Նորից աղվանական սինդրոմի մասին:
Աղվանական` չի նշանակում ադրբեջանական: Այո՛, դարեր շարունակ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները ներառված են եղել Աղվանից եկեղեցու կազմում: Այդ եկեղեցին ներառում էր ինչպես Կուրի ձախափնյակի մի շարք քրիստոնյա էթնոսներ (որոնցից այսօր քրիստոնյա են մնացել միայն ուդիների մի մասը), այնպես էլ Կուրի աջափնյակի հայությունը` ի դեմս Արցախի և Ուտիքի: Եվ հենց եկեղեցական կառույցի իմաստով է, որ երբեմն Աղվանք են կոչել նաև Արցախն ու Ուտիքը: Հայերը եղել են Կովկասյան Աղվանքում քաղաքակրթական իմպուլսի տարածողները, Կովկասում առաջին քրիստոնյա քարոզիչները, աղվանական գրի ստեղծողները, նրանց բախտակիցն ու բարեկամը: Տարածաշրջանի պատմական հոլովույթում չի եղել մի որևէ այլ ժողովուրդ, որ աղվանական էթնոսների կյանքում ունենար այնպիսի մշակութային-քաղաքակրթական դերակատարում, ինչպիսին որ ունեցել են հայերը:
Ցավոք, հայագիտությունը փոքր ինչ ընկրկել է ազերիների ստեղծած կեղծ տեսությունից, որը ազերներին համարում է աղվանների հետնորդը: Բացարձակ սուտ: Արաբական, սելջուկյան, ապա և թուրքական զանազան ավարառու ցեղերն ուղղակի ջնջել են աղվանական ու հայկական ամեն ինչ, ինչպես որ վարվում են այսօր ադրբեջանցիները:
Աղվանից կաթողիկոսությունը գոյատևել է մինչև 19-րդ դար և նրա այսրկուրյան իրական ժառանգորդներն այսօր ողջ տարաշածրջանում Արցախի և Ուտիքի հայությունն է, ինչպես որ անդրկուրյան տարածքում` ուդիները: Մեր եղբայր ուդիները, որ հայերի հետ կիսել են քրիստոնյաների դառը ճակատագիրը, լավ կանեն, որ շարունակեն աղոթել անդրկուրյան այն սրբարաններում, որ իրենց ժառանգություն է հասել, ու չտրվեն ադրբեջանական սպեկուլյացիաներին ու չխախտեն դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:
Արցախում և Ուտիքում հայտնի հազարավոր քրիստոնեական հուշարձանների վրա սկսած նրա սկզբնավորումից մինչև մեր օրերը չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք: Չկա նույնիսկ մեկ աղվաներեն տառ: Կան հայկական հուշարձաններ` հազարավոր հայերեն արձանագրություններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել