Ինչպես շատ քաղաքագետներ ու մեկնաբաններ են ասում, այս ամառը մեր անկախության շրջանում բացառիկ էր նրանով, որ այս տարի և հենց այս ամիսներին այնքան զարգացումներ եղան, որոնք երբևիցե չէին եղել: Այս ամենի հետ նաև առաջ է քաշվում այն տեսակետը, թե իբր Հայաստանում քաղաքական դաշտը լճացել է, և քաղաքական ուժերը էլ չեն կարողանում տիրապետել իրավիճակին, և վկայակոչում են վերջին ակցիաները, որոնք, ըստ նույն տեսակետի հեղինակների, ապաքաղաքական են, քանի որ չունեն կուսակցական կազմակերպիչներ և չունեն քաղաքական նպատակ: Հետաքրքրականն այն է, որ այս թեզը առաջ է քաշվել դեռևս նախորդ տարվանից, և սկիզբը դրվել է «Մաշտոցի պուրակի» նախաձեռնության գնահատականներից: Այս տեսակետը հասարակության մեջ սերմանվում է ամեն օր՝ օր օրի աճող ԶԼՄ-ների միջոցով, որոնք թեև բոլորը չէ, որ ունեն մեծ լսարան, սակայն ամեն մեկը մի քիչ-մի քիչ սկզբունքով այդ ագիտացիան իրականացնում են:

Իսկ ի՞նչ է նշանակում` քաղաքական ուժերը չեն տիրապետում իրավիճակին: Դա այն է, որ մեր երկրում լինելով բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց իսկ երկրում կամ դրա սահմաններից դուրս կատարվող իրադարձություններին, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են իրենց, չեն արձագանքում, չեն տալիս քաղաքական գնահատական և նույն տրամաբանությամբ՝ չեն առաջարկում նաև լուծումներ, ելք՝ ստեղծված իրավիճակից: Մեր երկրում այս մասով գրեթե ամեն ինչ «կարգին» է: Քաղաքական ուժերը հաշվարկներով են արձագանքում կատարվող իրադարձություններին՝ ելնելով իրենց շահերից (սա կարելի է տրամաբանական համարել): Սակայն անտրամաբանականն այն է, որ  քաղաքական ուժերը չեն արձագանքում այն իրադարձություններին, որոնք կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուր քաղաքացու համար, որն էլ նույն օրինաչափությամբ կենսական է պետության համար: Սրանից է ծնվում այն թեզը, թե քաղաքական ուժերը կորցրել են իրենց իսկական անվանումը:

Բայցևայնպես, իմ խորին համոզմամբ` սա բացարձակապես չի էլ նշանակում, որ քաղաքական համակարգը մահացել է: Քաղաքական համակարգը միայն ու միայն չի սկսվում և ավարտվում կուսակցություններով: Քաղաքական համակարգը նաև չի սկսվում և ավարտվում քաղաքացիական հասարակության ակտիվ կամ պասիվ գործունեությամբ: Այս երկուսը միասին  մի ամբողջություն են, որի անխափան գործման պարագայում պետության շարժիչը կգործի: Սակայն, եթե մի օղակ ժանգոտվում է կամ քայքայվում է, ապա շարժիչի աշխատանքը կաթվածահար է լինում:
Ուստի սա նշանակում է, որ միայն քաղաքացիական հասարակության ակտիվ, բուռն և բազմաբովանդակ գործունեութունը դեռ քիչ է, որ կարողանա կենսունակ քաղաքական համակարգ ունենալ և ձգտել ժողովրդավարության:

Իսկ ինչո՞ւ է այս թեզը («քաղաքական կուսակցությունները մահացել են») առաջ քաշվել հիմա և ի՞նչ նպատակ է հետապնդում:
Այս թեզը շրջանառության է դրվել, ինչպես վերը նշեցի, նախորդ տարվանից և մեր քաղաքական իրականության համար բոլորովին նորություն էր, և սա է այն պատճառներից մեկը, որ դեռ արդյունավետ ադապտացվում է: Քանի որ հասարակության համար սա խորթ իրավիճակ է և դեռ համապատասխան վերլուծությունների պետք է արժանանա ու ստանա իր գնահատականը: Այս թեզը դրվել է շրջանառության, ըստ էության, այն բանի համար, որ հասարակության մեջ սերմանվի այն, որ պետությունում ռեֆորմներ կարելի է իրականացնել ոչ միայն քաղաքական ուժերի միջոցով, այլ նաև հասարակական նախաձեռնություններով: Սրան պետք է հաջորդի նաև այն, որ «իսկ ինչո՞ւ ներգրավվել քաղաքական ուժերի կազմում, եթե կարելի է լինել անկուսակցական և ակտիվ հասարակական գործունեություն ծավալել»: Քավ լիցի, սա ամենևին էլ չի  նշանակում, որ չպետք է ներգրավվել հասարակական ակտիվ սեկտորում կամ պետք չէ ակցիաների մասնակցել: Բնավ չէ, դա չի նշանակում:

Թեզի շրջանառության մեջ դնելու ժամանակահատվածն ամենաարդյունավետն է, քանի որ ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ օր օրի խորանում է սոցիալական վատ վիճակը, որը կարող է ծնել անցանկալի հետևանքեր: Նունիսկ հեղափոխություն: Ամենանպաստավոր ժամանակն է նրա համար, որ թեզի տարածումն ու ներգործությունը կարող է հասարակական գիտակցության մեջ փոփոխություն մտցնել, որը կտա իր «ցանկալի» արդյունքը:
Ըստ ամենայնի, այս գաղափարի հեղինակների միակ նպատակն այն է, որ երբևիցե չիրականանա ձնագնդի էֆեկտը: Ըստ իս` սա է այն առանցքային  նպատակն ու գործողությունների պլանը, որը անցանկալի հետևանքների է հանգեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել