Panarmenian.net-ը գրում է.
Ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 9-ին: Այս մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վահագն Չախալյանը և տեղեկացրեց, որ ուրբաթ օրը տեղի է ունեցել ապացույցների փոխանակում, Արմեն Չախալյանի փաստաբանները մի քանի միջնորդագրեր են ներկայացրել դատարան, այդ թվում` Արմենին ազատ արձակելու և գործը կասեցնելու մասին:
Վահագն Չախալյանը հայտնեց, որ ներկայացվել է նաև միջնորդագիր` միջադեպի 38 մասնակիցներին նորից հարցաքննելու մասին, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, հարցաքննությունը պատշաճ չի անցկացվել: Վահագն Չախալյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր եղբոր դեմ ներկայացված մեղադրանքը որևէ հիմք և ապացույց չունի:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու:
Արմենին երկու օր հարցաքննելուց հետո հունիսի 30-ին մեղադրանք են առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն: Հուլիսի 1-ին Նինոծմինդայի դատարանում տեղի էր ունեցել առաջին դատական նիստը, որի ավարտին դատավոր Յուրիկ Ունանյանն առաջնորդվելով 198-րդ հոդվածի 1-ին կետով որոշել էր՝ մեղադրայալ Արմեն Չախալյանին որպես խափանման միջոց ընդունել նախնական 40-օրյա կալանքը: Հուլիսի 3-ին Արմեն Չախալյանի ընտանիքը Ախալքալաքի շրջանային դատարանում բողոքարկել էր Նինոծմինդայի դատարանի կայացրած նախնական կալանքի որոշումը, սակայն որոշումը չէր փոխվել: