
1in.am-ը գրում է.
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն այսօր լրագրողներին ներկայացրեց «Հայաստանի և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի միջև մեկ շաբաթ առաջ կնքված պայմանագիրը և դրան հաջորդող համագործակցության պլանները:
«Վերջին տարիներին շարունակաբար հնչել են տարբեր մտադրություններ՝ տարածաշրջանային կենտրոն ստեղծել այս ուղղությամբ, այն ուղղությամբ: Անընդհատ հարցեր էին առաջանում, բայց կարծեք թե մի ուղղությամբ գոնե քարը տեղից շարժվեց»,- նշեց Հայկ Հարությունյանը:
Պայմանագիրը ստորագրել են ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի կողմից այդ կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռեմբո Բուֆինին:
«Մենք ուսումնասիրում ենք տիեզերքը, տարբեր տիեզերական մարմիններ, որոնք ենթարկվում են ֆիզիկայի օրենքներին, բայց ֆիզիկայում իրականում չենք կարող ասել, որ ամեն ինչ միատարր օրենքներով բացատրվում է: Երբ մենք տեղափոխվում ենք մեծ արագությունների դաշտ կամ զանգվածների դաշտ, գրավիտացիոն դաշտ, անհրաժեշտ է նյուտոնյան մեխանիկայի կամ ֆիզիկայի փոխարեն օգտագործել էյնշտեյնյան ֆիզիկան, որը հենց կոչվում է ռելյատիվիստական ֆիզիկա, որն ավելի շատ հայտնի է «հարաբերականության տեսություն» անունով»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Այս ծրագրով Հայաստանը հնարավորություն է ունենում մասնագետներին ուղարկելու եվրոպական կրթություն ստանալու և ընդունելու Եվրոպայից մասնագետների կրթություն տալու: Այսինքն` դառնում է նաև կրթական կենտրոն: