Մարդը միանշանակ ունի միայն մի բան` կյանք: Եթե մարդն իր կյանքի ընթացքում ոչնչի վրա վստահ լինել չի կարող, ապա կա մի բան, որում նա կարող է մշտապես համոզված լինել` մի լուսապայծառ կամ մռայլապատ օր նա մահանալու է: Ամեն անգամ, երբ ես լսում եմ որևէ մարդու մահվան մասին, ում ճանաչել եմ կամ ում մասին լսել եմ, շատ վատ զգացողություն եմ ունենում: Կարծես ամեն անգամ ևս համոզվելով այն բացահայտ ճշմարտության մեջ, որ մահն անխուսափելի է: Բոլորս էլ, սկսած այն պահից, երբ ճանաչում ենք արտաքին աշխարհը, գիտենք մահվան անխուսափելիության մասին, բայց արդյո՞ք մենք դա գիտակցում ենք: 

Եթե մեզնից յուրաքանչյուրին ասեին, որ նա հաջորդ տարի հենց այս օրը մահանալու է, եթե ոչ բոլորը, ապա գոնե ճնշող մեծամասնությունը կապրեր իր վերջին մի տարին լրիվ ուրիշ կերպ, քան եթե նա դրա մասին չզգուշացվեր: Հարց. «Մի՞թե մենք երբեք չենք ապրում հենց այնպես, ինչպես կուզեինք ապրել: Մի՞թե մենք մեր կյանքն ապրում ու անցկացնում ենք այն հետին մտքով, որ մահվանը դեռ շատ կա: Իսկ միգուցե մենք ուղղակի չե՞նք ուզում հավատալ, որ օրերից մի օր մահանալու ենք և միանալու «մեծամասնությանը»»:
Երբ իմ դիմացով ինչ-որ միջատ է քայլում, ինձ մոտ միշտ միևնույն միտքն է առաջ գալիս. մի՞թե նա չի հասկանում, որ ես հենց հիմա կարող եմ իր միակ արժեքավոր բանին, այն է` կյանքին վերջ տալ. մի՞թե նա դա չի գիտակցում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նա դա շատ լավ գիտակցում է, որովհետև այն պահին, երբ ես ֆիգուրատիվ կերպով մոտեցնում եմ կոշիկը, նա վայրկենապես տեղափոխվում է: Այստեղ արդեն ծագում է մեկ ուրիշ հարց. մի՞թե մինչ նա չտեսնի իր գլխավերևում կոշիկը, չի արժևորի իր կյանքը: Ճիշտ է, միջատների մոտ ամեն ինչ ուրիշ կերպ է, և միգուցե այդ պահին նրանց մոտ խոսում է ավելի շատ ենթագիտակցությունը, քան մահվանը մոտ գտնվելու գիտակցությունը, բայց ես, միևնույն է, նմանություն գտնում եմ միջատների ու մարդկանց մահվան հանդեպ վերաբերմունքի մեջ: Մենք փորձում ենք խուսափել և չընդունել մահվան փաստը ու մոռանում ենք արժևորել մեր կյանքը, վայելել ամեն վակրկյանը այնքան ժամանակ, քանի դեռ «կոշիկը չի մոտեցել»: 
Չնայած նրան, որ կյանքը մարդու ամենաարժեքավոր բանն է, այն չի տրվել մեզ նույն քանակությամբ, ինչը, թերևս, տիեզերքի մեծագույն անարդարություններից մեկն է: Մեկին այն տրվել է 5, իսկ մյուսին 95 տարով: Մենք չգիտենք, թե մեզ ինչքան են տրվել տարիներ... Տարիներ ընտրության` ինչպես ապրել մեր կարճ կամ երկար կյանքը: Այդ ընտրությունը մենք անում ենք ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե: Քանի որ հենց ժամերն ու օրերն են ստեղծում ամբողջ մի կյանք, որի ժամկետը, ցավոք, ծննդյան վկայականում չի տպվում:
Եվս մի հավելում այս ոչ այնքան հաճելի, բայց անխուսափելի թեմայի վերաբերյալ. մի նախադասություն, որը տեսել եմ մի անծանոթի գերեզմանաքարին, և կարծում եմ, որ արժանի է առանձնակի ուշադրության. «Մի զարմացեք, ով դուք, անցորդ, երբ կնայեք շիրիմիս: Մենք մշտական մեր տան մեջ ենք, իսկ դուք հյուր եք աշխարհին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել