Շարունակում ենք կարդալ հայ թատրոնի պատմության էջերը:

«Հայ դերասանաց ընկերության» 1865-67 թատերաշրջանները կապվում են Սրապիոն Հեքիմյանի անվան հետ: Հայրենասիրական ռոմանտիզմը դասական ռոմանտիզմին մերձեցնելու կարճատեւ մի շրջան է այդ: Հեքիմյանն ազգային-դասականը պատկերացնում էր հայոց հին լեզվով, որն անհասկանալի էր հանդիսատեսին: Թարգմանական գործերի հանդեպ նա ուներ իր հայացքն ու խստապահանջությունը. Կալդերոն, Կորնեյլ, Հյուգո եւ զգուշություն Շեքսպիրի հանդեպ: Նա բեմադրում է «Պողիկտոսը», «Մարի Թյուդորը», «Մարիոն դը Լորմը» եւ բեմ է հանում գրեթե պատանի Պետրոս Ադամյանին: Հեքիմյանի ռոմանտիկական թատրոնի իդեալը ներշնչող է, իսկ լիակատար իրականացումը եղել է դժվար: Նա իր աչքի առջեւ ուներ երկու դերասանուհի` Արուսյակ Փափազյան եւ Երանուհի Գարագաշյան:

Հեքիմյանը թարմացնում է նաեւ պատմահայրենասիրական խաղացանկը. Հ. Սվաճյան` «Առանձար Ամատունի», Ռ. Սետեֆճյան` «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց», Վահան Փափազյան` «Արտավազդ կամ Անդ կացցես եւ զլոյս մի տեսցես», «Վասակ»: Հ. Ասատուրը բարձր է գնահատում Սվաճյանի պիեսը, վկայաբերելով «Ժամանակում» տպագրված Ստ. Փափազյանի հոդվածը. «Այս խաղը կը պարունակե հետաքրքրաշարժ տեսարաններ, հուզմունք տվող պատկերներ, ընտանեսիրության եւ աստվածապաշտության դրվագներ «զմայլելի բացատրություններով»: «Իր տեսակի մեջ,-գրել է թատերախոսը,-առաջին անգամ է, որ կերեւա այսպիսի թատերգություն մը հայ հեղինակությանց թատերաբեմին վրա»:

Հանդիսականի վրա խոր տպավորություն է թողնում Սվաճյանի պիեսը` ներկայացված 1867թ. հունվարի 7-ին: «Ասիկա մեծ իրավունք մը կուտա ազգային ներկայացումներ ուզողներուն», գրել է «Մասիս»-ի թատերախոսը,- քանզի միայն այս կերպով կրնա ռամիկն իր դյուցազները աչքի առջեւ տեսնել, իր հայրենյաց թշամիներն ու դավաճանները նկատել եւ ոմանց վսեմական օրինակովը վարվիլ, մյուսներուն ուխտադրժութենեն խորշիլ»: Պետությունը դարձյալ ներկայացվում է արդիականության լույսով: Հայ նախարարական մի ընտանիքի դրամատիկական պատկերումով կրկնվում է դավաճանության թեման, արծածվում են նախկին մտքերը, եւ խոսքերն էլ ծանոթ են: Իսկ պիեսը կորած է:

Ազգային հերոսի գաղափարը գալիս ու նորից կանգ է առնում մեծ նահատակի` Վարդանի կերպարի վրա: Հայը մեկ փաստարկ ուներ աշխարհի դեմ, այն է` ինքն է եղել քրիստոնեական պայքարի առաջամարտիկը, եւ որոնում էր այդ գաղափարն արդիականացնող մի դեմք: 1848 թ. ֆրանսիական հեղափոխության հայ մասնակիցներից ոչ մեկը ձեռք չէր բերել հերոսի անուն, բայց կար Ռուսաստանում նահատակված կոմս Էմանուելի հիշատակը: Լրացել էր Նալբանդյանի մահվան մեկ տարին: «Ասիական ընկերությունը» Նաումի թատրոնի բեմում ներկայացվեց Ռոմանոս Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը ի հիշատակ հայոց նոր նահատակի: Չուխաճյանի երաժշտությունը տոն է տվել «Հանդես ազգային» կոչված երեկոյին: Դա եղել է քաղաքական ցույց: «Սքանչելի տեսարան,-գրում է թերթը,-ուր ծերունի Հովսեփ եպիսկոպոսն իր դողդոջուն ձեռքով Հայաստանի դրոշը կը ծածանե, ուր Վարդանույշ Վարդանա նման դյուցազնի մը դյուցազնուհի ամուսինը ինք ալ իր սեռին տկարությունը մոռնալով` զրահ եւ դաշույն կը կրե, եւ ուր հայոց քաջերը զինուք եւ զարդուք վառյալ արիական երգեր կը նվագեին»:

Սետեֆճյանի պիեսը չի պահպանվել, եւ հայտնի չէ` ինչ առավելություն կամ պակասություն է ունեցել Կարենյանի` բեմականորեն ստուգված ու մշակված գործի հանդեպ: Թատերախոսը Սետեֆճյանի պիեսը համարում է «ընտիր եւ սրտագրավ ողբերգություն»: Իհարկե` «սրտագրավ», բայց «ընտիրը» չգիտենք: Ներկայացման բեմական արժեքի առումով նշանակալից է եղել այն, որ այդտեղ տասնութամյա Պետրոս Ադամյանը խաղացել է իր առաջին մեծ դերը` Վարդան:

Որպես քաղաքական ցույց մեծ տպավորություն է թողել վերջին` հավելյալ տեսարանը, որ պատճառ է դարձել Հեքիմյանի վարչությունն արգելելու: Ներկայացումից առաջ, թատրոնի մոտ հանդիսականներին տրվել է Նալբանդյանի լուսանկարը «Ազատություն» բանաստեղծության տեքստով: Ներկայացումն ավարտվել է Ավարայրի դաշտում Վարդանի մահով, եւ հանդիսատեսի «Կեցցե՜ Վարդան» բացականչությունների տակ նորից է բացվել վարագույրը…

Ձյունածածկ տափաստան, հողաթումբ: Շիրմից հառնել է Նալբանդյանի ոգին` ճերմակազգեստ մանկան տեսքով: Տասնմեկամյա Վիրգինիա Գարագաշյանը ջութակի, թե դաշնամուրի նվագակցությամբ (Տ. Չուխաճյանի երաժշտությամբ) արտասանել է «Ազատությունը»: 

Եւ մինչ ի մահ, կախաղան,
Մինչեւ անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
Անդադար` Ազատություն…

Այս էր վերջին իմաստավորված խոսքը հայրենասիրական-ռոմանտիկական թատրոնի:   

Հենրիկ Հովհաննիսյան, «Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար», Երեւան, 2010, էջ 292-95

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել