Հնարավո՞ր է հղիության ժամանակ բուժել ցիստիտը, թե՞ պետք է համբերելDoctor.am-ը գրում է.

Հղիության ընթացքում օրգանիզմում կատարվող լուրջ փոփոխությունների պատճառով կանանց մոտ կարող է առաջանալ միզուղիների վարակի մեծ հավանականություն. արգանդը չասփերով մեծանում է և դժվարացնում է մեզի արտահոսքը: "Ռիսկային շրջանը" սկսվում է վեցերորդ շաբաթից, գագաթնակետին է հասնում 22-24 շաբաթների մոտ և մինչև ծննդաբերություն չի անհետանում: 

Եթե միզուղիների վարակը չբուժվի, այն կհանգեցնի երիկամների վարակի, որը կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերություն և ծնվելու պահին երեխայի ցածր քաշ: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տասներորդ հղի կին հղիության ժամանակ առնչվում է ցիստիտի հետ: Առանց այդ էլ ցիստիտը կանանց մոտ ամենաշատը հանդիպող միզուղիների հիվանդությունն է, իսկ հղիության ընթացքում այն ձեռք բերելու հավանականությունն ավելի է մեծանում:

Անպայման ուշադրություն դարձրեք միզելու ժամանակ բոլոր անսովոր ախտանիշներին: Ցիստիտի ախտանշաններն են.

- միզելու ժամանակ սուր ցավ
- արյուն մեզի մեջ
- ջերմություն
- միզելու հաճախակի ցանկություն
- մեզի մուգ գույն

Եթե Ձեզ մոտ առկա է թեկուզ մեկ ախտանշան, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ ցիստիտը վարակային հիվանդություն է, իսկ յուրաքանչյուր վարակ վտանգավոր է պտղի համար:

Հղիների մոտ ցիստիտը բուժում են ավելի նուրբ միջոցներով: Որոշ դեղամիջոցներ, որոնք ցուցված են այլ կանանց, կարող են բացասաբար ազդել պտղի վրա, քանի որ, որպես կանոն, ցիստիտը բուժում են հակաբիոտիկներով, հզոր դեղամիջոցներով, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: 

Ուշադիր հետևե՛ք բժշկի  հրահանգներին, թույլ մի՛ տվեք ոչ մի "ինքնաբուժում": Բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան  արագ եք դիմել բժշկական օգնությանը: Իհարկե, ցիստիտը մեծամասամբ բուժվում է, սակայն Ձեր խնդիրն է անել այնպես, որ երեխան չվնասվի:

Ներկայումս գոյություն ունեն բժշկական մեթոդներ, որոնք թույլ են տալիս հղիներին լիովին ազատվել տհաճ և ցավոտ ախտանիշներից և պաշտպանել երեխային: Իսկ ծննդաբերությունից հետո կարելի է զբաղվել ցիստիտի լիարժեք բուժմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել