1in.am-ը գրում է.

Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը, որի նկատմամբ Իտալիայի Գերագույն դատարանը հաստատել է Mediaset ընկերության գործով մեղադրական դատավճիռը, մտադիր է դիմել երկրի նախագահին՝ իրենց առաջնորդին համաներում շնորհելու խնդրանքով: Բացի այդ, նախկին վարչապետի կողմնակիցները հայտարարել են, որ պատրաստ են վայր դնել մանդատները և դուրս գալ կառավարությունից՝ հաղորդում է Corriere della Sera թերթը:

Ինչպես նշում է պարբերականը՝ «Ազգային ազատություն» կուսակցության պատգամավորներն ու սենատորները արդեն դիմում են ներկայացրել Պատգամավորների պալատի և Սենատի խորհրդարանական խմբերում իրենց պաշտոններից հրաժարվելու մասին:

«Եթե մեր իդեալները ու մեր պատմությունը, որ կապված են մեր առաջնորդի պատմության հետ, պետք լինի պաշտպանել, ապա մենք բոլորս պատրաստ ենք հրաժարական տալ»,- ասել է կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆանոն: 

Իր հերթին, Բեռլուսկոնին, հանդիպելով կողմնակիցների հետ, հայտարարել է դատական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Հակառակ դեպքում իր կուսակցությունը կպնդի նոր ընտրությունների անցկացում:

Հիշեցնենք, որ Իտալիայի գերագույն դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Համաներման մասին գործող օրենքի համաձայն՝ երեք տարիները հանվել են նրա պատժից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել