![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Գրողների համագումարից հետո «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հարցնում է գրողներից մեկին, թե ինչու հիմա տաղանդավոր ստեղծագործություններ չեն ստեղծվում:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանի մեր այդ գրողը, որ լավ լինի... «Դե որովհետև փող չկա, վարձատրությունը, աշխատավարձը քիչ է…»:
Պատկերացնո՞ւմ եք...
Այսինքն` եթե հիմա մի գրողի, արվեստագետի կանչեմ, ասեմ` առ քեզ 10000 դոլար, շտապ մի տաղանդավոր ստեղծագործություն գրիր կամ նկարիր, ապա նա անպայման այդ դոլարի տեսքից, գույնից ներշնչված, ազդված մի համաշխարհային տաղանդավոր գործ կերկնի՞...
Իսկ ինձ թվում է` բարեկամների կամ ազգականների, ծանոթների, ընկերների համար անվճար արված նկարը, քանդակը, կիսանդրին, արձանը, բանաստեղծությունը պետք է որ ամենահաջողվածներից լինի: Ոչ միայն այն պատճառով, որ արվեստագետն ավելի լավ է ճանաչում նշված բնորդներին, ավելի հաճախ է հանդիպում նրանց ու համակրում, այլ հատկապես` որ ձրի, անվճար, ազատ, անկաշկանդ աշխատանքը ազատություն է տալիս նրան գործն առաջ տանելու, ինչպես ինքն է կամենում, ինչպես ինքն է պատկերացնում և ուզում:
Ի՞նչ է, համաշխարհային հայտնի գրողները, նկարիչները, քանդակագործները, կոմպոզիտորները, գիտնականները, գյուտարարները վարձատրությա՞ն էին սպասում, որ արարեն, ստեղծեն, ստեղծագործեն, հայտնագործեն... Երբ դու ստեղծագործում ես, ապա այդ տենչը, ոգին, ապրումները, միտքը, զգացմունքները տանում են քեզ մի ուրիշ աշխարհ, ուրիշ մի էություն է պարուրում քեզ, մինչև դուրս հորդա այդ ամենը քո ներսից: Ի՞նչ վարձատրություն այդ պահին, ի՞նչ այլ զգացմունքներ` բացի ստեղծելու, արարելու տենչից, «մոլուցքից»...
Ի՞նչ է, կիսախելագար, սոված, հիվանդ Վան Գոգը ամայի դաշտերում, կիզիչ արևի տակ, բնության գրկում, ինքնամոռաց, տառապալից ստեղծագործական «մոլուցքի» պահին վարձատրությա՞ն մասին էր մտածում... Իհարկե ոչ: Նա այլ կերպ չէր կարող… Նա, իհարկե նաև մյուս տաղանդները նույնպես, ուղղակի այլ կերպ չեն կարող, դա նրանց էությունն է, նրանց կյանքը, նրանց երջանկությունը, թեկուզ սոված, թեկուզ չճանաչված, լքված կամ չհասկացված` ստեղծագործել, միայն ու միայն ստեղծագործել…
Բայց ուղղակի լավ կլինի, որպեսզի հասարակությունը, գործարարները, բարերարները, նաև պետությունն էլ ձեռքները չլվան, մի կողմ քաշվեն, այլ հայտնաբերեն և օժանդակեն երիտասարդ տաղանդներին…Ինչո՞ւ չէ, գուցե նաև խորհրդային տարիներից դինոզավրի կարգավիճակով այս սուտ, ձևական «ստեղծագործական» միությունների փոխարեն ստեղծվի բարերարների, մեկենասների աշխատանքները կոորդինացնող, կազմակերպող, ուղղորդող, համակարգող, ոչ բյուրոկրատական, նվիրյալներից կազմված ինչ-որ մի կառույց…




