Այս օրերին մի շատ վտանգավոր թեզ է շրջանառվում. «ափսոսում եք կորցրած հողերի համար, իսկ հազարավոր զոհերի համար չե՞ք ափսոսում»: Տպավորություն են ուզում ստեղծել, թե հայրենասիրության կոչեր անողներն ու ազգային արժանապատվության ջատագովները ցավ չեն ապրում զոհերի համար: Այս թեզի տարածողների մեջ բավականին շատ են աղանդավորները, որոնց համար Հայրենիք ու հայրենասիրություն արժեքները վաղուց վերացած են: Հասկացե՛ք, որ Հայրենիքը մեր պատիվն ու արժանապատվությունն է: Զոհերի համար ոչ միայն ցավ ենք ապրում, մղկտում, այլև աղոթում ու մտածում, թե ինչքան շատ պիտի լռենք ու պայքարենք, որպեզի իրենց արժանի լինենք: Ես բազմիցս ասել եմ, որ մեր կյանքում հիմա միակ արժեքը մեր զինվորներն են, թե՛ զոհված, թե՛ վիրավոր, թե՛ գերության մեջ գտնվող ու անհայտ կորած և թե՛ այս պահին ծառայող: Իրենք են մեր արժանապատվությունն ու վաղվա ԱԶԱՏ Հայաստանի գրավականը: Մի՛ փորձեք զինվորի անունը շահարկել: Մենք աղքատացել ենք, ոտներիս տակ Հայրենիք չենք զգում, գոնե զինվորին հանգիստ թողե՛ք: Ես զարմանում եմ, որ մեր երկրում դեռ մարդիկ խոսում են ու արդարանում…լռե՛ք խնդրում եմ ու լուռ ամաչեք, ցավ ապրեք, սգացեք, պայքարեք, բայց լուռ…Միակ մարդիկ ովքեր իրավունք ունեն այսօր խոսելու մեր նահատակներն են, բայց իրենք էլ խոսելու փոխարեն Հայրենիքն են ամուր գրկել, քանի որ ապրողներիս էլ չեն վստահում: Իսկ մենք ուզում ենք իրենց այդ մի բուռ հայրենիքն էլ իրենցից խլել: Խնդրում եմ, եթե չեք կարող Հայրենիք պահել, եթե ձեզ համար Հայրենիքն ընդամենը հողակտոր է, ապրեք այդպես անհայրենիք, բայց գոնե նահատակ մեր զինվորներից իրե՛նց Հայրենիքը մի՛ խլեք: Իրենք արժանի են Հայրենիք ունենալուն, իսկ մենք դեռ պիտի հասկանանք̀ արժանի՞ ենք, թե ոչ: Այս հարցը կարևոր է, քանի որ առանց Հայրենիքի զինվորների համար արված մեր աղոթքն էլ անիմաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել