Lragir.am-ը գրում է.

Տարօրինակ կլիներ, եթե արաբական հեղափոխություններից հետո Իրաքում խոշոր ռազմական հակամարտություն սարքելու մտադրություն չլիներ:

Իսրայելին իրապես դիմակայող երեք արաբական պետությունները՝ Իրաքը, Սիրիան եւ Եգիպտոսը, դուրս են բերվել շարքից, ընդ որում, զարգացել են սաուդյան-իսրայելական հարաբերությունները: Թուրքիայի պահվածքը մեծ հարված է հասցրել սուննի-իսրայելական դաշինքին, սակայն Թուրքիայի քաղաքականությունը գնալով ավելի ժամանակավոր բնույթ է ստանում, եւ աճում են սպասելիքները, որ գործը կհասնի արաբական աշխարհի գլխավոր խնդրին՝ Իրաքին, որը հետեւողականորեն շիա պետություն է դարձել:

ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական գործընկերները հիմնավոր շահագրգռված են Իրաքում կայունության եւ անվտանգության հաստատմամբ, քանի որ երկիրը եւ այժմ, եւ հեռանկարում դիտարկվում է որպես աշխարհիկ պետություն, որին պատկանում են խոշորագույն նավթային պաշարներ:

Իրաքն Արեւմտյան հանրության համար «մեծ նավթի» հաջող մատակարարման երաշխավորներից մեկն է, ինչը թույլ կտա ապահովել համաշխարհային էներգետիկ իրավիճակի մակրոկարգավորումը: Իրաքում շիա դոմինանտությունը ոչ միայն չի անհանգստացնում Արեւմուտքին, այլ ընդհակառակը, լիովին ձեռնտու է, քանի որ իշխող ուժեղ վարչակարգի փորձ ունեցող նման խոշոր շիա արաբական պետությունը սուննի արաբական պետություններից եւ Թուրքիայից ավելի անկախ եւ հեռու կմնա:

Բացի այդ, Արեւմուտքին նույնպես ձեռնտու է, որ նավթի զգալի մասի վերահսկողությունն անցնի քրդերի ձեռքը՝ որպես քաղաքական ու գեոտնտեսական դիվերսիֆիկացիայի միջոց: Միեւնույն ժամանակ, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի շահերն ակնհայտորեն հակասության մեջ են մտնում ԱՄՆ եւ Եվրոպայի շահերի հետ: Այսպես թե այնպես, Արեւմուտքի նկատմամբ չափից շատ պահանջներից հետո այդ դիրքորշմանը կհանգի նաեւ Թուրքիան, սա միայն ժամանակի հարց է:

Իրաքում գործնականում բոլոր համաշխարհային ուժային կենտրոնների շահերը համընկնում են, սակայն Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի համար գլխավոր սպառնալիքը շիա հավանական ստեղծվելիք պետությունն է Միջագետքում: Իսրայելի համար կարեւոր է Իրանի թուլացումը, իսկ սաուդցիների համար, դավանաբանական խնդիրներից բացի, կա նաեւ իրաքյան նավթի արտահանման ծավալների սահմանափակման խնդիրը: Թուրքիային էլ անհրաժեշտ է վերահսկել իրաքյան ռեսուրսները, ապրանքների ու ծառայությունների շուկան:

Տվյալ հանգամանքն այսպես թե այնպես արդեն հանգեցնում է Իրաքի եւ Իրանի միջեւ դաշինքի կազմավորմանը: Իհարկե, դժվար է ենթադրել, որ Իրաքի բնակչության 65 տոկոսը կազմող շիաները կրոնափոխ կդառնան, սակայն խնդիրը նախ առանց այդ էլ չձեւավորված իրաքյան պետության երկարատեւ կազմակերպումն էր, իսկ հետո նոր պետական իշխանությունում շիա դոմինանտության արգելումը:

Ամեն դեպքում, լուծվում է Իրան-իրաքյան դաշինքի զաքրգացումը թույլ չտալու խնդիրը, եւ հենց դրանում ԱՄՆ ինչ որ չափով կարող է հետաքրքրություն ցուցաբերել, թեեւ՝ ոչ երկար ժամանակով: Սակայն Իրաքին «կհասնեն» այն ժամանակ, երբ վերջ տրվի Սիրիայի ներկայիս իշխող ռեժիմին, ինչն ավելի ու ավելի անիրական է դառնում:

Ներկայում շիա բլոկին դիմակայող  պետությունները հասկանում են, որ Սիրիայում հանգուցալուծումից հետո շիա պետություններն ու համայնքները արմատական են դառնալու, հզոր հակակշիռ դառնալով Իսրայելին, Թուրքիային ու Սաուդյան Արաբիային:

Մոտ հեռանկարում շատ բան կախված է լինելու քրդական քաղաքական խմբերի եւ Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության, որպես Իրաքի շիաների հակակշիռ, «ադապտացիայի» ուղղությամբ Թուրքիայի ու Իսրայելի ջանքերի համակարգման կարողությունից:

Հենց Իրաքում շատ շուտով պարզ կդառնա՝ Մերձավոր Արեւելքից ԱՄՆ «հեռանալը» պատրանք էր ու թատրո՞ն, թե աշխարհքաղաքական դադար: ԱՄՆ կգերադասի տարածաշրջանը տեսնել առանց հստակ ձեւակերպված դաշինքների ու բլոկների, նույնիսկ իր ավանդական գործընկերների առումով: ԱՄՆ գերադասում է տարբեր գործընկերների, այդ թվում «նոր-հին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել