
1in.am-ը գրում է.
Չեխիայում կիրակի օրը խոշոր ավտոմայրուղում երթևեկությունը ավելի քան 2 ժամ կաթվածահար էր եղել կովի պատճառով:
Ամեն ինչի պատճառը սև կետիկներով սպիտակ կովն էր, որը դուրս էր եկել Պրահա-Բրնո D1 մայրուղու 37-րդ կմ-ի վրա և շարժվել դեպի Չեխիայի մայրաքաղաք:
«Կովն այդպես շարժվել է մոտ 40 րոպե: Հետո այն պառկել է ճանապարհին և մոտ կես ժամ բառաչել: Այնուհետև կովն անցել է մայրուղու մյուս կողմը և ընթացել Բրնոյի ուղղությամբ»,- Ria Novosti-ն մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:
Վարորդներից ոչ ոք չի համարձակվել կովին դուրս բերել ավտոմայրուղուց: Կենդանու ընթացքին ոստիկանները հետևել են ուղղաթիռից: Իրավապահներին հաջողվել է գտնել կովի տիրոջը, ով ոստիկանների հետ ժամանել է դեպքի վայր:
Կովն ուրախացել՝ տեսնելով տիրոջը, հանգստացել է ու փորձել լիզել ոչ միայն նրան, այլև ոստիկաններին և մեքենաներից դուրս եկած վարորդներին: Դրանից հետո երթևեկությունը վերականգնվել է: