
Շատ մարդիկ «Հին աշխարհ» արտահայտությունը լսելիս միանգամից պատկերացնում են Հին Հունաստանը, Հռոմը, Եգիպտոսը, Պարսկաստանը, Միջագետքը, Չինաստանը և այլ մեծ տերություններ: Շատերն են տեղյակ, որ օրինակ` Հին Հունաստանում են ծնունդ առել արևմտյան փիլիսոփայությունը, թատրոնը, ժողովրդավարությունը, օլիմպիական խաղերը և այլն: Եվ կամ Չինաստանում են հայտնագործել թուղթը և վառոդը, իսկ Հռոմը ժամանակին ամենահզոր ու մեծ կայսրությունն է եղել:
Սակայն շատ այլ հետաքրքիր փաստեր էլ գոյություն ունեն Հին աշխարհի մասին, որոնք այսօր մեծ դեր ունեն, այնինչ մարդկանց կողմից դրանք արհամարհվում են:
Ձեզ ենք ներկայացնում այդպիսի 9 հետաքրքիր փաստ:
9. Ֆետա պանիրն աշխարհի ամենահին պանիրն է:
Ֆետա պանիրը, որը պատրաստվում է ոչխարի և այծի կաթից, հունական ազգային պանրի տեսակ է և այժմ աշխարհում տարածված ու հայտնի ուտեստ: Սակայն շատերը տեղյակ չեն, որ այս պանիրը աշխարհի ամենահին պանիրն է, և սրա մասին հիշատակումներ են եղել նույնիսկ տարբեր հին հունական աղբյուրներում, ինչպես օրինակ «Ոդիսականում»:
8. Կելտերը բարբարոսներ չեն եղել:
Հունահռոմեական գրողները և պատմաբանները սովորաբար նկարագրում են կելտերին` որպես ոչ քաղաքակիրթ բարբարոսների: Բազմաթիվ պատմական աղբյուրներում նշվում է կելտերի մարդկային և կենդանական զոհաբերությունների մասին: Սակայն Հին Հռոմում և Հունաստանում նույնպես եղել են կենդանական զոհաբերություններ, երբեմն նաև մարդկային կյանքեր են ձոնել իրենց աստվածներին, նույնիսկ մինչև կելտերի զոհաբերությունները:
Օրինակ` հայտնի է, որ Ագամեմնոն թագավորը իր սեփական դստերը` Իֆիգենային, զոհաբերել է:
Հին Հունաստանում հաճախ էին կազմակերպում մարտական խաղեր, որտեղ մարդիկ պետք է կռվեին միմյանց հետ մինչև մահ, միայն հանդիսատեսի հաճույքի համար: Հայտնի է նաև, որ Հռոմում բանտարկյալները պետք է կռվեին միմյանց դեմ կամ կատաղի կենդանիների հետ արենայի մեջ` բազմաթիվ մարդկանց աչքի առաջ: Այնպես որ, ովքե՞ր են հույներն ու հռոմեացիները, որ քար նետեն կելտերի վրա բարբարոսության համար:
Պարզվում է, որ կելտական զոհաբերությունները շատ ավելի մեղմ էին, քան հռոմեացիների կողմից կազմակերպված արյունահեղությունները:
7. Առաջին սեյսմոգրաֆը հայտնագործվել է Հին Չինաստանում:
Շատ մարդկիկ ենթադրում են, որ սեյսմոգրաֆը արևմտյան աշխարհում է հայտնագործվել, սակայն իրականում մ.թ. 130թ.-ին այն հայտնագործվել է Չինաստանում Զանգ Հենգ անունով աստղագետ և գրող-գիտնականի կողմից: Այս գործիքը կարողանում էր հայտնաբերել երկրաշարժի ընդհանուր տեղանքը: Այնպես որ, Զանգ Հենգը ժամանակակից սեյսմոգրաֆի նախատիպի հայտնագործողն է, սակայն նրա գործն այնքան էլ հայտնի չէ ու չի կարևորվում մեր օրերում:
6. Կապուչինոն իր անունը ստացել է հռոմեական գետնադամբարաններից
Հռոմի Կապուչինի գետնադամբարանը (Capuchin Crypt), որը գտնվում է Սանտա Մարիա դելա Կոնսեսիոնե դեյ Կապուչինի եկեղեցու տակ, բաղկացած է 5 կապելլաներից և 60մ երկարությամբ միջանցքից, որոնք ամբողջությամբ պատված են 4000 մահացած հոգևորականների ոսկորներով: Կաթոլիկ եկեղեցին նշում է, որ ոսկորներով արված դեկորացիաներն ու դրանց ցուցադրությունը մեր անցողիկ մահվան լուռ հիշեցումն է:
Կապուչինո սուրճն իր անունը ստացել է այս հոգևորականների անունից, ովքեր կապուչիո կամ կնգուղ էին կրում իրենց գլխին:
5. Հնդկաստանը Արևմուտքի հետ հին կապեր ունի
Չնայած շատերի պատկերացումներին` Հնդկաստանն Արևմուտքի աշխարհի և մշակույթի հետ կապ է հաստատել նախքան Մեծ Բրիտանիայի կամ այլ գաղութային տերությունների այնտեղ հայտնվելը: Ալեքսանդր Մակեդոնացին առաջինն էր, ով կարևոր դեր խաղաց Հնդկաստանը Արևմուտքին ներկայացնելու գործում, մանավանդ հունական մշակույթին ու քաղաքակրթությանը: Նրա մահից հետո այդ կապը, սակայն, չվերականգնվեց մինչև պորտուգալացի հետազոտող Վասկո դե Գամմայի` 1498թ.-ին Կալիկուտ` Հնդկաստան հասնելը:
4. Կենաց բարձրացնելու սովորությունը եկել է Հին Հունաստանից
Երբ մենք որևէ առիթով կենաց ենք ասում, երբևէ չենք էլ մտածում, թե որտեղից է սկսվել այս սովորությունը և կամ ինչպես: Պարզվում է, որ Հին Հունաստանում ընթրիքի ժամանակ մատուցված գինու առաջին կումն անում էր հյուրընկալողը` որպես ապացույց այն բանի, որ գինին թունավորված չէ, այստեղից էլ առողջության կենացը խմելու սովորությունն է սկիզբ առել:
Իսկ Հռոմում սրա հետ մեկտեղ նաև մեկ այլ սովորություն կար. հռոմեացիները հացի փոքրիկ կտորներ էին գցում գինու գավաթների մեջ` դրա դառնության կամ թթվության համը մեղմելու համար:
Այսպիսով, չնայած այսօր մենք ուրախության համար ենք կենաց բարձրացնում, սակայն Հին աշխարհում այն կյանքի ու մահվան հարց է եղել:
3. Կատակերգության և ողբերգության ծագումը
Շատերն են տեղյակ, որ կատակերգություններն ու ողբերգությունները սկիզբ են առել Հունաստանում, սակայն քչերը գիտեն, թե ինչպես են այս արտահայտությունները ծագել: Այսպես, «տրագեդիա» հուներենից թարգմանաբար նշանակում է «այծի երգ», քանի որ հունական վաղ տրագեդիաները նվիրվում էին Դիոնիսոսին, և դերասանները այծի մորթի էին հագնում բեմադրության ժամանակ:
Տրագեդիաները (ողբերգություն) վսեմ պատմություններ էին աստվածների, թագավորների և հերոսների մասին: Իսկ կոմեդիաները (կատակերգություն) ցածր դասի մարդկանց կերպարների և նրանց զվարթ արարքների մասին էին:
2. Մեծ առևտրական կենտրոնները հայտնագործվել են Հռոմում
Առաջին առևտրական մեծ կետրոնը կառուցել է Հռոմի Տրոյան կայսրը: Այն բաղկացած էր ավելի քան 150 մուտքերից և այնտեղ վաճառվում էր ամեն ինչ` սկսած ուտելիքից և խմիչքից, մինչև հագուստեղեն և համեմունքներ: Այն նաև հայտնի էր որպես Տրայանի շուկա և փաստորեն համարվում էր աշխարհի ամենաառաջին «մոդեռնիզացված» շուկան:
1.Միջագետքում ապրող մարդիկ առաջինն էին, որ սկսեցին հավաքչությամբ զբաղվել
Մեսոպոտամիայի` Միջագետքի (ժամանակակից Իրաքի տարածքը) անունը ծագում է հունարենից, որը նշանակում է «երկու գետերի միջև ընկած երկիր»: Այն համարվում է քաղաքակրթության օրրանը: Տեխնոլոգիայի զարգացման մեջ կարևոր ավանդ են ունեցել այդ տարածքում ապրող շումերները` կարողանալով վերահսկել Տիգրիս և Եփրատ գետերի հոսքը: Նրանք կարողացան ամբարտակներ կառուցել, որի շնորհիվ գետերի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով պատահող ջրհեղեղները այլևս նրանց ցանքի համար վտանգ չէին ներկայացնում: Սա հիմք դրեց առաջին քաղաքակրթությանը, քանի որ նրանք այլևս ստիպված չէին քոչվոր կյանքով ապրել և տարածքից հեռանալ: