«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Լոռու մարզի Վանաձորի բնակիչ Փնջիկ Թերոյանը դիմել էր «Առավոտին», հայտնելով, թե երկու տարի առաջ խարդախության զոհ է դարձել։

Մեկ տարի է, ինչ գործը քննվել է ոստիկանության բաժնում, իսկ հաղորդումն էլ, որ տվել է, հարևանին՝ Արեն Աղաջանյանին է առնչվում։

«Նա իմ հետ զրույցի ժամանակ շեշտում էր, որ ուր էլ դիմեմ, ոչինչ չեն անելու։ Քանի որ թիկունքում ոստիկանության Բազումի բաժնի պետն է կանգնած՝ Սարգիս Այվազյանը, և նախկին պետը»,– ասում է վանաձորցին։

Գործի վարույթը կարճվել է, և Փնջիկ Թերոյանը երկրորդ անգամ՝ հունիսի 1-ին դիմել է հաղորդմամբ՝ հանցագործության մասին։ Ըստ մեր զրուցակցի, Արենի կինը ճնշում է գործադրել վկաներից մեկի նկատմամբ, որպեսզի իր օգտին վկայություն չտա։

«Հունիսի 5-ին Արեն Աղաջանյանի կողմից ինձ սպառնալի տալու կապակցությամբ Վանաձորի ոստիկանությունում հաղորդում տվեցի։ Սա երրորդ սպառնալիքն էր Ա.Աղաջանյանի հարազատների կողմից։ Շուրջ երկու տարի է, իմ պայքարը անարդարության դեմ է։ Մտածում եմ, որ ինձ կփորձեն լռեցնել, ընդհուպ զրկելով կյանքից։ Ոստի խնդրում եմ պաշտպանել իմ անվտանգությունը»,– գրել էր Փ, Թերոյանը հայաստանյան մամուլի բոլոր միջոցներին, միջազգային կազմակերոր|ություններին։

Մեր հեռախոսազրույցի ժամանակ պարզվեց, որ Փնջիկ Թերոյանը երկար տարիներ զբաղվել է հագուստի վաճառքով։ Նրան դիմել է հարևանը՝ Արեն Աղաջանյանը, ասելով, թե մեքենա գնիր, թանկ գնով կվաճառենք, գումարը կվերադարձնեմ։ Փնջիկ Թերոյանը երկու մեքենա է գնում՝ 17000 և 5000 դոլարով։ Մեր զրուցակիցն ասում է, որ հարևանի հետ իրենց հարաբերություններն այնքան ջերմ էին, որ ինքը ստացական չի վերցնում, իսկ գումարը հանձնելիս ներկա է եղել ոստիկանության աշխատակից ներկայացած մեկը։

Մինչ օրս գումարը չի վերադարձվել, կինը հայտնվել է անօթևան վիճակում, ոստիկանությունն էլ ընթացք չի տալիս ոչ կնոջ բողոքներին, ոչ անգամ իրեն ֆիզիկական սպառնալիքներ տալու հաղորդումներին։

Փնջիկ Թերոյանն ասաց, որ դիմելու է ինքնասպանության, եթե իր բողոքներին, որոնք բարձրաձայնել է լրատվամիջոցներով, ընթացք չտրվի»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել