը մեծ հետաքրքրություն է առաջացնում Վաշինգտոնում, եւ զգալիորեն ավելի շատ, քան ներկայիս Վրաստանը, քանի որ տեղի է ունենում աշխարհքաղաքական նովացիա. Ռուսաստանի նվիրված գործընկերը ձգտում է մասնակցել այլ խաղերի:
Սակայն, խնդիրն, իհարկե, Ռուսաստանից Հայաստանի հեռացումը չէ, այլ Հարավային Կովկասում «չեզոք գոտու» ստեղծումը, որը հնարավորություն կունենար շարունակել սեփական աշխարհքաղաքական գործառույթները, սակայն արդեն պահելով ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի, այլեւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի շահերը:
ԱՄՆ ամենեւին շահագրգռված չէ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության վատթարացմամբ, սակայն, դրանով հանդերձ, ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին լիովին ձեռնտու են ամերիկացիներին, որպես Հայաստանին դեպի Արեւմուտք մղելու գործոն:
Անշուշտ, ԱՄՆ Հայաստանը դիտարկում է որպես ցանցային ազգի «սուբյեկտային հարթակ», որը պետք է լինի իր ազդեցության ոլորտում: Հայաստանը ամերիկացիներին չի հետաքրքրում որպես հակառուսական կամ հակաիրանական գործոն, դա պարզապես հիմարություն է: Լուծվում է նվազագույնը երկու խնդիր. Թուրքական էքսպանսիայի հակազդում եւ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության պահպանում: Իսկ առավել լայն առումով՝ Եվրատլանտյան անվտանգության խնդիրների լուծում:
Հայ հանրությունն այդպես էլ չի ցուցաբերել այլընտրանք առաջադրելու ընդունակություն, իսկ ԱՄՆ եւ Արեւմուտքը չեն կարող անվերջ սպասել «դեմոկրատիայի կառուցմանը»: Առաջացել է լոյալ եւ մոտիվացված պահվածքի հնարավորություն, եւ դրանից պետք է օգտվել: Եթե նախկինում Հայաստանն ուներ շանս, ներկայում առաջացել է իրական հնարավորություն:
Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը չի կարող չշփոթեցնել ԱՄՆ-ին եւ Եվրոպային, շատ տեսակետներից, այսինքն՝ դեմոկրատիայի եւ տարածաշրջանային անվտանգության տեսակետից, սակայն, այնուամենայնիվ, ռեժիմը լիովին համապատասխանում է դրված խնդիրներին, մնում է ԱՄՆ, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի նվիրված գործընկերը:
Ամերիկացիներն իրանց առջեւ չեն դնում անիրական խնդիրներ, այդ թվում Ադրբեջանին Թուրքիայից հեռացնելը, Ռուսաստանի հետ հարաբերության սահմանափակումը, ժողովրդավարացման արմատական քայլերը: Ալիեւի ռեժիմը, սերտ հարաբերություններ պահպանելով Թուրքիայի հետ, այնուամենայնիվ Անկարայի «մարդիկ» չեն, այլ՝ Վաշինգտոնի եւ Լոնդոնի, Իսրայելի սերտ մասնակցությամբ:
Ադրբեջանին վաղուց տրվել են աշխարհքաղաքական գործառույթներ, որոնք նա կարգապահ կատարում է, ավելին չարժե սպասել (նավթի նշանակությունը նվազում է, սակայն պահպանվում է տրանզիտային բազան):
Այսպիսով, ներկայում ԱՄՆ ընտրել է բավական հստակ մարտավարություն՝ ինչ կարիք կա շտապել, եթե ամեն ինչ կատարվում է առանց ավելորդ ջանքերի եւ կա ռազմավարական դադարի հնարավորություն:
Եվրոպական միությունը տվյալ անցումային փուլում Հարավային Կովկասում իրագործում է հիմնական օպերատորի եւ տնտեսական ու քաղաքական հովանավորի խնդիրը, սակայն որո՞նք են ԱՄՆ մտադրություններն առավել հեռու հեռանկարում, կա՞ն այդպիսիք: