Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լվացող և մաքրող միջոցներ գնելիս պարտադիր պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը, քանի որ վերջիններիս մեջ կարող են մտնել ֆոսֆատ, մակերևութային ակտիվ նյութեր, նատրիում, որոնց շփումը մեր ձեռքերի հետ և ներթափանցումը մեր օրգանիզմ կարող են բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ:  
Մեր օրգանիզմի վրա մաքրող և լվացող միջոցների բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով մաքրությամբ զբազվելիս անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների: Եվ այսպես՝
Կանոն 1. Մաքրություն անելիս անհրաժեշտ է անպայման կրել ձեռնոցներ, որպեսզի այդ թունավոր նյութերը չշփվեն մեր մաշկի հետ:
Կանոն 2. Առնվազն 15 վայրկյան հոսող ջրով պարզաջրել սպասքը, հագուստը, կամ այն, ինչ լավանում եք:
Կանոն 3. Երբեք չօգտագործել լվացող միջոցի նախատեսվածից մեծ չափաբաժին, ասենք` շատ փրփուր ստանալու նպատակով:
Այս կանոններին հետևելը պարտադիր է, եթե իհարկե որոշել եք օգտագործել արդեն պատրաստի և խանութից գնված լվացող և մաքրող միջոց: Բայց մենք կառաջարկենք ավելի լավ, մատչելի և, որ ամենակարևորն է, անվտանգ եղանակ: Եկեք տնային պայմաններում պատրաստենք լվացող միջոց սպասքի համար: Ստորև ներկայացվում է բաղադրատոմսը՝
Գոլ ջուր՝ 0.5 լ
Սովորական սպիրտ՝ 4 ճաշի գդալ
Գլիցերին՝ 25 մլ
Կալենդուլայի ոգեթուրմ՝ 1 ճաշի գդալ
Սև օճառ՝ 1 հատ
Օճառը, անցկացնելով քերիչի միջով, լցնում ենք տաք ջրի մեջ, հարում այնքան, որ ստացվի համասեռ զանգված, ավելացնում ենք սպիրտը, կալենդուլայի ոգեթուրմը և գլիցերինը և շարունակում հարել: Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր իսկ կողմից պատրաստված անվտանգ լվանալու միջոցը ունենա նաև հաճելի հոտ, կարող եք ավելացնել նաև մի փոքր ծաղկափոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել