
1in.am-ը գրում է.
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են մի շարք խնդիրների: Անհարմարություններն առաջին հեթին առաջանում են շարժողական, լսողական և տեսողական ապարատի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նրանք չեն կարողանում ամբողջությամբ ինտեգրվել հասարակությունում և դառնալ նրա լիիրավ անդամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանում կա աշխատունակ տարիքի 126 հազար 271 հաշմանդամ:
Մեզ նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ օրենք է մշակվում՝ աշխատունակ հաշմանդամներին ներառելու աշխատանքային դաշտում. «Մենք չենք կարող որևէ հաշմանդամի աշխատանքի տեղավորել, բայց մենք միջնորդում ենք, որպեսզի գործատուները տեղեկանան այդ մարդկանց մասին և նրանց վերցնեն աշխատանքի»:
Մեզ տեղեկացրին նաև, որ Հայաստանում աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցողների միայն ինը տոկոսն է աշխատում:
Եթե հաշվենք ոչ աշխատունակ տարիքի հաշմանդամներին ևս, ապա Հայաստանում կա 177 հազար հաշմանդամ, որից մոտ 6000-ը՝ կույր և 3000-ը՝ խուլ: Այժմ Հայաստանում կույր հաշմանդամների միայն 5-8 տոկոսն է աշխատում: Ինչպես մեզ տեղեկացրին «Հայաստանի կույրերի միավորումից», վերջին տարիներին միակ շոշափելի քայլը, որ արվել է կույրերի համար, Մերգելյան ինստիտուտի կողմից ստեղծված «Արև» համակարգն է, որը կույրերին հնարավորություն է տալիս լիարժեքորեն օգտվել համակարգչից։ Ծրագիրն իրականացվում է ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ քաղաքներում:
Ինչ վերաբերում է կույրերին, ապա այսօր, բացի համակարգչից, այլ կերպ նրանք չեն կարողանում ընթերցել կամ սովորել: Նրանց ընթերցանության համար գրված ո՛չ մասնագիտական, ո՛չ գեղարվեստական բրայլյան գրքեր չեն տպագրվում:
Նույն հարցերն առկա են նաև լսողական ապարատի հետ խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների շրջանում: Մեզանում սուրդո-թարգմանիչների պակաս կա, հասարակական վայրերում՝ խանութներում, կինոթատրոններում և այլուր խուլերը հաղորդակցության լուրջ խնդիրներ են ունենում, ուստի այս մարդիկ ստիպված են լինում ուղեկցողի հետ ինչ-որ տեղ գնալ:
Տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները բազմիցս բողոքել են՝ շենքերում, փողոցներում և անցումներում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար անհարմար պայմաններից: Վերջին տարիներին սայլակով հաշմանդամների հարմարավետությունն ապահովելու համար որոշ քայլեր արվել են, սակայն նրանք դեռևս ինքնուրույն չեն կարող շրջել փողոցներով, մտնել որևէ խանութ կամ բարձրահարկ շենք:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լուծելու համար նախատեսվում է ստեղծել հաշմանդամության հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որում ներգրավված կլինեն ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցներ: Իսկ«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թվականից: